EN
>

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ

Սույն թվականի հոկտեմբեր ամսին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն իր Տրանս ԼԳԲԻՔ+ ապահով տարածքում իրականացրեց մի քանի միջոցառումներ, որոնք ուղղված էին ռազմական և համաճարակային պայմաններում Տրանսգենդեր ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց կարիքներին, նրանց իրազեկվածության բարձրացմանը և կրթությանը, մյուս կողմից համայնքային անվտանգությանն ու ինքնապաշտպանությանը։

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն հոկտեմբերի 15-ին և 23-ին իրականացրեց իրավաբանական խորհրդատվություններ, որոնց ժամանակ կազմակերպության փաստաբանը տրամադրեց իրավաբանական խորհրդատվություն մի շարք սեքս աշխատող և Տրանսգենդեր ԼԳԲԻՔ+ անձանց։ Խորհրդատվությունների ընթացքում փաստաբանի հետ քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են անվանափոխության, սեռափոխության իրավական կարգավորումները ՀՀ-ում, տրանս անձանց նկատմամբ խտրականության դեպքերի փաստագրումը և լուծման ուղիները, և այլն։

Հոկտեմբերի 9-ին կազմակերպության Տրանս ԼԳԲԻՔ+ ապահով տարածքում ավելի քան 15 Տրանսգենդեր ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող և համախոհ անձանց մասնակցությամբ իրականացվեց քննարկում «Ինքնապաշտպանություն և անվտանգություն» թեմայի շուրջ, որի ժամանակ կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը խոսեց Տրանսգենդեր ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց ուղղված ատելության կոչերի, ներքին և արտաքին անվտանգության մասին։ Հորդորեց սոցիալական մեդիա հարթակներում լինել առավելագույնս զգայուն, պահպանել էթիկայի  և թվային անվտանգության կանոնները և  զերծ մնալ ատելություն սերմանող ցանկացած գրառումներից։ Լիլիթ Մարտիրոսյանն անդրադարձավ նաև Հյաստանում մարդու իրավունքների իրավիճակին։ Մասնակիցներից յուրաքանչյուրը խոսեց իր փորձից և օրինակներ ներկայացրեց մեդիա ոլորտում իրեն հանդիպած ատելության կոչերի կամ խտրականություն պարունակող հրապարակումների մասին։

Հաջորդ հանդիպումը հոկտեմբերի 22-ին էր՝ «Առաջին բուժօգնություն» թեմայի շուրջ։ Հանդիպումը վարում էր կազմակերպության ադմինիստրատիվ և պլանավորման օգնական Հենրի Գալստյանը, որը մասնակիցների հետ քննարկում ծավալեց կոտրվածքների, արհեստական շնչառության և շնչուղիների խցանման, սրտի աշխատանքի վերականգնման, սննդային թունավորումների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և այրվածնքների մասին։ Հանդիպման ընթացքում վերոնշյալի մասին ներկայացվեց համապարփակ տեղեկատվություն և հոլովակներ, որոնք օգնեցին մասնակիցների շրջանում ամրապնդել առաջին բուժօգնության վերաբերյալ գիտելիքները։

Իսկ արդեն ամսվա վերջին հանդիպման ընթացքում իրականացվեց ֆիլմի դիտում Տրանսգենդեր ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց մասնակցությամբ։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան կազմակերպության Տրանս ԼԳԲԻՔ+ ապահով տարածքում մասնակիցները դիտեցին «Լոլա» ֆիլմը, որը պատմում է տրանսգենդեր կնոջ և իր կյանքի դժվարությունների մասին։

Հիշեցնենք, որ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն ամեն երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ 15։00-ին, տրամադրում է իրավաբանական խորհրդատվություններ բոլոր Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց։ Կազմակերպության համայնքային կենտրոնում իրականացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են համայնքի հզորացմանն ու հատկապես այս բարդ ժամանակահատվածում պատերազմի հետևանքների մեղմացմանը։

Նոյեմբերի 3, 2020 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին