EN
>

ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԿԱՉ 2020» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՈՒՄ Է

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը պատիվ ունի հայտնել, որ կազմակերպության հիմնադիր-նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը նոմինացվել է «Մարդու իրավունքների կակաչ 2020» մրցանակաբաշխության համար: «Մարդու իրացվունքների կակաչ»-ը Նեդեռլանդների կառավարության կողմից հիմնադրած ամենամյա մրցանակաբաշխություն է՝ ուղղված աշխարհում մարդու իրավունքները խաղաղ և նորարարական կերպով տարածող և մարդու իրավունքների ու հավասարության համար պայքարող անհատներին և կազմակերպություններին:

Մեծ ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մարտին և հունիսին կայացած թեկնածուների առաջադրման երկու փուլերից հետո թեկնածուների ընդհանուր քանակից ամբողջ աշխարհից ընտրվեցին 100-ը՝ 47 անհատ (26 կին և 21 տղամարդ) և 53 կազմակերպություն: Ավելին՝ խորհրդակցությունների մի քանի փուլից հետո մարդու իրավունքների փորձագետներից կազմված անկախ ժյուրին նոմինացված 100 թեկնածուներից առանձնացրեց լավագույն 13-ին, ապա 3-ին։ Հպարտությամբ ենք նշում, որ լավագույն 3 թեկնածուներից մեկն էլ Լիլիթ Մարտիրոսյանն է։

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ, «Մարդու իրավուքնների կակաչ 2020» մրցանակաբաշխության արարողության ժամանակ կընտրի հաղթող թեկնածուին։

Սա մեծ պատիվ է մեզ համար, քանի որ կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը խիզախորեն պատասխանատվություն է վերցրել իր վրա խոսելու տրանսգենդեր անձանց իրավունքներից։ Նա բազմիցս է բարձրաձայնել ժողովրդավար Հայաստանի մասին, որտեղ հարգված կլինեն բազմազանությունն ու բազմակարծությունը, մարդու իրավունքներն ու հավասարությունը։ Լիլիթ Մարտիրոսյանը, հիմք դնելով Հայաստանում տրանս անձանց բարօրության ու բարեկեցության համար պայքարին, շատ անգամներ բարձրաձայնել է տրանս անձանց իրավունքների, հավասարության, բարօրության մասին։ Նա լավագույն օրինակ է, ով պայքարում է տրանս անձանց իրավահավասարության համար և իրավախախտումների դեմ։ Սա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված Լիլիթի լավագույն ձեռքբերումներից մեկն է և նոր քայլ՝ հավասարությանը հասնելու ճանապարհին։

Ինչպես Լիլիթն է նշում՝ «Ես գիտեմ, թե ինչի համար եմ ծնվել, գիտեմ ինչու եմ այստեղ և ինչու է ճանապարհս այդքան փշոտ: Իմ հիմնական նպատակն է ոգեշնչել տրանսգենդեր անձանց ու փարատել իմ համայնքի ցավը: Ես առանց խիզախության, գթասրտության և հույսի երբեք չէի կարողանա պայքարել տրանս անձանց իրավահավասարության համար։ Բոլորս այս աշխարհում մի առաքելություն ունենք, իսկ իմ առաքելությունն է օգնել մարդկանց, հասնել տրանսգենդեր անձանց արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի կերտմանը, աջակցել տրանս անձանց պայքարելու իրենց նկատմամաբ բռնությունների դեմ»։

Սա մեծ պատիվ է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ողջ թիմի և տրանսգենդեր համայնքի համար, քանի որ միջազգային հարթակներում ևս մեկ անգամ բարձրաձայնվում է Հայաստանում տրանս անձնանց իրավունքների և հավասարության համար Լիլիթ Մարտիրոսյանի պայքարի մասին։ Մենք մեծ հույս ունենք, որ ապագայում ունենալու ենք հզոր տրանս համայնք, որն առանց խոչընդոտների ազատորեն կարողանալու է խոսել տրանս, ինչպես նաև ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց իրավունքների ու բարեկեցության մասին։

Նոյեմբերի 9, 2020 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին