EN
>

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՇԱՐՔ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

Տրանսգենդեր անձանց հիշատակի օրվան ընդառաջ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան Հկ-ն Տրանսգենդեր անձանց հետ հարցազրույցների շարք իրականացնելիս այս անգամ զրուցեց Միլա Բենքսի հետ, որը Երևան է տեղափոխվել ապրելու իր Տրանս ընկերոջ հետ։ Երևան տեղափոխվելու պատճառներից մեկն էլ խտրականությունից խուսափելն է։

Այն հարցին, թե արդյոք իր նկատմամբ բռնություններ եղել են իր կյանքի ընթացքում, Միլան պատասխանում է, որ չեն եղել այնպիսի բռնություններ, որոնց ինքը կարևորություն է տալիս, «հակառակ դեպքում եղել են հատուկենտ իրավիճակներ, որոնք առանձնապես ուշադրության կարիք չունեն», -պատասխանում է նա։

Ընտանիքի մասին խոսելիս Միլան նշում է․ «Ինչ վերաբերում է ընտանիքիս անդամներին, նրանցից ոչ մեկը ոչ մի տեսակ բռնության ինձ չի ենթարկել, նրանք ինձ հարգում են, մենք լավ հարաբերություններ ունենք։ Մենք գիտակցում ենք, որ մարդիկ տարբեր են», – իր խոսքն ավարտում է՝ հավելելով, որ չնայած այս ամենին, նա առանձին է բնակվում, իսկ նրա ընտանիքը լրիվ հասկանում է այդ հանգամանքը։

-Սակայն ականատես եմ եղել բռնությունների սենյակակցիս նկատմամբ։ Հիշում եմ, որ սեքս աշխատանքի ընթացքում հերթական անգամ զանգահարեց մի հաճախորդ, որի հետ պայմանավորվեցին հանդիպել։ Երբ հաճախորդը եկավ, պարզվեց նրա ընտանիքի անդամներից մեկն էր, որը սակայն մենակ չէր եկել։ Փորձեցին նրան ծեծի ենթարկել։ Ոստիկանություն կանչեցինք։ Ոստիկանները եկան, հանդարտեցրին իրավիճակն ու հեռացան։ Ես պնդում էի, որ ընկերս հաղորդում ներկայացնի դեպքի առթիվ, սակայն երկուսս էլ լավ գիտեինք, որ գործը կարճելու են։

Խոսելով մեկ այլ բռնության մասին՝ Միլան մի քանի րոպե դադար է տալիս, կարծես վերապրում է ամեն ինչ։

-Հաճախորդներից մեկը գողացել էր ընկերուհուս անձնագիրը, որի հետ միասին էինք ապրում։ Պատկերացնում եք, գալիս են որպես հաճախորդ, հափշտակում ինչ-որ բաներ ու հեռանում։ Մենք դիմեցինք տարածքային անձնագրային վարչություն և վերականգնեցինք անձնագիրը։ Չեմ նշի, թե որ տարածքային վարչությունն էր, բայց ուզում եմ ասել, որ մեր նկատմամաբ անձնագրային վարչությունում բարյացկամ էին ու աջակցող։ Առանց որևէ խնդրի, հավուր պատշաճի իրականացրին անձնագիրը վերականգնելու գործընթացը։ 

Միլան չմոռացավ խոսել իր դժվարությունների մասին, որոնք չնայած ուղղակիորեն իր նկատմամբ դրսևորված բռնություններ չեն, սակայն, ընդհանուր առմամաբ պահպանողականության ու խտրականության հետևանքներ են։

-Կորոնավիրուսային համաճարակի տարածման ու արտակարգ դրության ընթացքում ես այլ աշխատանք չունեի ու սեքս աշխատանքով էի զբաղվում։ Բայց պարտադիր կարանտինը վատթարացրեց բոլորի աշխատանքը, հետևաբար նաև իմը։ Հաճախորդներիս քանակը նվազեց, և օրեր շարունակ ոչ մի հաճախորդ չէի ունենում ու քանի որ վարձակալությամբ էի բնակարանը վերցրել, ուստի ստիպված եղա վարկ վերցնել բնակարանի ամսավճարը տալու համար։ Մինչ օրս վարկի գումարն եմ մարում։ Կուզենայի նշել, որ այդ բարդ իրավիճակում ինձ աջակցեց «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով։ Եթե չաջակցեին, միգուցե երկրորդ վարկը ստիպված կլինեի վերցնել։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, կորոնավիրուսային համաճարակի ընթացքում աշխատելով մի շարք Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց հետ, արձանագրել է հարյուրավոր դեպքեր, երբ հատկապես Տրանսգենդեր սեքս աշխատող անձինք են տուժել՝ կորցնելով աշխատանքը և չկարողանալով ապահովել իրենց կյանքի մինիմալ պայմանները։ Կազմակերպությունը, ակտիվ աշխատելով համաճարակի օրերին, սոցիալական, մարդասիրական և ֆինանսական աջակցություն է տրամադրել հարյուրավոր Տրանս սեքս աշխատող անձանց։

Հարցազրույցը խմբագրված է։

Նոյեմբերի 2020 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին