EN
>

ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2022 թվականի հուլիսի 31-ին «Իրավունքի կողմ» ԻՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հաղորդում էր տվել այն մասին, որ ոմն Վահե Եղիազարյան «YouTube» սոցիալական ցանցում հրապարակայնորեն բռնության կոչեր և սպանության սպառնալիքներ էր հնչեցրել տրանս անձանց հասցեին։ Դրանից առաջ, այդ անձը նաև ուղիղ եթերում ծեծի էր ենթարկել տրանսգենդեր Ա․Ն․-ին։

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) և ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ընթանում է նախաքննություն:

Սեպտեմբեր 16, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին