EN
>

ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ը ՏՐԱՆՍ ԱՆՁԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Նոյեմբերի 20-ը տրանսֆոբիային և հոմոֆոբիային զոհ դարձած տրանս անձանց հիշատակի միջազգային օրն է. այս օրը մենք՝ տրանս անձանց իրավունքների համար պայքարող ակտիվիստներս, փորձում ենք հասարակության ուշադրությունը հրավիրել համայնքի անդամների նկատմամբ խտրականության, բռնության, ատելության խոսքի, անարդարության վրա:

Ի տարբերություն շատ այլ երկրների, Հայաստանը չունի առանձին վիճակագրական տվյալներ տրանս անձանց նկատմամբ ատելության խոսքի, ատելության հիմքով հանցագործությունների և խտրականության դեպքերի վերաբերյալ և հատուկ միջոցներ չի ձեռնարկում դրանց լուծման համար։ Ցավոք, ՀՀ իրավապահ մարմինները տեղեկություններ չեն հավաքում տրանսֆոբիայի շարժառիթով կատարված հանցագործությունների մասին, որը կնպաստեր համայնքի անդամների անվտանգությանն ու բարեկեցությանը: Ուստի մենք՝ որպես համայնքահեն կազմակերպություն, 2016 թվականից սկսած հավաքագրում ենք տրանս անձանց նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունների, բռնության և խտրականության դեպքերը՝ դրանց մասին բարձրաձայնելով ազգային և միջազգային հարթակներում՝ հույս ունենալով, որ Հայաստանը կստանձնի տրանս անձանց պաշտպանելու և նրանց համար ապահով միջավայր ու կենսապայմաններ ստեղծելու իր պարտավորությունը։

Հարկ է նշել, որ վերջին ամիսների ընթացքում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն աշխատում է արտակարգ իրավիճակում՝ փորձելով արձագանքել տրանսգենդեեր անձանց նկատմամբ բռնության, խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների կտրուկ աճին, անելով հնարավոր ամեն ինչ տրանս համայնքի անվտանգությունն ու բարօրությունն ապահովելու համար:

2022 թվականի հունվարից նեյեմբերն ընկած ժամանակհատվածում մենք հավաքագրել ենք տրանսգենդեր անձանց հանդեպ կատարված ատելության հիմքով հանցագործությունների 94 դեպք, այդ թվում՝ ֆիզիկական և հոգեբանական բռնություն, գույքի ոչնչացում, բռնաբարություն, շորթում, կողոպուտ, անձնական տվյալների հրապարակում և առևանգում. դեպքեը կատարվել են ինչպես տրանսգենդեր անձանց ընտանիքի անդամների, (գործ)ընկերների, այնպես էլ հանրային պաշտոնյաների կողմից:

2022 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից ընդհանուր առմամբ վարվում է թվով 21 գործ. գործերից 2-ը գտնվում են ՄԻԵԴ-ում, 5-ը՝ դատական, իսկ 14-ը՝ նախաքննության փուլերում։

Հաշվի առնելով կազմակերպությանը ներկայացվող դեպքերի թվի աճը և գործերի ընթացքը՝ գտնում ենք, որ Հայաստանում տրանգենդեր անձանց իրավունքների պաշտպանությունը պետք է լինի ինչպես ԼԳԲՏԻՔ+ անձանց, այնպես էլ մարդու իրավունքներով զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցչների ուշադրության կենտրում:

Հիմք ընդունելով Հայաստանում տրանսգենդեր անձանց հանդեպ տիրող ներկա իրավիճակը, «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կոչ է անում՝

  • ՀՀ ոստիկանությանը, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին և պատկան մարմիններին ապահովել Տրանս անձանց անվտանգությունը և ՀՀ սահմանադրությամբ նրանց տրված բոլոր իրավունքները՝ վարելով իրավախատումների փաստագրումը և ձեռնարկելով համապատասխան քայլեր` տրանսգենդեր անձանց նկատմամբ կատարված ատելության հիմքով հանցագործություններն ու խտրականության դեպքերը կանխելու համար։
  • Տեղական իրավապաշտպան կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցիչներին և ֆինանսավորող կազմակերպություններին ընդգրկել տրանս անձանց խնդիրներն իրենց օրակարգում, բարձրաձայնել համակարգային խնդիրների և իրավախախտումների մասին և համագործակցել տրանս համայնքի անդամների հետ համընդհանուր արդարության հաստատման համար։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն վերահաստատում է հանուն հավասարության իր որդեգրած արժեքները: Այսօր, հենց այս պահին մենք կարող ենք և պարտավոր ենք անել ավելին, որ տրանսգենդեր անձինք լինեն ապահով, կարողանան կրթություն ստանալ, աշխատանք գտնել, օգտվել առողջապահական ծառայություններից, ներառվեն որոշումների կայացման գործընթացներում, անվտանգ և արժանապատիվ կյանք վարեն:

Նոյեմբեր 20, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին