EN
>

ՍԵՌԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

16․05․2021թ․-ին ուժը կորցրած է ճանաչվել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման» մասին օրենքը և 16․05․2021թ․-ին ուժի մեջ է մտել նոր օրենքը, որտեղ հանվել են սեռափոխության մասին նախկին օրենքում գործող կարգավորումները, մասնավորապես, նախկին օրենքում 70-րդ հոդվածը սահմանում էր, որ Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը կազմվում է մասնավորապես հետևյալ դեպքերում, երբ ՝

  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կազմակերպությունը տվել է սեռի փոփոխության մասին սահմանված ձևի փաստաթուղթ:

Այսինքն, եթե անձը ցանկանում է փոփոխություն կատարել քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ (սեռի մասին գրառման փոփոխություն), նա պետք է՝

  • Իրականացնի սեռափոխություն:
  • Ներկայացնի ՀՀ օրենսդրության սահմանված կարգով բժշկական կազմակերպության կողմից տրված սեռի փոփոխության մասին փաստաթուղթ:

Ներկայումս գործում է միայն արդարադատության նախարարի 13․05․2020 թ․ թիվ 170-Ն հրամանը, որտեղ նշված է, որ օրենքի 70-րդ հոդվածով սահմանված՝ Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում փոփոխություն կատարելու մասին եզրակացությունը ՔԿԱԳ մարմինը կազմում է, եթե անձը, ում նկատմամբ կազմվել է քաղաքացիական կացության ակտը, կատարել է սեռի փոփոխություն:  Այսինքն, սույն նորմը հղում է տալիս նախկին գործող օրենքին։ 

Այսպիսով, ներկա օրենքի կարգավորումները որևէ դրույթ չեն պարունակում սեռափոխության դեպքում ՔԿԱԳ ակտերում փոփոխություն կատարելու պայմանների վերաբերյալ։

Որոշակի առումով ներկայում գործող օրենքով (մեր կարծիքով) կարգավորումը նախատեսվում է 66-րդ հոդվածի 3-րդ մասով, ըստ որի՝ Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ փոփոխություն կատարելու հիմքերն են՝

  • այլ քաղաքացիական կացության ակտային գրանցման կամ իրավասու այլ մարմնի ընդունած (տրամադրած) փաստաթղթի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելու նաև կազմված քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ։

Այսպիսով, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման» մասին նոր օրենքի ընդունմամբ սեռափոխության դեպքում քաղաքացիական կացության ակտում փոփոխություն կատարելու պահանջները հստակ չեն, սահմանված չեն անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու կարգավորումները։

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ի ռազմավարական ուղղություններից է կարգավորել գենդերի իրավական ճանաչման գործընթացը ՀՀ-ում և սույնի հետ կապված մի շարք աշխատանքներ են տարվում։

Դեկտեմբերի 17, 2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին