EN
>

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ և ԱԿՏԻՎԻԶՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն սույն թվականի փետրվար-մարտ ամիսներին իրականացրեց թվով տասը համայնքային հանդիպում Տրանսգենդեր ԼԳԲԻՔ ակտիվիստների, նրանց ընտանիքի անդամների և համակիրների հետ կազմակերպության համայնքային կենտրոնում։

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի երկուսին, տասը ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ  ակտիվիստների հետ՝ «Տրանս անձանց իրավիճակը ՀՀ-ում» թեմայով: Դասընթացի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց հուզող հարցերով, ինչպիսիք են՝ անվտանգության ձևավորումը ՀՀ-ում, խարանը և խտրականությունը Տրանս անձանց նկատմամբ, օնլայն տիրույթում շարուանակվող ատելության կոչերը, ՔՈՎԻԴ -19-ի ընթացքում հանդիպած դժվարությունները և մի շարք այլ հարցեր, որոնց բախվում են Տրանս անձինք ՀՀ-ում։ Տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչները կատարեցին կարիքների քարտեզագրում, ապա քննարկեցին՝ ապագայում ինչ անել, որպեսզի ՀՀ-ում բարելավվի Տրանս անձանց իրավիճակը։ Դասընթացավար Լ. Մարտիրոսյանը, փաստագրելով բոլոր մասնակիցների խնդիրները և կարիքները, վստահեցրեց, որ մոտ ապագայում բոլոր խնդիրները միասնական ջանքերով լուծվելու են՝ հասնելով ՀՀ-ում մարդու իրավունքների հարգմանը և անվտանգ միջավայրի ձևավորմանը։ Մասնակիցները, կարևորելով նմանատիպ կրթական համայնքային հանդիպումները, առաջարկեցին մի շարք թեմաներ հաջորդ հանդիպումների համար։

Շարունակելով դասընթացների շարքը՝ երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի տասնիննին «Իրավունքի կողմ» ՀԿ-ի ապահով տարածքում՝ համախմբելով Երևանից և տարբեր մարզերից քսան Տրանս ԼԳԲԻՔ ակտիվիստներին և նրանց ծնողներին. դասընթացի նպատակն էր ստեղծել մեկ միջավայր, որտեղ Տրանս անձինք կարող էին իրենց ծնողների հետ քննարկել ընտանեկան այնպիսի խնդիրներ, որոնք լուծումներ չէին ստացել այս տարիների ընթացքում։ Դասընթացի ընթացքում քննարկվեց խարանը և խտրականությունը ընտանիքի անդամների կողմից, մասնավորապես հայր ծնողների կողմից։ Դասընթացի ավարտը շատ էմոցիոնալ էր, քանի որ կային անձինք, որոնք առաջին անգամ բարձրաձայնեցին այնպիսի խնդիրներ, որոնք խանգարում էր համաերաշխության մթնոլորտի ձևավորմանը ընտանիքում, ծնողների և երեխաների գրկախառնությամբ ավարտվեց շատ կարևոր ևս մեկ հանդիպում։

Հաջորդ դասընթացը տեղի ունեցավ փետրվարի քսաներկուսին, այս անգամ դասընթացի թեման ընտրվել էր «Մեր իրավունքները ոստիականական բաժանմունքներում և դատարաններում»: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերից և Երևանից տասը ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ ակտիվիստներ, որոնք մասնակցել էին նախորդ հանդիպումներին։ Դասընթացը վարում էր Կազմակերպության փաստաբան Ա. Մարգարյանը, ով մասնակիցներին տվեց լիարժեք տեղեկատվություն, թե ինչպես պաշտպանել իրավունքները ոստիկանական բաժանմունքներում, ինչպես պահանջել փաստաբան, որ ժամանակ և որ դեպքերում ներկայանալ ոստիկանություն, պատասխանեց մի շարք հարցերի, որոնք հետաքրքիր էին մասնակիցներին, այնուհետև մասնակիցները ստացան գիտելիքներ ՀՀ դատական իշխանության վերաբերյալ, պատկերացում կազմեցին դատական ատյանների մասին։ Ա. Մարգարյանը խոսեց նաև Եվրոպական դատարանի դերի, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի մասին և ներկայացրեց իրավունքներին առնչվող մի շարք այլ մանրամասներ, որոնք անհրաժեշտ են բոլոր մասնակիցներին հետագայում իրենց ակտիվիստական գործունեությունում օգտագործելու համար։ Դասընթացն ավարտելով Ա. Մարգարյանը հավելեց, որ կարող են ցանկացած իրավական հարցերով դիմել իրեն, ստանալ խորհրդատվություն և ներկայացուցչություն, ապա հավելեց, որ բոլորը պետք է տեր կանգնեն իրենց իրավունքներին և ապրեն արժանապատիվ կյանքով՝ զերծ խարանից ու խտրականությունից, ծաղրանքներից ու բռնություններից։

Տրանս ԼԳԲԻՔ ակտիվիստների հետ չորրորդ հանդիպումը տեղի ունեցավ մարտի մեկին, որի թեման էր «Խարան, խտրականություն, ատելության խոսքը մեդիայում և դրա ազդեցությունը համայնքի վրա»։ Դասընթացի նպատակն էր նվազեցնել խարանը և խտրականությունը ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց կյանքում, փաստագրել նրանց նկատմամբ ատելության խոսքի դեպքերը սոցիալական մեդիայում և դրանք կանխելու համար լուծումներ գտնել։ Բոլոր ակտիվիստները մտահոգություն հայտնեցին երկրում հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ, որն ավելի է սրել խտրականության մակարդակը ինչպես իրական կյանքում, այնպես էլ առցանց հարթակում։ Դասընթացի ընթացքում ակտիվիստները բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ ատելության խոսքի և օրենքների բացակայության հետ կապված, որոնք ազդում են անհատի անվտանգության և բարեկեցիկ կյանքի որակի վրա, ինչպես նաև առաջ քաշեցին ոստիկանության կողմից պարբերաբար կարճվող այն գործերը, երբ ոստիկանությունն ատելության խոսքը չի դիտարկում որպես հանցագործություն:

Հաջորդ հանդիպումը կազմակերպվեց մարտի չորսին՝ քսան Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անձանց մասնակցությամբ. սեմինարի թեման էր «ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը տրանսգենդեր և սեքս աշխատող համայնքների ակտիվիստական գործունեության վրա»։ Սեմինարը վարում էր կազմակերպության Տրանս ԼԳԲԻՔ անձանց համայնքի պատասխանատու Հ. Գալստյանը։ Մասնակիցները կիսվեցին համավարակի ծանր օրերին հանդիպած իրենց դժվարությունների մասին, թե ինչպես են կարողացել ապրել և պայքարել իրենց իրավունքների համար այդ ծանր օրերին՝ չունենալով աշխատանք, գումար և ոչ մի օգնություն ընտանիքի անդամների կողմից։ Բոլոր մասնակիցները կատարեցին կարիքների գնահատում, քննարկեցին դրանց լուծման ուղիները, բարձրացրեցին իրենց հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։ Համայնքների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ԻԿ ԻՀԿ թիմին և ֆինանսավորող կազմակերպությանը համավարակի օրերին տրամադրված սոցիալական աջակցության համար, որը շատ հրատապ և կարևոր էր։

Ակտիվիստների նախաձեռնությամբ հաջորդ հանդիպումը կազմակերպվեց մարտի ինին «Իրավունքի կողմ» ՀԿ ապահով տարածքում. հանդիպմանը մասնակցում էին տասնհինգ Տրանս ԼԳԲԻՔ ակտիվիստներ և համակիրներ: Այս անգամ ակտիվիստներն ընտրել էին՝ ինչպես պատրաստել տեղեկատվական պաստառներ, ամսագրեր, թռուցիկներ, որնք կբարձրացնեն ԼԳԲՏԻՔ անձանց տեսանելիությունը հասարակության մեջ և մեդիայում: Սեմինարը վարում էր կազմակերպության գրաֆիկ դիզայներ Ռ. Եղիազարյանը, ով կիսվեց իր անցած փորձով, մասնակիցներին տվեց մանրամասն գիտելիքներ գրաֆիկական ծրագրերի վերաբերյալ, որոնք հետագայում ակտիվիստներին կօգնեն սոցիալական մեդիայում հանրային իրազեկման արշավներ իրականացնելու գործընթացում։ Ակտիվիստները շնորհակալություն հայտնեցին դասընթացավարին նոր գիտելիքներ և հմտություններ տրամադրելու համար, ապա ավելացրին, որ ստացած գիտելիքները կօգտագործեն ԼԳԲՏԻՔ անձանց վերաբերյալ սոցիալական մեդիայում կարծրատիպեր կոտրելու համար։ Ռ. Եղիազարյանը բոլորին խնդրեց հաջորդ հանդիպմանը ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ պաստառ և տարածել սոցիալական մեդիայում։

Շարունակելով հանդիպումների շարքը՝ մարտի տասներեքին տեղի ունեցած դասընթացի ընթացքում ակտիվիստները Ռ. Եղիազարյանին ներկայացրին անցած դասընթացին խոստացված մեդիա պաստառները, որոնք ուղղված էին մարդու իրավունքներին, Ռ. Եղիազարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ակտիվիստներին քրտնաջան աշխատանքի համար, ապա խնդրեց հետագայում ներգրավվել ՀԿ աշխատանքներում, բարձրացնել կազմակերպության մասին իրազեկվածությունը տեղական և միջազգային մակարդակներում։ Այս հանդիպման թեման էր «Ես՝ որպես ԼԳԲՏԻՔ ակտիվիստ»։ Քանի որ թեման հոգեհարազատ էր բոլոր ակտիվիստներին, նրանք առաջարկեցին մշակել անվտանգության ուղեցույց, որը կօգնի հետագայում ավելի պաշտպանված լինել, քանի որ ակտիվիստները շարունակաբար ենթարկվում են խարանի և խտրականության, և բախվում են մի շարք անվտանգային խնդիրների՝ որպես առաջնագծում պայքարողներ։ Մասնակիցները մշակեցին անվտանգության ուղեցույց ոչ միային իրենց, այլ նաև համայնքի մնացած ներկայացուցիչների համար՝ ապահովելու և պաշտպանելու նրանց ֆիզիկական և հոգեկան անվտանգությունը: Մասնակիցներն առաջարկեցին կազմակերպել սեմինարների շարք իրենց հասակակիցների համար՝ կիսվելու իրենց ձեռք բերած գիտելիքներով։ ԼԳԲՏԻՔ ակտիվիստները կազմեցին նաև ԼԳԲՏԻՔ անձանց համար հանրային միջոցառումների օրացույց, որպեսզի հետագայում կազմակերպեն իրազեկվածության բարձրացման միջոցառումներ և ակցիաներ։ Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին մեկը մյուսին արդյունավետ խմբային աշխատանքների համար և որոշեցին հաջորդ հանդիպման օրը։

Մարտի քսանչորսին տեղի ունեցած «Ինչպե՞ս հանրային դեմքերին ներգրավել ԼԳԲՏԻՔ ակտիվիզմի մեջ» թեմայով հանդիպման ընթացքում մասնակիցները դասընթացավարի օգնությամբ առանձնացրին ԼԳԲՏԻՔ անձանց հիմնախնդիրները և մշակեցին դրանց լուծմանն ուղղված գործողություններ, որոնց կարևոր մասն էր կազմում հանրային դեմքերի ներգրավումը այդ գործընթացներում: Դասընթացի մասնակիցները ձեռք բերեցին հմտություններ, որոնց շնորհիվ կկարողանան խթանել թիրախ խմբերի մասնակցությունը առաջնորդության և հավասարության հաստատման ծրագրերում։

Հաջորդ նախավերջին հանդիպումը նվիրված էր ինքնախնամքին, որին մասնակցում էին տասներկու Տրանս ԼԳԲԻՔ ակտիվիստներ, որոնք ներգրավվել էին դասընթացին Երևանից և ՀՀ տարբեր մարզերից։ Դասընթացը վարում էր կազմակերպության հիմնադիր նախագահ Լ. Մարտիրոսյանը, ով ակտիվիստներին խնդրեց ակտիվիզմի ամբողջ ընթացքում ուշադրություն դարձնել ինքնախնամքին, քանի որ ակտիվիստները հաճախակի են ենթարկվում սթրեսի, տրավմայի և հոգեկան ու ֆիզիկական գերհոգնածության և հետագայում բազում խնդիրներ են ունենում, կարևորեց ընդգծեց հանգստի կարևորությունը, որպեսզի հետագայում չունենան այրման զգացում։ Մասնակիցները բարձրաձայնեցին այն բոլոր խնդիրները, որոնք կապված էին ինքնախնամքի հետ և առաջարկեցին, որ յոգայի, մեդիտացիայի հանդիպումներ հաճախակի կազմակերպվեն, հոգեբանի մոտ հաճախելու հնարավուրությունը շարունակական տրամադրվի բոլոր նրանց, ովքեր հոգեբանական խորհրդատվության ունեն կարիք։

Վերջին հանդիպումը տեղի ունեցավ մարտի քսանութին համայնքային ապահով տարածքում, որին մասնակցում էին տասը Տրանս ԼԳԲԻՔ ակտիվիստներ. հանդիպման թեման էր «ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ շքերթ կազմակերպելու հեռանկարները ՀՀ-ում»: Ակտիվիստները բուռն քննարկումների միջոցով փորձում էին գնահատել շքերթ իրականացնելու ռիսկերը՝ հաշվի առնելով ՀՀ-ի ներկա իրավիճակը պատերազմից հետո և ՔՈՎԻԴ-19-ի ժամանակաշրջանում։ Ակտիվիստները, ուսումնասիրելով եվրոպական մի շարք երկրնում իրականացված շքերթների պատմությունները, համեմատականներ տարան ԱլԳ երկրների իրավիճակի և ԼԳԲՏԻՔ ակտիվիստական գործունեության հետ։ Ակտիվիստներից մի քանիսը վերհիշեցին Վրաստանում իրականացված շքերթը, որն առաջին անգամ Վրաստանում կազմակերպել էր մեր գործընկեր Թբիլիսի Փրայդ հկ-ն։

Դասընթացների շարքն ավարտելուց հետո մարտի երեսունին բոլոր մասնակիցները հավաքվեցին ամփոփելու երկու ամիսների ընթացքում ձեռք բերած գիտելիքները և քննարկելու ՀՀ-ում առկա խնդիրներն ու խոչընդոտները, որոնց Տրանս ԼԳԲԻՔ անձինք բախվում են իրենց ակտիվիստական գործունեության ընթացքում, ապա համեմատական տանելով Վրաստանի և Ուկրանիայի ակտիվիզմի իրավիճակի հետ, նրանք ներկայացրին իրենց առաջարկությունները և դիտողությունները:

Հավելենք, որ սույն դասընթացների շարքն իրականացվում է ԱՄՆ-ի Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «ԱլԳ երկրներում ԼԳԲՏԻՔ անձանց շրջանում ակտիվիզմի կառուցում» ծրագրի շրջանակներում՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի, Վրաստանում գործող «Թբիլիսի փրայդ» ՀԿ-ի և Ուկրաինայում գործող «Լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների առողջություն և պաշտպանություն» ՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել ԼԳԲՏԻՔ անձանց կարողությունների մակարդակը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ջատագովության և առաջնորդության հմտությունների վերաբերյալ` ատելության խոսքի, ատելության հիմքով բռնությունների և խտրականության դեպքերի նվազեցման համար, քարոզչական մեխանիզմներով ապահովել համայնքի անվտանգությունն և բարեկեցությունը և խթանել ԼԳԲՏԻՔ շարժման ամրապնդումը` տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների հաստատման համար:

#Regional_LGBT_Activism, #BST_RS_HPLGBT_TbilisiPride_Cooperation

Ապրիլի 21 2021 Հայաստան Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին