EN
>

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ 5-ՐԴ «ՏՐԱՆՍ ՃԱՄԲԱՐԸ»

Բարդ ժամանակներ են բոլորիս համար: Սակայն տրանս անձիք բախվեցին առանձնակի ծանր բարդությունների: ՔՈՎԻԴը բերեց նոր ռիսկեր՝բարդացնելով տրանս անձանց իրավիճակը կյանքում: Սակայն պահպանելով ՔՈՎԻԴԻ անվտանգության բոլոր կանոնները, «Իրավունքի Կողմ» ՀԿի ամբողջ թիմը քաղաքի հանգստյան գոտիներից մեկում իրականացրեց թվով հինգերորդ տրանս ճամբարը՝ կարևորելով տրանս անձանց առողջությունը,կրթությունը և իրազեկվածությունը այս դժվար շրջանում:

2020թ․ օգոստոսի 24-26ը մեկնարկեց «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից կազմակերպվող 5-րդ «Տրանս ճամբարը», որին մասնակցեցին Տրանս ԼԳԲԻՔ+ անձինք և նրանց իրավունքների համար պայքարող ակտիվիստներն և համախոհները։

Դասընթացը կրում էր ուսուցողական բնույթ՝ նպատակ ունենալով նպաստել տրանսգենդեր համայնքի կրթական կարողությունների զարգացմանն ու մոբիլիզացիային,քաղաքացիական, սոցիալ-մշակութային և հասարակական կյանքում նրանց ակտիվ ներգրավվածությանն ու մասնակցայնությանը, տրանս անձանց իրավունքների պաշտպանության ջատագովությանը թե ընտանիքներում, թե աշխատավայրում, և իհարկե խարանի և խտրականության նվազեցմանը:

Դասընթացի առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, նա ողջունեց մասնակիցներին, իր երախտագիտությունը հայտնեց նրանց ճամբարին մասնակցելու համար, երաշխավորելով, որ դասընթացներից հետո մասնակիցները կհեռանան նոր գիտելիքներով, ակնկալիքներով և հեռանկարներով։ Մասնակիցները նախ ներկայացրեցին իրենք իրենց և ծանոթացան միմյանց հետ: Նրանք սահմանեցին եռօրյա ճամբարի կանոնները եւ արտահայտեցին իրենց սպասելիքները և վախերը ճամբարի ընթացքում:

Ողջույնի խոսքից հետո մասնակիցները բուռն քննարկում ծավալեցին: Դասընթացի առաջին օրը քննարկվեց «Սեռականություն» թեման, ծանոթացան սեռականության հիմնական հասկացությունների հետ, ինչպիսիք են՝ կենսաբանական սեռը, սեռական վարքագիծը, գենդերը, սեռական կողմնորոշվածությունը, ծանոթացան սեռական կողմնորոշվածության և գենդերի տեսակներին, հիմնական թեմային զուգահեռ մասնակիցները սովորեցին ինչպես ձեռք բերել վերլուծական մոտեցում ցանկացած հարցին առավելագույնս հիմնավորված պատասխան տալու համար՝ հիմնվելով  սեփական, հանրային և միջազգային փորձի վրա։  Դասընթացը մասնակիցներին հարստացրեց կենսական կարևոր գիտելիքներով և նպաստեց մասնակիցների միջև վստահության ձևավորմանը, ինչպես նաև միջհամայնքային ցանցի ստեղծմանն ու համագործակցությանը։ Օրվա ավարտին մասնակիցները դասընթացավարների և Լիլիթ Մարտիրոսյանի հետ ամփոփեցին և գնահատեցին ստացած գիտելիքները։

Երկրորդ աշխատանքային օրը սկսվեց նախորդ օրվա ամփոփմամբ, ինչպես նաև մասնակիցները սովորեցին, թե ինչպես գտնել նոր համագործակցության եզրեր, կազմակերպել դրամահավաքներ, հայթայթել անհրաժեշտ ռեսուրսներ, գնահատել ռիսկերն աշխատավայրում և ընտանիքում, և թերևս ամենաարդիականը, թե ինչպես արձագանքել և կանխել հարձակումները տրանս անձանց հանդեպ: Կատարվեցին խմբային աշխատանքներ քննարկված թեմաներով և ներկայացվեցին միմյանց բուռն քննարկման ձևաչափով: Հատկանաշնական է, որ  ճամբարին ներկա էին նաև  Տրանս ԼԳԲԻՔ+ անձանց ծնողները, որոնց հետ քննարկեցին համերաշխությունը ընտանիքում և այլ հարակից թեմաներ: Ծնողներն ավելի մոտիկից առնչվեցին իրենց երեխաների  առաջ ծագած խնդիրներին, որի արդյունքում ծնողներն ավելի ապրումակցող մոտեցում  ձևավորվեցին երեխաների հանդեպ: Օրվա վերջում ստեղծվեցին տնային աշխատաքային խմբեր և կատարվեց օրվա գնահատում ամփոփելով ստացված գիտելիքները:

Երրորդ օրը նույնպես սկսվեց նախորդ օրվա ամփոփմամբ, այնուհետև նախատեսված էր «Համայնքային նախաձեռնությունների» հարթակի ստեղծում և քննարկում, որը վարում էր տրանսգենդեր ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանը։ Վերջինս ներկայացրեց իր և ԻԿՀԿ թիմում աշխատող այլ ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստների անհատական պատմությունները, հետագա քայլերը և խրախուսեց նոր ակտիվիստների և համախոհների ներգրավումը համայնքային նախաձեռնությունների ստեղծման և զարգացման նպատակով: Հաջորդիվ քննարկվեց անվտանգության և մասնավորապես անհատական և համայնքային անվտանգության կարևորությունը: Մասնակիցները խոսեցին ռիսկերի գնահատման և սպառնալիքներից խուսափելու հնարավոր տարբերակների մասին:

Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ տրանս ճամբարը կկրի շարունակական բնույթ, որպեսզի օժանդակի համայնքի մոբիլիզացիային և ինքնօգնության խմբերի ձևավորմանը առաջիկայում ստեղծելու ավելի ամուր տրանս համայնք ամբողջ Կովկասյան տարածաշրջանում։ «Ճամբարը լինելու է շարունակական, քանի որ տարիների ընթացքում կազմակերպված ճամբարները ապացուցել են, որ իրականանում է լավագույնը տրանս անձանց համար, և կա անհրաժեշտություն շարունակել նույն ոգով:  Լավագույն ապացույցն է, որ տարեցտարի ավելանում են դիմորդների քանակը, օրինակ այս տարի երեսուն տեղի համար դիմել էին մոտ ութսուն անձիք»,-նշեց Լիլիթ Մարտիրոսյանը: Վերջինս խոսեց նաև ակտիվիստների հոգեբանական առողջության մասին, ինքնախնամքի, ակտիվիստների այրման պոցեսների/բըրն աութ/-ի մասին: Լիլիթ Մարտիրոսյանը մասնակիցներին հանձնեց Ճամբարի մասնակցության վկայականներ, ինչպես նաև ընտրվեցին կամավորներ, որոնք ստացան խրախուսական նվերներ՝ ճամբարի լավագույնս իրականացմանն օգնելու համար:

Դասընթացի ավարտին Լիլիթ Մարտիրոսյանը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց դասընթացը ֆինանսավորող կազմակերպությանը, մասնակիցներին, դասընթացավարներին և ԻԿՀԿ ողջ անձնակազմին:

Մասնակիցներից մի քանիսը մեծ ցանկություն արտահայտեցին կիսվելու իրենց կարծիքներով և զգացողութուններով ճամբարի մասին:

«Կյանքումս շատ դժվարություններ եմ  ունեցել: Թերևս ամենադժվարն  այն էր, երբ իմ գենդերային ինքնության համար ինձ փակեցին տանը: Ես սկսեցի հակասել ինքս իմ ներքին եսին: Դժվար էր, ինչ խոսք, սակայն հիմա ես այստեղ եմ ու հպարտ, որ մասնակցում եմ տրանս ճամբարին և կարող եմ այս ամենով կիսվել  ձեր հետ» — Տրանս կին 23 տարեկան:

«20  տարեկան եմ, բոլորն էլ անցնում են դժվարությունների  միջով, և ես բացառություն չեմ: Սակայն իմ դեպքում ծնողներս, կոնկրետ մայրս գտնվեց շատ տոլերանտ իմ հանդեպ և ընդունեց ինձ էնպիսին, ինչպիսին որ կամ»։ —Տրասնգենդեր տղամարդ ակտիվիստ։

«Սա պարզապես անփոխարինելի հարթակ էր, որտեղ ես ճանաչեցի իմ խնդիրները կիսող մարդկանց, հիմա գիտեմ, որ մեր իրավունքների համար պայքարում  էլ մենակ չեմ» — Տրանսգենդեր կին։

«Ես ցանկանում եմ, որպեսզի նման գիտելիքահեն հավաքներն ավելի հաճախ կազմակերպվեն:  Չլինելով ԼԳԲՏ+ համայնքի անդամ, հասկանում եմ, թե որքան կարևոր և ուսուցողական են այսպիսի հավաքները հենց համախոհների համար» — Տրանս համախոհ։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան Հասարակական Կազմակերպությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում ծրագիրը ֆինանսավորող կազմակերպությանը տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանության ջատագովությունն ԻԿՀԿ-ին վստահելու համար: ԻԿՀԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում նաև բոլոր մասնակիցներին և հույս հայտնում մոտ ապագայում տեսնել նրանց տրանս անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների առաջնագծում։

 

 Սեպտեմբերի 10, 2020 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին