EN
>

ՏՐԱՆՍ ԿՆՈՋ ՓԱՍՏԱԲԱՆԸ՝ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2019թ․-ի ապրիլի 5-ին ՀՀ Ազգային Ժողովում տրանսգենդեր կնոջ ելույթից հետո հանրության արձագանքը երկար սպասեցնել չտվեց, ինչպես կանխատեսված էր այն մեծամասամբ բացասական բնույթ էր կրում, սակայն եղան դեպքեր, երբ հասարակության որոշ ներկայացուցիչների հանդգնությունն անցավ բոլոր կանխատեսելի և անկանխատեսելի սահմանները։
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը մի քանի անգամ ստիպված եղավ դիմելու իրավապահ մարմիններին սպառնալիքներից, մահվան կոչերից, հետապնդումներից խուսափելու և անձնական տեղեկատվությանն հրապակայնությունը կանխելու  նպատակով։ Այս ու այլ իրավական միջամտությունների վերաբերյալ և դրանց ժամանակ ծագած խնդիրների մասին խոսեցինք փաստաբան Արթուր Մարգարյանի հետ, ով հանդիսանում է Լիլիթ Մարտիրոսյանի ներկայացուցիչը մի շարք դատական գործերի շրջանակներում։
Այս կապակցությամբ մենք մի քանի հարց ուղղեցինք այս գործերում ներգրավված փաստաբան Արթուր Մարգարյանին։ 
Հարցազրույց
Պարոն Մարգարյան կասե՞ք՝ Խորհրդարանում Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո սպառնալիքների հիմքով եղե՞լ է արդյոք հաղորդում ոստիկանություն և եթե այո, ապա քանի՞ այդպիսի հաղորդում է ներկայացվել և ինչ ընթացքում են դրանք այս պահին։
-Այո, Լիլիթ Մարտիրոսյանի ԱԺ ելույթից հետո միանշանակ հարկ կար մտահոգվելու նրա ֆիզիկական և հոգեբանական առողջության և անվտանգության համար և հենց այդ պատճառով Լիլիթ Մարտիրոսյանը ոստիկանություն հաղորդում ներկայցրեց սպառնալիքների կապակցությամբ։ Ոստիկանությունը մերժեց քրեական գործ հարուցել, նշելով, որ սպառնալիքներն իրական բնույթ չեն կրել, այլ արտահայտել են այդ մարդկանց ազատ կարծիքն ու վրդովմունքը։ Ներկայումս մեր կողմից դատարանում վիճարկվում է ոստիկանության կողմից քրեական գործ հարուցելու մերժելու որոշումը։
Նույն քրեական գործի շրջանակներում, երբ սուպերմարկետի առաքիչը հանրայնացրել էր Լիլիթ Մարտիրոսյանի բնակության հասցեն, քննչական մարմինն ու ոստիկանությունը որոշեցին, որ դա բաց տեղեկատվություն է, որը հեշտությամբ կարող է հասանելի լինել ցանկացած քաղաքացու, ով կայցելի elections.am կայքը և կորոնի Լիլիթ Մարտիրոսյանի հասցեն, սակայն նշված կայքում տեղադրված է Լիլիթ Մարտիրոսյանի հաշվառման հասցեն, իսկ փաստացի բնակության հասցեի մասին ոչ մի տեղեկություն չի տեղադրվել ոչ մի տեղ, ինչը նշանակում է, որ այն չէր կարող դիտարկվել որպես՝ հանրամատչելի տեղեկատվություն։
Կա մեկ այլ գործ, որը գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, այն վիրավորանք հասցնելու վերաբերյալ է, երբ կրկին ԱԺ ելույթից հետո Լիլիթ Մարտիրոսյանի վերաբերյալ irates.am կայքը նրան անվան էլ էր «այլասերված», այդ հիմքով քաղաքացիական գործ է հարուցվել հրապարակային ներողություն խնդրելու և փոխհատուցում կատարելու պահանջով։
Պարոն Մարգարյան, իսկ ի՞նչ խոչընդոտների եք բախվել և բախվում ՏՐԱՆՍ ԼԳԲ անձանց առնչվող գործերի շրջանակներում:
– Հիմնական խոչընդոտները ծագում են ոստիկանությունում և քննչական մարմինների հետ, երբ վերջիններս հրաժարվում են գործին ընթացք տալ, կամ ձգձգում են այդ գործընթացը անգամ բավարար ապացույցների և ակնհայտ հանցակազմի առկայության դեպքում, միայն տուժողի ենթադրյալ ԼԳԲՏ լինելու փաստը հաշվի առնելով։
Իսկ դատարանի հետ որևէ խոչընդոտներ առաջացե՞լ են նմանօրինակ գործերի դատավարության ընթացքում։
– Ոչ։ Դատարանում սովորաբար գործը հայտնվելուց հետո իր բնականոն հունով շարժվում է առաջ, հիմնական խոչընդոտները ծագում են ոստիկանության և քննչական մարմնի հետ հետաքննության և նախաքննության փուլում։
Ինչպես կարող ենք եզրակացնել փաստաբանի հետ զրույցից՝ չնայած նրան, որ Հայաստանում մի շարք հասարակական կազմակերպություններ  և պետական կառույցներ պայքարում են հանուն Հայաստանում ժողովրդավար հասարակության և համընդհանուր հավասարության, այնուամենայնիվ պատկան մարմիններն ու ուժային կառույցները բավական քաղաքական կամք չեն ցուցաբերում ԼԳԲՏ անձանց առնչվող հարցերին ու խնդիրներին տալ պատշաճ լուծումներ և հետևել ժողովրդավարության գաղափարախոսությանը։
Հոկտեմբերի 18, 2019 Հայաստան, Երևան
 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին