EN
>

Տրանս ԼԳԲԻՔ անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացում. հանդիպումների շարք

2022թ. հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն իրականացրել է թվով ութ հանդիպում-քննարկում՝ ուղղված Տրանս ԼԳԲԻՔ անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Հանդիպում-քննարկումների թեմաներն էին․

  • ԼԳԲՏԻՔ անձանց կյանքը համավարակից հետո:
  • ՍՃՓՎ-ներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, կանխարգելման ուղիները:
  • Սեռափոխության իրավական բացերը, դրա հետևանքները:
  • Ինչպե՞ս ներգրավվել կազմակերպությունում որպես կամավոր. ԼԳԲՏԻՔ անձանց շրջանում կամավորության մշակույթի զարգացում:
  • Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ. պաշտպանության մեխանիզմները:
  • Ինչպե՞ս արձագանքել սոցիալական ցանցերում ատելության խոսքին և բռնության կոչերին:

Առաջին թեմային նվիրված հանդիպումներին մասնակցում էին այն ԼԳԲՏԻՔ անձինք, ովքեր ամենաշատն էին տուժել Քովիդ-19-ից։ Քննարկվել են համաճարակի ընթացքում համայնքի առջև ծառացած խնդիրները։ Մասնակիցները նշել են, որ համավարակի ժամանակ օրեր են եղել, երբ անգամ սննդի և տարրական կարիքները հոգալու համար գումար չեն ունեցել։ Մասնակիցներից մեկը նշել է, որ լքված է եղել ընտանիքի անդամների, պետության և ընկերների կողմից և աջակցություն չի ստացել համաճարակի օրերին, և եթե չլիներ իրավապաշտպան ՀԿ-ների աջակցությունը, նա սովամահ կլիներ ու անօթևան կմնար։ Հանդիպումների ավարտին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի աշխատակիցների կողմից գնահատվել և գրանցվել են բոլոր մասնակիցների կարիքները, որպեսզի դրանց լուծման ուղղությամբ նպատակային քայլեր ձեռնարկվեն:

Որպես տրանսգենդեր անձանց իրավունքները պաշտպանող առաջին և առաջատար կազմակերպություն՝ ՀԿ-ի փորձագետները և կամավորները կարողացել են խորը քննարկում ծավալել տրանսգենդեր անձանց սեռափոխության իրավական բացերի վերաբերյալ։ Սեռափոխություն իրականացրած մասնակիցները կիսվել են վիրահատությունից հետո իրենց առջև ծառացած խնդիրներով և վտանգներով, խոսել մի շարք օրենսդրական բացերի մասին, որոնց հետևանքով վտանգվում է համայնքի անդամների կյանքը: Այն անձինք, ովքեր պատրաստվում էին սեռափոխվել իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում սեռափոխության վիրահատության վտանգների մասին, քանի որ բանիմաց մասնագետներ չկան, որոնց կարող են դիմել և խորհրդատվություն ստանալ։ Բացի այդ, քննարկմանը ներկա տրանսգենդեր անձինք խոսել են երկրում իրենց անհրաժեշտ հորմոնների բացակայության մասին, մասնակիցներից մեկը հավելել է, որ իր նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել դեղատներից մեկում, որտեղ դեղագործը հրաժարվել է հորմոնային հաբեր վաճառել՝ իմանալով իր գենդերային ինքնության մասին: Նասնակիցները նշել են նաև առողջապահության ոլորտի բացերը և բարձրաձայնել իրենց կարիքների մասին՝ առաջարկելով, որ թեմայի վերաբերյալ քննարկումը շարունակական բնույթ կրի՝ ավելի արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Հաջորդ հանդիպում-քննարկումները կազմակերպել էին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կամավորները՝ իրենց վառ օրինակով փորձելով համայնքի անդամներին ներգրավել կազմակերպությունում կամավոր դառնալու գործում։ Մասնակիցներին տեղեկատվություն է տրվել կազմակերպության ընթացիկ աշխատանքների մասին, մասնակիցներից յուրաքանչյուրը նշել է, թե ինչ ձևով կարող է նպաստել ՀԿ-ի աշխատանքների իրականացմանը: Ամբողջ տեղեկատվությունն արձանագրվել է ՀԿ-ի համայնքային պատասխանատուի կողմից` առաջիկա աշխատանքների մեջ համայնքի ներուժն առավելագույնս օգտագործելու համար: Քննարկումներն արդյունավետ էին այնքանով, որ մասնակիցներից շատերն արդեն իսկ ներգրավվել են ՀԿ-ի աշխատանքներում՝ ձեռք բերելով կամավորական աշխատանքի փորձ և իրենց ներդրումն ունենալով ՀԿ-ի զարգացման գործում: Լավագույն արդյունքները ցուցաբերած կամավորներն աշխատանքի հնարավորություն կստանան կազմակերպությունում:

Հաջորդ երկու հանդիպումների ընթացքում կազմակերպության կամավոր, տրանսգենդեր ակտիվիստ Կուկա Կասյանը ներկայացրել է, թե ինչ է ատելության խոսքը և բռնության կոչը, կիսվել է սոցցանցերում ատելության խոսքի դեմ պայքարի իր փորձով՝ հանդիպման ներկաներին հաղորդակցման հմտությունների վերաբերյալ խորհուրդներ տալով, որը հետագայում հանդիպման մասնակիցներին կօգնի դիմակայել սոցիալական ցանցերում ատելության խոսքին: Կուկան խոսել է Տրանս ԼԳԲԻՔ անձանց իրավունքների պաշտպանության գործում սոցալիական ցանցերում ազդեցություն ունեցողների կարևորության մասին՝ նշելով, որ անհրաժեշտ է բարձրացնել համայնքի տեսանելիությունը, բարի համբավը և Տրանս ԼԳԲԻՔ անձանց մասին ճիշտ տեղեկատվություն տարածել հասարակության շրջանում: Կուկան բարձրաձայնել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որպես ակտիվիստ, այնուհետև գործնական աշխատանքի միջոցով մասնակիցներին ծավալուն և արժեքավոր տեղեկատվություն է տրվել այդ խնդիրների հաղթահարման մեխանիզմների վերաբերյալ, որոնք հետագայում կարող են նպաստել Տրանս ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ խարանի, բռնության, ատելության խոսքի և խտրականության նվազեցմանը: Ինչպես Կուկան է հաճախ նշում՝ «ատելությանը չպետք է պատասխանել ատելությամբ, անհրաժեշտ է, որ ԼԳԲՏԻՔ ակտիվիստները նվազեցնեն ատելությունը՝ տարածելով սեր, դրական լիցքեր և համայնքի մասին ճշգրիտ տեղեկատվություն»:

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի շահառուների կողմից բազմիցս է առաջարկվել ՍՃՓՎ-ների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ հանդիպում-քննարկումներ անցկացնել, քանի որ այդ խնդրի մասին բավականաչափ չի բարձրաձայնվում և անհրաժեշտ տեղեկատվություն չի տրամադրվում համայնքի անդամներին: Թեմայի վերաբերյալ քննարկումը վարում էր ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը՝ խոսելով հայ հասարակության շրջանում տաբու դարձած թեմայի վերաբերյալ համապարփակ գիտելիքներ ունենալու կարևորության մասին։ Հաճախ համայնքի անդամները տեղեկատվություն չունեն վիրուսների մասին, չգիտեն ինչպես կանխարգելել դրանք և վարակվելու դեպքում ինչպես վարել լիարժեք կյանք։ Լիլիթը նշել է, որ շատերը չեն հետազոտվում, որովհետև վախենում են վարակված լինելու պարագայում հասարակության վատ վերաբերմունքից, խտրականացվելուց, քանի որ հիվանդ մարդիկ հասարակությունից մեկուսացած են ու արհամարհված։ Քննարկման ընթացքում Լիլիթը հերքել է վիրուսի մասին այդքան շատ տարածում գտած միֆերը և մասնակիցներին հորդորել, որ իրենց ստացած գիտելիքներով հաճախ կիսվեն իրենց հասակակիցների հետ։ Հանդիպման մասնակիցները կիսվել են իրենց կողմից իրականացվող կանխարգելիչ մեթոդների մասին։ Քանի որ Հայաստանում տրանսգենդեր անձանցից շատերը զբաղվում են սեքս աշխատանքով, նրանք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն ՍՃՓՎ-ներին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին և դրանց կանխարգելմանը: ՀԿ-ի նախագահը հանդիպման ավարտին մասնակիցներին խրախուսել է շարունակել կանոնավոր հետազոտություններ իրականացնել՝ վիրուսների տարածումը նվազեցնելու նպատակով։

Վերջին հանդիպումը նվիրված էր մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին. հանդիպումը վարում էր կազմակերպության փաստաբան Արթուր Մարգարյանը: Հանդիպման ընթացքում Տրանս ԼԳԲԻՔ համայնքի անդամները գործնական աշխատանքի միջոցով տեղեկացան մի շարք օրենքների և իրենց իրավունքները պաշտպանող մարմինների մասին։ Արթուրը նաև փոքր դատախաղ կազմակերպեց՝ հորինված քրեական գործի վարույթում՝ մասնակիցներին նախապես ծանոթացնելով քրեական օրենսդրության և վարույթների առանձնահատկություններին։ Հանդիպման ավարտին մասնակիցները ցանկություն հայտնեցին, որ դատավարության նմանակման խաղերն ընդգրկվեն ՀԿ-ի կողմից կազմակերպվելիք դասընթացների մեջ։

Հանդիպումքննարկումները հնարավոր են դարձել «Աստրեան հանուն արդարության» լեսբիների հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Հուլիս 13, 2022 Հայաստան, Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին