EN
>

ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ+ և ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է ներկայացնել Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց պատմությունների շարքը,  որոնց միջոցով հավաքագրվում և արձանագրվում են Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց կյանքի տարբեր իրադարձություններ։ Հարցազրույցների նպատակն է ներկայացնել վերոնշյալ խմբի ներկայացուցիչների ապրելակերպը Հայաստանի Հանրապետությունում։

Սույն պատմությունը ինքնաբացահայտման մասին է։ Մեր զրուցակիցն է նույնասեռական, ագենդեր Ա․Բ․-ն։ Ա․ Բ․-ի համար չափազանց կարևոր է եղել ընտանեկան համերաշխությունը, և արել է ամեն ինչ, որ իր ինքնության մասին իմանալու դեպքում կոնֆլիկտներ չառաջանան։

-Իմ շրջապատում շատերը գիտեն իմ սեռական կողմնորոշվածության մասին։ Նկատի ունեմ թե՛ ընտանիքս, թե՛ բարեկամներս ու հարազատներս, թե՛ ընկերներս ու ծանոթներս, ինչպես նաև իմ համագյուղացիները (ապրում եմ Երևանին մոտ գյուղերից մեկում)։ Ու բոլորը մինչև հիմա իմ շրջապատում են։ Ինչու եմ կարևորում նշել սա, որովհետև բոլորը ադեկվատ են վերաբերվում ինձ ու ամեն ինչ նորմալ է իմ ու նշված մարդկանց հարաբերություններում։ Դե արդեն իսկ պարզ է, որ ես հանրային կերպով ինքնաբացահայտվել եմ։ Բայց կան մի քանիսը, որոնք ինձ համար չափազանց կարևոր են: Շատերը գիտեն, որ ես եղել եմ Շուռնուխում, որտեղ խառնամբոխը հարձակվեց մեզ վրա ու բռնություններ սկսեց կիրառել մեր նկատմամբ։ Երբ վերջապես տուն էի հասել շուռնուխյան դեպքերից հետո, ընտանիքիս համար արդեն ամեն ինչ պարզ էր։ Պառկած էի,  մաման մոտեցավ ու ասաց «Լավ, ես քեզ կփորձեմ ժամանակ տալ»։ Այդ օրերին ես այնքան ծանր հոգեբանական վիճակում էի, որ նույնիսկ չկարողացա աշխատանքս շարունակել անգամ ԼԳԲՏ+ անձանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունում։ Սակայն, մայրիկիս կողմից արված այդ հայտարարությունն ինձ խոցեց հեգեպես, քանի որ ես էլ գիտակցեցի, որ մայրս ամեն ինչ հասկանում է ու գիտի իմ ինքնության մասին։ Երբ մայրս դրսում նստած էր, ես մոտեցա նրան ու կողքը նստելով ասացի, որ նույնասեռական եմ։ Մայրս գրկեց ինձ, ասաց, որ արդեն ամեն ինչ հասկացել էր, բայց դա չի խանգարում իրեն հպարտանալ ինձնով։ Ավելին, մի քանի խորհուրդներ տվեց ինձ, որ ես պետք է հպարտ լինեմ, թե ով եմ ես, որքան ձեռքբերումներ ունեմ և այլն, – ներկայացնում է մեր զրուցակիցը ու շարունակում, որ այդ օրվանից հետո իր ու մայրիկի միջև կատարյալ ընկերություն ու ավելի  ջերմ հարաբերություններ ձևավորվեցին։ -Այդ պահից ես հասկացա, որ ունեմ աշխարհում լավագույն մայրիկը, որն ինձ համար կատարյալն Է։

Ա․ Բ․-ն շարունակում է ներկայացնել մայրիկի հետ ունեցած հարաբերություններն ու կարևորում, որ ամեն ինչ չէր կարող այդքան լավ ավարտ ունենալ, եթե ինքը տարիներ շարունակ չաշխատեր ծնողների հետ։ Ասում է, որ բազմիցս ֆիլմեր են դիտել միասին, որոնք պատմում են ԼԳԲՏ+ անձանց մասին, քննարկումներ ունեցել, լսել միմյանց, ազատորեն արտահայտել իրենց կարծիքը և այլն։  Շարունակում է խոսել իր մայրիկի այն ապրումների մասին, երբ թվում էր, թե միակ մայրն է աշխարհում, որն ունի նույնասեռական որդի։ Սակայն այդ հարցն էլ իր հանգուցալուծումը գտավ, երբ ծանոթացավ ԼԳԲՏ+ անձանց ծնողների հետ։

-Այս պատմությունը կարող է շատ երկար տևել, որովհետև իմ ու մայրիկիս հարաբերություններն այս պատմությամբ չեն սկսվում ու ավարտվում, ամեն օրը մի պատմություն է, սակայն իմ համար ամենակարևորներից մեկն է, որ տեղի է ունեցել կյանքիս ընթացքում, – ամփոփում է մեր զրուցակիցը։

Հունվարի 12. 2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին