EN
>

ՏՐԱՆՍ ՃԱՄԲԱՐ 6

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2020 թվականի նոյեմբերի 13-15-ը իրականացրեց «Միասին կշարունակենք պայքարել, մինչև բոլորս ապահով լինենք» խորագրի ներքո հերթական Տրանս ճամբարը, որը թվով 6-րդն էր։ Ճամբարը կազմակերպված էր Տրանս անձանց և Տրանս ակտիվիստների, նրանց ընտանիքի անդամների, Տրանս համակիրների համար։

Ճամբարի ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ, ինչպես օրինակ՝ տրանս անձանց իրավունքները ոստիկանությունում, սոցիալական մեդիայում, խարանն ու խտրականությունը, Տրանս անձանց իրավիճակը Հայաստանում, ատելության հիմքով բռնություններն ու ատելության կոչերը, սեռական և վերարտադրողական առողջության իրավունքը, ընտանիքի անդամների շահերի պաշտպանության մեխանիզմները, ապահովության և անվտանգության հարցերը։

Դասընթացի նպատակն էր խթանել Տրանսգենդեր անձանց կարողությունների զարգացումը և հզորացումը, բարելավել Տրանսգենդեր անձանց ներգրավվածության մակարդակը սոցիալ-մշակութային և քաղաքացիական կյանքում, ապահովել նրանց անվտանգությունը ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակությունում։ Բացի այդ, ճամբարը նպատակաուղղված էր նպաստել Տրանսգենդեր անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, կրթել նրանց և կրում էր ուսուցողական բնույթ։

Ճամբարի առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։ Նա ողջունեց բոլոր մասնակիցներին, իր երախտագիտության խոսքն ուղղեց նրանց՝ ճամբարում մասնակցություն ունենալու համար, վստահեցրեց, որ սա կլինի նրանց լավագույն դասընթացներից մեկը, բոլորը կստանան նոր գիտելիքներ և կանցկացնեն հիանալի ժամանակ։ Այնուհետև մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, որին էլ հաջորդեց եռօրյա ճամբարի ողջ ընթացքի համար կանոնների սահմանումը։

Առաջին օրվա դասընթացները հորմոնաթերապիայի և սեռափոխության վերաբերյալ էին։ Հորմոնաթերապիայի մասին դասընթացը վարում էր Լ․ Մարտիրոսյանը, որը մանրամասնորեն ներկայացրեց հորմոնաթերապիայի էությունը, դրա անհրաժեշտությունը սեռափոխության վիրահատություն իրականացնելիս, հորմոնաթերապիա անցնելու ռիսկերը և խնդիրները։ Նա մանրամասն ներկայացրեց հորմոններն ու այն դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են հորմոնաթերապիայի ողջ ընթացքում։

Դասընթացը շարունակվեց սեռի ու սեռականության վերաբերյալ քննարկմամբ, որի ժամանակ  փորձագետի կողմից ներկայացվեց, թե ինչ է սեռը, ինչպես նաև խոսեց սեռական կողմնորոշվածության, գենդերային ինքնության և այլ հարակից թեմաների մասին։ Մասնակիցներն ակտիվ քննարկում ծավալեցին, քանի որ թեմաները բավականին հետաքրքիր էին։ Ակտիվ քննարկման մեջ էին հատկապես Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց ծնողները, որոնց համար չափազանց կարևոր էր սեռական կողմնորոշվածության մասին նոր տեղեկատվություն ձեռք բերելը։

Օրվա ավարտին մասնակիցները բաժանվելով խմբերի գնահատեցին օրը՝ ներկայացնելով իրենց պահանջները, բողոքները, առաջարկությունները, իրենց համար առավել հետաքրքիր թեմաները, ինչպես նաև հաճելի պահերը և շնորհակալություն հայտնեցին համախմբման ու ճամբարի առաջին օրն իրականություն դարձնելու համար։

Օրն ավարտվեց «Լոլա» ֆիլմի դիտմամաբ և քննարկմամբ։ Ֆիլմը պատմում է Տրանսգենդեր կին Լոլայի ու նրա կյանքի դժվարությունների մասին։

Դասընթացի երկրորդ օրը սկսվեց նախորդ օրվա ամփոփմամբ, ապա Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց  ու նրանց ծնողների ընտանեկան պատմությունների ներկայացմամբ։ Ծնողները խոսեցին իրենց երեխաների հետ ունեցած հարաբերություններից, ներկայացրին այն դժվարությունները, որոնք ունեցել են ծնող-երեխա հարաբերություններում։ Այնուհետև խոսեց համայնքը՝ կրկին անդրադառնալով իրենց դժվարություններին, ծնողների հետ ունեցած կոնֆլիկտներին և դրանց հաղթահարմանը։ Պատմությունների ներկայացումից հետո մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ծնողներին այն մասին, թե ինչպիսի մոտեցումներ կարող են ունենալ, որպեսզի լուծեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հոմոֆոբիան և տրանսֆոբիան ընտանիքում, բարձրացնեն ընտանիքի անդամների իրազեկվածության մակարդակը և այլն։

«Խոսում ենք մենք և մեր ծնողները․ ընտանեկան պատմություններ» հանդիպմանը հաջորդեց «Խարան և խտրականություն» թեմայի շուրջ քննարկումը։ Դասընթացավարը բացատրեց, թե ինչ են խարանն ու խտրականությունը, ապա ներկայացրեց Տրանսգենդեր անձանց նկատմամբ դրսևորվող խարանի և խտրկանության դեպքերը Հայաստանում և այն ոլորտները, որտեղ Տրանսգենդեր անձինք ավելի շատ են խտրականացվում։ Փորձագետը ներկայացրեց նաև ընտանիքում խտրական դրսևորումները, որոնք ուղղորդվում են բռնության տարբեր տեսակներով՝ կապված սեռական կողմնորոշվածության ու գենդերային ինքնության  հետ։

Օրվա երկրորդ հատվածում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբան Արթուր Մարգարյանը վարեց «Մեր իրավունքները սոցիալական մեդիայում և ոստիկանությունում» թեմաների վերաբերյալ դասընթաց։  Փորձագետը պատմեց ոստիկանությունում Տրանս անձանց իրավունքների ու պարտականությունների մասին, ապա ներկայացրեց, թե ոստիկանության աշխատակիցներն ինչպիսի զգայուն մոտեցում պետք է ունենան Տրանսգենդեր անձանց նկատմամբ։ Իսկ հետո ներկայացրեց, թե ոստիկական կանչի և այլ դեպքերի ժամանակ բերման ենթարկվելիս քաղաքացիներն ինչ իրավունքներ ունեն։ Դասընթացի երկրորդ մասում փաստաբանն անդրադարձավ օնլայն հարթակում և սոցիալական մեդիայում մարդու իրավունքներին ու ազատություններին։ Ա․ Մարգարյանը ներկայացրեց ատելության կոչերի բնույթը, ատելություն քարոզելը, օնլայն հարթակում վիրավորանքների ու սպառնալիքների դրսևորումները, տվյալ դեպքերում իրավունքների պաշտպանության մեխանիզմները։ Փաստաբանը դասընթացի ավարտին վարեց գիտելիքներն ամրապնդող խաղ և պատասխանեց մասնակիցների հարցերին։

Օրվա ավարտին կրկին իրականացվեց օրվա գնահատում, որի ընթացքում մասնակիցները, կարևորեցին ծնողների ներգրավվածությունը ճամբարին և նրանց պատրաստակամությունը Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց օգնելու և աջակցելու հարցում։

Ինչպես նախորդ երկու օրերի ընթացքում, երրորդ օրն էլ սկսվեց նախորդ օրվա ամփոփմամբ։ Մասնակիցները, երկու խմբի բաժանվելով, ներկայացրին նախորդ օրվա ընթացքում ստացած գիտելիքներն ու տեղեկատվությունը։

Օրվա առաջին մասում՝ պանելային քննարկման ընթացքում 8 սեքս աշխատողներ պատմեցին իրենց՝ որպես Տրանսգենդեր և սեքս աշխատող անձանց նկատմամբ տեղի ունեցած բազում բռնությունների, խարանի ու խտրականության մասին, և թե ինչպես են կարողացել պաշտպանվել ու գոյատևել կյանքի դժվար պայմաններում, թե ինչ խոչընդոտների են հանդիպել ընտանիքում, փողոցում և առհասարակ կյանքի բոլոր ոլորտներում։ Ինչպես նաև անդրադարձան Հայաստանի Հանրապետությունում սեքս աշխատանքով զբաղվելու բարդություններին, խնդիրներին, վտանգներին։ Տրանսգենդեր սեքս աշխատող անձինք նաև պատասխանեցին մասնակիցների հարցերին, որոնք ի պատասխան իրենց պատրաստակամությունը հայտնեցին կանգնելու Տրանսգենդեր սեքս աշխատող անձանց կողքին, նրանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար։ 

Օրվա երկրորդ կեսին իրականացվեց ճամբարի ամփոփում և ճամբարի մասնակիցների վկայականների հանձնում։ Ինչպես նաև ընտրվեցին կամավորներ, որոնք ստացան խրախուսական նվերներ՝ ճամբարի լավագույնս իրականացմանն օգնելու համար։

Ամփոփելով ճամբարում անցկացրած երեք օրերը՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, դասընթացը ֆինանսավորող կազմակերպությանը, դասընթացավարներին, ԻԿՀԿ ողջ անձնակազմին և նշեց, որ ճամբարները շարունակական բնույթ են կրելու, քանի որ դրանք չափազանց կարևոր են Տրանսգենդեր անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար։ Նա նաև նշեց, որ ճամբարները լավագույն հարթակներ են մեզ համար, որտեղ մենք համախմբվում ենք, քննարկում մեր կարիքները և խնդիրները՝ դրանց լուծման արդյունավետ ուղիներ փնտրելով։

«Մենք շարունակելու ենք համախմբել Տրանսգենդեր անձանց և նպաստել Տրանս անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանը հանուն նրանց բարեկեցության ու բարօրության, հանուն նրանց իրավունքների պաշտպանության» – նշեց Լ․ Մարտիրոսյանը։

Նոյեմբերի 18, 2020 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին