EN
>

Տասից ավելի դիմակավորված անձինք մահակները ձեռքներին հարձակվել են տրանս կնոջ վրա

Սույն թվականի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում տասից ավելի դիմակավորված անձինք մահակները ձեռքներին հարձակվել են տրանս կնոջ վրա՝ ենթարկելով դաժանաբար ծեծի՝ վերջինիս գցելով գետնին և հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին։
Տրանս կինը հասցրել է դիմել փախուստի՝ թաքնվելով շենքերից մեկի շքամուտքում, այնուհետև, նկատելով տարածքում ծառայություն իրականացնող պարեկներին, մոտեցել է նրանց՝ օգնություն խնդրելու նպատակով, սակայն մինչ պարեկների մոտենալը դեպքի վայր, բռնարարները հասցրել են դիմել փախուստի:
Տրանս կինը դեպքի առնչությամբ դիմել է ոստիկանություն։
Տրանս կնոջ հետ զրույցի ընթացքում տեղեկացել ենք, որ հասցրել է տեսնել երիտասարդներից մի քանիսի դեմքերը ու հաղորդման մեջ նշել է այդ մասին։

Տրանս կինը անցել է դատաբժշկական փորձաքննություն։
Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն դատապարտում է գենդերային հիմքով բռնությունը և հետամուտ է լինելու դեպքի ամբողջական բացահայտմանը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։
Իրավունքի կողմ ՀԿ-ն ՀՀ ոստիկանությանը հորդորում է հետաքննություն անցկացնել բռնարարներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար։
Կազմակերպության իրավաբանական բաժինը ներգրավված  է սույն գործի շրջանակներում և անելու է անհնարինը, որպեսզի մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։Նշենք, որ նույն օրը՝ սույն դեպքից կես ժամ անց, վերոնշյալ երիտասարդները Երևանի քաղաքապետարանի տարածքում դաժան ծեծի են ենթարկել մեկ այլ տրանս կնոջ՝ պատճառելով տարբեր աստիճանի վնասվածքներ ու կրկին դիմել փախուստի։
Տրանս կինը դիմել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին ու շտապ բժշկական կանչ է գրանցել։

Իսկ մինչև բռնություն իրականացնելը սույն երիտասարդները Մաշտոցի պողոտայում  թիրախավորել են երկու այլ տրանս կանանց, սակայն տրանս անձինք հասցրել են դիմել փախուստի։

Ցանկանում ենք ընդգծել, որ վերջին ժամանակներում տրանս ԼԳԲԻՔ անձանց ծեծի ենթարկելու մի շարք դեպքեր են գրանցվել  և, մեր կարծիքով, այն կրում է ուղղորդված, միգուցե նաև կազմակերպված բնույթ։

 
Սույն դեպքերի առնչությամբ կազմակերպությունը դիմումներ է նախապատրասում՝ ուղարկելու.
ՀՀ ոստիկանությանը,
ՀՀ դատախազությանը,
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին,
ՀՀ քնչական կոմիտեին,
ՀՀ այլ պատկան մարմիններին։
 
Մարտի 16,2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին