EN
>

ԵՐԿՈՒ ՏՂԱՄԱՐԴ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՏՐԱՆՍ ԿՆՈՋԸ ԻՐ ԻՍԿ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ ԵՎ ԴԱՆԱԿԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՈՎ ՀԱՓՇՏԱԿԵԼ ՆՐԱ ՀԵՌԱԽՈՍԸ

Երեկ, սույն թվականի հունիսի 11-ին՝ երեկոյան ժամը 23։00-ից 24։00-ի ընկած ժամանակահատվածում, երկու տղամարդ հարձակվել են տրանս կնոջ վրա իր իսկ բնակարանում և ենթարկել դաժան ծեծի։ Տղամարդիկ տրանս կնոջը գցել են գետնին և հարվածել նրա մարմնի տարբեր մասերի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և կապտուկներ։ Ապա, դանակի կիրառման սպառնալիքով, հափշտակել են տրանս կնոջ բջջային հեռախոսը և հեռացել։ 

Տրանս կինը դեպքի առնչությամբ անմիջապես դիմել է ոստիկանություն։ 

«Իրավունքի կողմ»  իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբանական թիմը ներգրավված է սույն գործի շրջանակներում և ապահովելու է իրավական ներկայացուցչություն գործի բոլոր փուլերում։ Տրանս կինը կստանա Արագ Արձագանքման Կանանց ֆոնդի աջակցությամբ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի կողմից տրամադրվող բռնության ենթարկված տրանս անձանց համար արագ արձագանքման ֆինանսական օգնություն, որպեսզի կարողանա արագ վերականգնվել իր նկատմամբ բռնությունից և թեթևացնել այն մարտահրավերները, որոնց բախվում է այս դժվարին փուլում: 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն դատապարտում է գենդերային հիմքով բռնությունը և հետամուտ է լինելու դեպքի ամբողջական բացահայտմանը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Ցանկանում ենք ընդգծել, որ վերջին ժամանակներում նկատվում է տրանս ԼԳԲԻՔ անձանց ֆիզիկական բռնության ենթարկելու դեպքերի աճ, ինչի վկայությունն են վերջին տարվա ընթացքում փաստագրված ֆիզիկական բռնության դեպքերը և ատելության կոչերը։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում այսօր առկա է Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամաբ բռնությունը հավերժացնող անպատժելիության մթնոլորտ՝ պայմանավորված թերի օրենսդրական կարգավորումներով, Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ խտրականությունը քրեականացնող օրենքի բացակայությամբ և անկատար իրավակիրառ պրակտիկաներով, ինչը պարարտ հող է ստեղծել Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ ոտնձգությունների ու բռնության համար։ 

«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը հետևողականորեն հավաքագրում և փաստագրում է Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ խտրականության և բռնության դեպքերը և ՀՀ ոստիկանությանը հորդորում պատշաճ հետաքննություն իրականացնել բռնարարներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։ 

Կրկին կոչ ենք անում՝

  • ՀՀ ոստիկանությանը, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին և պատկան մարմիններին ապահովել Տրանս ԼԳԲԻՔ անձանց անվտանգությունը և ՀՀ սահմանադրությամբ նրանց տրված բոլոր իրավունքները։
  • Դիվանագիտական ներկայացուցիչներին, միջազգային ֆինանսավորողներին, որոնք իրենց ռեսուրսները և միջոցներն ուղղում են ՀՀ-ում արադարադատության բարելավմանը և հավասարության հաստատմանը, քայլեր ձեռնարկել կանխելու բռնությունը և խտրականությունը համայնքի անդամների նկատմամբ։

Հունիսի 12․2023 Հայաստան, երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին