EN
>

CHRISMON EVANGELISCH MAGAZINE-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԼԳԲՏԻՔ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

2020 թ.-ի օգոստոսի 8-ին Chrismon Evangelisch Magazine-ն անդրադարձ է կատարել ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքներին Հայաստանում՝ հարցազրույց վերցնելով  մի քանի հայ ԼԳԲՏԻՔ ակտիվիստներից: Հոդվածում քննարկվել են ԼԳԲՏԻՔ մարդկանց իրավունքներն ու նրանց զգացողությունները հայաստանյան հայրիշխան հասարակությունում: Սակայն մինչև բուն հարցազրույցներին անցնելը, օրաթերթում արտացոլվում է  հայ հասարակության մեծամասնության դիրքորոշումը ԼԳԲՏԻՔ հիմնահարցերին: Հայաստանն աշխարհի այն երկրներիցէ, որտեղ տրանս մարդիկ ամենաշատն են  խտրականության ենթարկվում և հետապնդվում: Այնինչ Հայաստանը համարվում է Արևմտյան Եվրոպայի մաս, ժողովրդավար երկիր, իսկ հայերը միշտ հպարտանում են առաջին քրիստոնյա երկիրը լինելու համար: Սակայն  մարդկանց մեծամասնության  մտածելակերպն այնքան հետադիմական է,  որ մերժում է ԼԳԲՏԻՔ անձանց  գոյը` հիմնավորելով, որ  «մեզ ընտանիքներ են  պետք, որտեղ կծնվեն ապագա  զինվորներ, քանի որ հակառակ դեպքում Ադրբեջանը կկործանի մեզ»:  Եվրոպական 49 երկրների ԼԳԲՏԻՔ միջազգային ասոցիացիայի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում ԼԳԲՏԻՔ մարդկանց նկատմամբ հետապնդումների և խտրականության ցուցանիշով  Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը: Միայն Ռուսաստանում և Ադրբեջանում է իրավիճակն էլ ավելի վատ: Հայաստանում այլևս անօրինական չեն նույնասեռ հարաբերությունները և անվանափոխությունը: 2015 թվականից ի վեր տրանս անձանց հաջողվել է փոխել իրենց անունները՝ առանց անձնագրային սեռը փոխելու: Բայց այլ գենդերային ինքնությամբ մարդկանց մերժումը դեռ արմատական է և դեռևս  անընդունելի է հայրիշխան, միլիտարիզացված հայ հասարակության մեծամասնության կողմից: 2014 թ.-ին Եվրոտեսիլ երգի մրցույթում հաղթեց Կոնչիտա Վուրստը, և Հայաստանից ներկա երգիչ և հետագայում նաև մրցույթի դատավոր Անուշ Արշակյանն, ով Ինգա և Անուշ Արշակյաններ  հայտնի դուետից էր, ասաց. «Ես այդ երևույթը զզվելի եմ համարում, ճիշտ այնպես, ինչպես որ խելագարությունը»: Ավելի ուշ Անուշը ներողություն է խնդրել  իր կատարած հայտարարության համար: Սակայն միևնույնն է, այսպիսի նախադասություններն են, որ մխրճվում են մարդու լեզվամտածողության մեջ՝ ստեղծելով պարարտ հող ԼԳԲՏԻՔ անձանց հանդեպ խարանի և խտրականության համար: Նման մտածելակերպը կարող է հանգեցնել նաև  ատելության հիմքով հանցագործությունների թվի աճին, ինչպես որ եղավ  2018-ի ամռանը Շուռնուխ գյուղում, երբ բնակիչները հարձակվեցին մի խումբ ԼԳԲՏԻՔ մարդկանց վրա,  և մինչ ոստիկանության ժամանումը ԼԳԲՏԻՔ երիտասարդները ավելի քան մեկ ժամ հետապնդման և հարձակման էին ենթարկվել,  կային  բազմաթիվ տուժածներ: Վիճակագրորեն, աշխարհում գրեթե ամեն օր տրանսգենդեր մարդ է սպանվում: Ակտիվիստների հաշվարկների համաձայն՝ վերջին երկու տարվա ընթացքում ամբողջ աշխարհում տեղի է ունեցել 700 տրանսսեքսուալների սպանություն: Հանուն մարդու իրավունքների քարոզարշավը հայտնել է, որ միայն ԱՄՆ-ում անցյալ տարի 26 տրանս մարդ է սպանվել:

Ամփոփելով ընդհանուր իրավիճակը՝ հարցազրույցը շարունակվել է ակտիվիստների հետ իրենց կյանքի պատմություններով: Նախ հարցազրուցավարը խոսել է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի հետ: Լիլիթ Մարտիրոսյանը գերմանական օրաթերթին  պատմել է, որ ինքը պետք է զգույշ լինի, շատերն են իրեն ատում: «Գրեթե ամեն օր, ինչ-որ տեղ աշխարհում, ինչ-որ մեկին սպանում են պարզապես այն պատճառով, որ նա տրանսգենդեր է»,- հավելել է Լիլիթը: Նա առաջին տրանս կինն էր, ով ելույթ  ունեցավ ՀՀ խորհրդարանում՝ իր խոսքով պաշտպանելով ԼԳԲՏԻՔ անձանց: Դրանից հետո նա ատելության և մահվան սպառնալիքների հաղորդագրություններ է ստացել:  ԱԺ-ում իր ելույթից հետո քահանա Պետրոսյանը հրապարակավ կոչ է արել մահապատժի ենթարկել իրեն և իր նման տրանսգենդերներին իրենց գենդերային ինքնության համար: ԲՀԿ պատգամավորը լրատվամիջոցներին բացատրում էր, որ չի կարելի տղամարդկանց խառնել կանանց հետ, քանի որ դա ամոթալի է: Խորհրդարանում իր երեք րոպենանոց  ելույթում Լիլիթը  փաստերով ու թվերով նկարագրել է Հայաստանում ԼԳԲՏԻՔ գենդերային ինքնություն ունեցող մարդկանց հանդեպ խտրականության, խարանի և հետապնդումների դիսկուրսը: Ելույթից հետո ատելության և սպառնալիքների ահռելի ալիքը փլուզվեց Լիլիթի գլխին: Խորհրդարանի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Լիլիթին մեղադրել է ԱԺ «օրակարգը խախտելու» և «չհարգելու» մեջ: Դրանից անմիջապես հետո Լիլիթի ֆեյսբուքյան էջում հայտնվեցին հերթական  մահվան սպառնալիքներով լի հաղորդագրությունները: Իրավիճակն էլ ավելի վատթարացավ, երբ  համացանցում հրապարակվեց նրա բնակարանի հասցեն: Զայրացած ամբոխը հավաքվել էր նրա տան դիմաց՝ վիրավորանքներ և  սպառնալիքներ հնչեցնելով: Իրավիճակը սրվել էր առ այն, որ Եվրամիության և ՄԱԿ-ի ներկայացուցիչները նախազգուշացրին Հայաստանում «ատելության խոսքի և բռնության աճի» մասին: Նախ Լիլիթը ստիպված էր թաքնվել Հայաստանում, այնուհետև, մի քանի շաբաթ օթևանել արտերկրում:

Chrismon Evangelisch Magazine-ըհարցազրույցն անցկացրել է «Իրավունքի կողմ» ՀԿ-ի գրասենյակում, որը Լիլիթը հիմնադրել է տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանության համար: Լիլիթը, նստելով իր  գրասեղանի ետևում, պատմեց իր կյանքի պատմությունը: Նա մեծացել է Երևանից մի քանի ժամ հեռավորության վրա գտնվող գյուղում: Լիլիթը չի ուզում ասել այդ վայրի անունը` իր ընտանիքը պաշտպանելու համար: Հայրը՝ հողագործ է,  մայրը՝ տնային տնտեսուհի: «Ամեն ինչ շատ ավանդական է եղել», – ասում է նա: Լիլիթը տասը կամ տասնմեկ տարեկան հասակում սկսում է թաքուն հագնել մոր հագուստները, ընտանիքը նրան  է,  այդ ցանկությունը միայն նրա գլխում է: Լիլիթը պատասխանում է. «Ոչ, ես կին եմ, ես դա զգում եմ»: Իրավիճակն ամեն օր ավելի է վատանում, մինչև Լիլիթը 13 տարեկանում  փախչում է տնից: Նա ճանապարհ է ընկնում դեպի Երևան՝ ծնողներին  ասելով, որ աշխատանք է գտել: Իրականում նա ստիպված էր սեքս աշխատանքով զբաղվել գոյատևելու համար: Լիլիթը բնակարան էր գտել, որտեղ ապրում էր այլ տրանսգենդեր կանանց հետ, ովքեր նույնպես զգում էին, որ իրենք սխալ մարմնում են ծնվել: Կյանքը դժվար է. ոչ ոք տրանսսեքսուալներին չի վերցնում աշխատանքի, քանի որ հակառակ դեպքում հայրիշխան  հասարակության բողոքը չափազանց մեծ կլինի: Երիտասարդ տրանս կինը ստիպված է եղել  փողոցում աշխատել: Լիլիթին ծեծել ու վատ են վերաբեր վել,նույնիսկ դանակով սպառնացել են նրան: Բարեբախտաբար, սենյակակիցները լսել են նրա ճիչը և հասել են օգնության: Այնուամենայնիվ, այս տարիները նրա համար ազատագրման ժամանակաշրջան են եղել, ինչպես որ պատմեց Լիլիթը: Այժմ նա ապրում է որպես տրանսգենդեր անձանց իրավունքների համար առաջնագծում պայքարող ակտիվիստ և կայացած կին: Սակայն նա նշեց, որ  հորմոնոթերապիայի հետ կապված շատ խնդիրներ կան, քանի որ Հայաստանում չկան բժիշկների կողմից հաստատված անհրաժեշտ հորմոններ : Լիլիթը խտրականության  է ենթարկվել հայաստանյան բժիշկների կողմից ևս, քանի որ նրանք հրաժարվել են  կատարել նրա սեռափոխության վիրահատությունը և Լիլիթը ստիպված է եղել Ռուսաստանից վիրաբույժ հրավիրել, քանի որ հայ վիրաբույժի համար բարդ էր կոտրել տաբուն` սեռափոխություն կատարելով: Լիլիթի վիրահատությունները տեղի են ունեցել գաղտնի, գիշերը՝ 2015 թ,-ի Սուրբ Ծննդյան օրվանից անմիջապես հետո: Լիլիթը իր ողջ խնայողությունները զոհաբերել է վիրահատության համար: Դա Հայաստանում սեռափոխության երրորդ վիրահատությունն էր:  Թե որտե՞ղ են տեղի ունեցել գործողությունները և թե ո՞վ է նրան խնամել, Լիլիթը  գերմանական օրաթերթին բացահայտել չի ցանկացել՝ նշելով, որ ինքը պետք է իրեն պաշտպանի: 2019 թ. ապրիլի 5-ից ի վեր՝ Լիլիթի խորհրդարանական ելույթից հետո, նա իր աշխատակից ընկերների և ընտանիքի անդամների հետ մեկտեղ ստացել է սպառնալիքներ՝ «Քեզ այրելն էլ քիչ է», «Մահապատիժ»:  Լիլիթը  նաև նշեց, որ ինքը ցանկանում է մնալ Հայաստանում: Իր՝ խորհրդարանական ելույթից հետո  նա ստիպված էր փախչել և երկու շաբաթ արտերկրում օթևանել; Լիլիթը պատմեց, որ մի պահ նա մտածել է  ընդմիշտ մնալ արտերկրում: Հետո վերադարձել է Երևան, չցանկանալով փախստական ​​դառնալ, քանի որ սա նաև իր  երկիրն է: Իր ընկերներն այստեղ են ապրում, և նրանք շարունակում են ենթարկվել խտրականության, այդ իսկ պատճառով նա ամեն օր հանդիպում է իր գործընկերների հետ իրենց փոքր գրասենյակում՝ աջակցելու տրանսգենդեր համայնքին: Հարցին, թե ինչ պետք է փոխվի Հայաստանում, Լիլիթը պատասխանել է, որ  իրենց պաշտպանող օրենքներ չկան, իրենց համար հորմոններ չկան, ինչպես նաև չկան բժիշկներ և կլինիկաներ, որտեղ իրենք կկարողանան վիրահատվել: Լիլիթը ցանկանում է դրա համար մինչև վերջ պայքարել:

Օրաթերթը հարցազրույց անցկացրեց նաև տրանս մոդել Մոնիկա Սարկիսյանի հետ: 2019-ի հունիսին նա հարձակման էր ենթարկվել, Երևանի կենտրոնում ամբոխը շրջապատել էր նրան: «Դա նրանցից մեկն է: Այրեք»,- մի կին բղավել է, երբ Մոնիկան քայլելիս է եղել Երևանի կենտրոնում: Նա միշտ իր հետ ունի շոկեր ատրճանակ: Մի մարդ վազել է դեպի Մոնիկան, քաշքշել նրա զգեստը՝ բղավելով. «Հանիր զգեստդ. ապացուցիր, որ կին ես»: Ամբոխը հարձակվել է նրա վրա: Պաշտպանվելու համար Մոնիկան  հանել է շոկեր  ատրճանակը,  օդում պահելով հետ մղել մարդկանց: Նա ստիպված է եղել միշտ կրել այն իր պայուսակում: Ավելի ուշ, երբ ոստիկանությունը եկել  է, միայն Մոնիկային են իրենց հետ տարել ոստիկանական բաժանմունք: Մոնիկայի հետ ամսագիրը հարցազրույցն անցկացրեց օպերայի հարակից սրճարանում: Մատուցողուհին  նյարդային խաչակնքվեց՝ տրանս կնոջը տեսնելով: Հարցազրույցի ընթացքում նա և սրճարանի մյուս տղամարդիկ ցույց էին տալիս Մոնիկային և ծիծաղում  նրա վրա: Մոնիկան անտեսում էր ծաղրը, որին առերեսվում է գրեթե ամեն օր: Նա շատ ավելի խորը վերքեր ունի: Մոնիկայի ծնողները և եղբայրները հրաժարվել են նրա հետ կապ պահպանելուց, և քանի որ նա աշխատանք չի կարողանում գտնել գոյատևելու համար կախված է «մի քանի տղամարդու աջակցությունից»: Նա ավելին չի ուզում մանրամասնել: Դեռևս մանկուց Մոնիկան մոդել դառնալու երազանք ունի: Վերջերս նա առաջարկ ստացավ մասնակցելու America’s Next Top Model-ի ուկրաինական հաղորդմանը: Բայց ճանապարհորդությունը չեղյալ հայտարարվեց Կորոնավիրուսի պատճառով: Փայլփլող աչքերով նա խոսել է միջազգային նորաձևության ապրանքանիշերի՝ ինչպիսիք են Gucci, Versace, Dolce & Gabbana-ի մասին: «Իմ  նպատակն է լինել տրանս կանանց դեմքը»,- ամփոփեց Մոնիկան:

Հաջորդ ԼԳԲՏԻՔ ակտիվիստը, ում հետ հարցազրույց անցկացվեց Մամիկոն Հովսեփյանն էր: Մամիկոնը պարբերաբար մահվան սպառնալիքներ է ստացել, քանի որ նա, լինելով «ՓԻՆՔ  Արմենիա» հասարակական կազմակերպության ղեկավարը, հանդես է գալիս ՀՀ-ում ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ: Հարցերին պատասխանելուց առաջ Մամիկոն Հովսեփյանը խորը շունչ քաշեց, քանի որ 37-ամյա երիտասարդը գիտի, թե ինչ է նշանակում հասարակությունից դուրս մնալը:«Ատելությունը դարձել է մեր ազգային ավանդույթի մի մասը: Եթե դուք չեք ատում, նշանակում է, որ իսկական հայ չեք»,- նշել է Մամիկոնը:

Փաստահավաք պատմությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանում պահպանողական հասարակությունը դեռ ամբողջապես պատրաստ չէ ընդունելու ԼԳԲՏԻՔ անձանց և հարգել նրանց իրավունքները, ինչպես որ պետք է լինի իրավահավասար և ժողովրդավար երկրում: Ամբողջական նյութին  կարող եք ծանոթանալ այստեղ:

«Իրավունքի  կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն և Լիլիթ Մարտիրոսյանն իրենց շնորհակալությունն են հայնտնում Chrismon Evangelisch Magazine-ին  Հայաստանում ԼԳԲՏԻՔ անձանց  իրավունքների  պաշտպանության վերաբերյալ դիսկուրսի լուսաբանման համար:

https://chrismon.evangelisch.de/artikel/2020/50538/reportage-transsexuelle-in-armenien

Սեպտեմբերի 10, 2020 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին