2017թ․ հուլիսի 3-ին հարձակում էր տեղի ունեցել «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի և նույն ՀԿ-ի շահառուների վրա։

          «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի վրա հարձակում էր գործել Երևան քաղաքի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը և վերջինիս հետ մի տղամարդ, ով ծեծի էր ենթարկել ՀԿ-ի շահառուին(անվտանգության նկատառումներից ելնելով շահառուի անունը նշված չէ) ։ Դեպքի օրը կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ահազանգել է ոստիկանություն, որից հետո ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնում Լ․ Մարտիրոսյանը և կազմակերպության շահառուն հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին և տվել բացատրություններ։ ՀՀ ոստիկանությունը դեպքի վերաբերյալ պատրաստել է նյութեր, որոնց հիման վրա 2017թ․ հուլիսի 19-ին որոշում է կայացրել հարուցել թիվ 14857617 քրեական գործը, որի շրջանակներում կազմակերպության շահառուն ճանաչվել է տուժող։ 19․07․2017թ․ թիվ 14857617 քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով․ այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ՝ պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

          19․07․2017թ․ թիվ 14857617 քրեական գործի շրջանակներում կազմակերպությունը հանձն է առել շահառուի իրավունքների և շահերի պաշտպանությունը և իրականացնում է ներկայացուցչություն։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ – ն հետամուտ է լինելու քրեական գործի արդարացի ընթացքին և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։