«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, զբաղվելով տրանսգենդեր անձանց իրավունքների և շահերի պաշտպանությամբ, հաճախ  ստանում է բողոքներ տրանսգենդեր անձանցից, ովքեր չեն կարողանում հատել ՀՀ սահմանը, որի հետևանքով խախտվում է վերջիններիս ազատ տեղաշարժի իրավունքը։

               Կազմակերպությունը իր առջև խնդիր է դրել հնարավորինս հեշտացնել տրանսգենդեր անձանց կյանքը և անել ամեն հնարավորը վերջիններիս կողմից իրենց իրավունքների անարգել իրացման համար։ Այդ իսկ պատճառով կազմակերպությունը 2017 թվականի հուլիսի 25-ին գրություն է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր՝ տեղեկատվություն ստանալու․

  1. «Արդյո՞ք անձը կարող է հատել սահմանը այն անձնագրով, որի լուսանկարը չի համապատասխանում անձի արտաքին տեսքին,
  2. Գործում է արդյո՞ք հատուկ ընթացակարգ նշված անձանց կողմից սահմանը հատելու կարգի վերաբերյալ, եթե գործում է նշել այդ ընթացակարգը,
  3. Եթե անձը չի կարող հատել սահմանը այն անձնագրով, որի լուսանկարը չի համապատասխանում արտաքին տեսքին, ապա ինչպես է կարգավորվում անձնագրի լուսանկարի և անձի արտաքին տեսքի տարբերության հարցը,
  4. Եթե անձնագիրը բավարար չէ անձի ինքնությունը ճշտելու համար, ապա ինչ այլ փաստաթղթով անձը կարող է հաստատել իր ինքնությունը, սահմանային անցակետում խնդիրներ չունենալու համար»։

                 Հարցմանն ի պատասխան 2017 թվականի օգոստոսի 7-ին ստացել ենք գրություն առ այն, որ «․․․ ՀՀ պետական սահմանի անցման կետերում անձի նույնականացումը ներկայացվող փաստաթղթի լուսանկարի հետ սահմանային վերահսկողության կարևորագույն գործընթաց է, ուստի այն դեպքերում երբ փաստաթղթում լուսանկարը կամ սեռը չեն համապատասխանում անձի արտաքին տեսքին, նրա սահմանահատումն արգելվում է․․․։ Սեռափոխված անձը նպատակահարմար է դիմի ՀՀ ԿԱ ոստիկանություն փոփոխված սեռով և  արտաքին տեսքով անձնագրավորվելու համար․․․»։

                 Ելնելով վերը հրապարակված գրության բովանդակությունից՝ կազմակերպությունը ներկայումս գործիքներ և միջոցառումներ է մշակում հասնելու նրան, որ տրանսգենդեր անձիք կարողանան սահմանը հատել անարգել՝ իրացնելով իրենց ազատ տեղաշարժի իրավունքը։

                  «Իրավունքի կողմ» Իրավապաշտպան ՀԿ-ն խորհորդ է տալիս բոլոր տրանսգենդեր անձանց համար հետևել  վերոնշյալ ընթացակարգին սահամանը  հատելիս,  իսկ խնդիրների դեպքում դիմել «Իրավունքի կողմ» Իրավապաշտպան ՀԿ խորհրդատվության և աջակցության համար։ Հետագա փոփոխությունների դեպքում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կտարածի նոր հաղորդագրություն։