EN
>

ԱՅՍՕՐ ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որի նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկվածությունն աշխարհում։ Յուրաքանչյուր տարի այս օրը պետական մարմինները և հասարակական կազմակերպությունները միավորում են իրենց ուժերը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման մասին տեղեկատվություն տարածելու նպատակով։ Այս տարի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոսն է «Թող առաջնորդեն համայնքները»: Ինչպես ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքում, այս կարգախոսը գործողությունների կոչ է՝ հնարավորություն տալու և աջակցելու համայնքներին, որպեսզի իրենք կայացնեն իրենց վերաբերող որոշումները:

Հայաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, ցավոք դեռևս առկա են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տարածված սխալ պատկերացումներ և կարծրատիպեր: «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը՝ որպես Տրանս ԼԳԲԻՔ  և սեքս աշխատողների համայնքահեն կազմակերպություն, վճռական է տրամադրված՝ պայքարելու  նախապաշարումների դեմ և զարգացնելու ներառական հասարակություն՝ առանց կանխակալ վերաբերմունքի, քանի որ իրական պաշտպանությունը ներառում է ոչ միայն տեղեկատվության և բժշկական ծառայությունների հասանելիություն, այլև արժանապատվության, հարգանքի վրա հիմնված միջավայրի ստեծում, որտեղ յուրաքանչյուր անհատ, անկախ սոցիալական վիճակից, գենդերային ինքնությունից և սեռական կողմնորոշվածությունից, պաշտպանված է խտրականությունից։ Ցավոք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ հաճախ ենթարկվում են տարբերակված մոտեցման ինչպես հասարակական տարբեր ոլորտներում, այնպես էլ պետական մարմիններում։ Պետական և իրավապահ մարմինների կողմից խտրական վերաբերմունքը ոչ միայն հավերժացնում է բացասական կարծրատիպերը, այլև ստեղծում է միջավայր, որտեղ անհատները կարող են վարանել աջակցության դիմել կամ օգտվել անհրաժեշտ ծառայություններից:

Հայաստանում հաճախ չի հարգվում անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, ինչի արդյունքում ՄԻԱՎ կարգավիճակի առանց համաձայնության  բացահայտումը շարունակում է մնալ տարածված խնդիր, որի օրինակն է անցած ամիս տեղի ունեցած դեպքը, երբ պարեկները ՄԻԱՎ ունեցող տղամարդու պայուսակում հակառետրովիրուսային դեղեր էին հայտնաբերել և թմրանյութեր պահելու կասկածանքով բերման ենթարկել Կենտրոնի բաժին։ Բաժնում նրան ծաղրել էին, նվաստացրել, առանց թույլտվության պատասխանել հեռախոսազանգերին, ՄԻԱՎ դրական կարգավիճակը բացահայտել ընտանիքի անդամներին։

Նշելով ՄԻԱՎ-ի կանխարգելման օրը, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխատելու հանուն համայնքի պաշտպանության. 2016 թ-ից սկսած կազմակերպությունը Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատողների շրջանում իրականացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետազոտություն, տրամադրել է ՄԻԱՎ-ի կանխարգելման փաթեթներ և կազմակերպել է մի շարք կրթատեղեկատվական սեմինարներ, համայնքային հանդիպումներ և վերապատրաստումներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ։

Դեկտեմբեր 1, 2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին