EN
>

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Մեծ ոգևորվածությամբ հայտնում ենք, որ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը մեկնարկում է իր առաջին տարածաշրջանային ծրագիրը՝ Strengthening Trans Organizing Resiliency & Capacity to Advocate for Legal Gender Recognition in the Conflict Affected Larger South Caucasus Region, որը միավորում է Տրանս ԼԳԲԻՔ կազմակերպությունների, խմբերի ու անհատ ակտիվիստների Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից և Թուրքիայից։ Տարածաշրջանային ծրագիրը իրականացվում է Մեծ Բրիտանիայի կառավարության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի ֆինանսական աջակցությամբ և նպատակ ունի ստեղծել ապահով միջավայր Տրանս ԼԳԲԻՔ անձանց համար և հզորացնել կարողությունները, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել կոնֆլիկտները և դիմակայել ճգնաժամերի, շարունակել Տրանս ԼԳԲԻՔ իրավունքների պաշտպանությունը և թափ հաղորդել Տրանս ԼԳԲԻՔ շարժմանը իրենց երկրներում և տարածաշրջանում։ Ծրագիրը ներառում է երկու տարածաշրջանային դասընթացների իրականացում՝ Թբիլիսիում և Ստամբուլում, գենդերի իրավական ճանաչման վերաբերյալ տարածաշրջանային հետազոտության իրականացում, ենթադրամաշնորհների տրամադրում բոլոր մասնակից կազմակերպություններին և խմբերին և գենդերի իրավական ճանաչման օրենքի նախագծի մշակում։

                 

Ծրագրի մեկնարկը տրվեց սույն թվականի մայիսի 9-ից 11-ը Թբիլիսիում «Ճգնաժամային պատրաստվածության և ճկունության բարձրացում» դասընթացի իրականացմամբ, որին մասնակցում էին 23 անհատներ՝ Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի Տրանս ԼԳԲԻՔ կազմակերպություններից։ 

Տարածաշրջանի ներկայիս քաղաքական համատեքստում ճգնաժամերին հակազդելու դիմացկունությունը առաջնային է, ուստի այս դասընթացը նպատակ ուներ հարթակ ստեղծել և տրամադրել Տրանս ԼԳԲԻՔ անձանց՝ մոբիլիզացիայի, համերաշխություն ձևավորման, միմյանց համատեքստերը ուսումնասիրելու և գենդերի իրավական ճանաչման ուղղությամբ ջատագովության շրջանակներում համագործակցությունը խթանելու համար։ 

 

                 

«Ճգնաժամային պատրաստվածություն և ճկունության բարձրացում» դասընթացի ընթացքում հրավիրված փորձագետը վարեց ինտերակտիվ նիստեր և քննարկումներ, ինչպես նաև մասնակիցները ներգրավվեցին գործնական առաջադրանքներում հետևյալ թեմաներով՝

  • Ճգնաժամային պատրաստվածություն, ռիսկերի գնահատում և նվազեցում։ 
  • Շահերի պաշտպանության մոտեցումներ և գործիքներ՝ տեղական և տարածաշրջանային համատեքստում գենդերի իրավական ճանաչման գործընթացները առաջ մղելու համար:
  • Գենդերի իրավական ճանաչման դերը՝ որպես իրավահավասարության երաշխավորություն՝ անկախ գենդերային ինքնությունից:
  • Գենդերի իրավական ճանաչման տարբեր մոտեցումները և գործելակերպը, լավագույն փորձի վերլուծություն։ 
  • Քաղաքական ճգնաժամեր, սոցիալական և ռազմական հակամարտություններ և դրանց հետ կապված մարտահրավերները ԼԳԲՏԻՔ համայնքի համար։
  • Տարածաշրջանի և առանձին երկրների քաղաքական ենթատեքստերի վերլուծություն։
  • Համընդհանուր անվտանգություն և ռիսկերի կառավարում։
  • Տրանս ԼԳԲԻՔ համայնքի առջև ծառացած մարտահրավերների քարտեզագրում:
  • Ռազմական հակամարտությունների ժամանակ անվտանգության միջոցները։
  • Արշավներ պլանավորում, կազմակերպում և իրականացում Տրանս ԼԳԲԻՔ անձանց խնդիրների վերաբերյալ։ 

                    

Այս դասընթացի արդյունքում տարածաշրջանային երկրների Տրանս ԼԳԲԻՔ համայնքի ներկայացուցիչները ստացան հիմնական գիտելիքներ, հմտություններ և ռազմավարություններ՝ արդյունավետորեն արձագանքելու իրենց համայնքներում առկա ճգնաժամերին, որպեսզի շարունակեն պաշտպանել Տրանս ԼԳԲԻՔանձանց իրավունքները և ջատագովություն իրականացնել գենդերի իրավական ճանաչման ուղղությամբ։ Մասնակիցները կարևորեցին դասընթացը՝ շեշտելով դրա եզակիությունը՝ որպես տրանս իրավունքների ու խնդիրների վերաբերյալ հանդիպում, որտեղ հենց տրանս անձինք են բարձրաձայնում և լուծման ուղիներ փնտրում իրենց խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծելով, որ այն տարածաշրջանային երկրների համատեքստերի վերաբերյալ հավաստի տեղեկատվության փոխանակման հնարավորություն ընձեռեց մասնակիցներին։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին իրենց ներգրավվածության, ներդրման, փորձի փոխանակման ու համատեղ աշխատանքի համար, ինչի շնորհիվ հարստացան մեր համընդհանուր ջանքերը՝ ուղղված Տրանս ԼԳԲԻՔ անձանց  իրավունքների պաշտպանությանը: Մենք անհամբեր սպասում ենք օգոստոսին Ստամբուլում մեր հաջորդ հանդիպամանը` «Տարածաշրջանային Տրանս շահերի պաշտպանության դասընթաց և համագումար»-ին, որպեսզի շարունակենք մեր աշխատանքները՝ հասնելու ինքնորոշման վրա հիմնված գենդերի իրավական ճանաչման տարածաշրջանային երկրներում։ 

Մայիս 31, 2024 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին