EN
>

IDAHOBIT-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ՝ «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ՀԿ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՏՐԱՆՍ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Մայիսի 17-ը հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է (IDAHOBIT), որի նպատակն է բարձրացնել ԼԳԲՏԻՔ անձանց տեսանելիությունը և հասարակության իրազեկվածությունը ԼԳԲՏԻՔ անձանց խնդիրների և նրանց նկատմամբ ատելության հիմքով խտրականությունների ու հանցագործությունների, ինչպես նաև նախապաշարմունքների մասին, որոնք պայմանավորված են սեռական կողմնորոշվածությամբ, գենդերային ինքնությամբ և գենդերային ինքնարտահայտմամբ: Oրվա առիթով այսօր՝ մայիսի 16-ին, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր Տրանս Հպարտության համաժողով, որի օրակարգում էր Հայաստանում Տրանս Փրայդի իրականացման հնարավորության քննարկումը, կազմակերպության կողմից իրականացված վերջին հետազոտության և ԼԳԲՏԻՔ անձանց կողմից ստեղծված պատմությունների գրքի շնորհանդեսը, ինչպես նաև տրանս ակտիվիստների արժևորումը և նրանց հաջողությունների պատմությունների ներկայացումը։ Համաժողովին ներկա էին Եվրոպայի Խորհրդի, Եվրոպական միության, Արդարադատության նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ավելի քան 70 Տրանս ԼԳԲԻՔ համայնքի ներկայացուցիչներ և համակիրներ։

                 

Տրանս Հպարտության կոնֆերանսը ողջույնի խոսքով բացեց «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարկական կազմակերպության հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ով ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպության գրանցած իրավական հաղթանակները և այլ հաջողությունները, խոսեց բռնության մակարդակի բարձրացման և շեշտեց տրանս տեսանելիության բարձրացման անհրաժեշտության մասին, որը կարող է հանդիսանալ մոտ ապագայում Տրանս Փրայդի իրականացման առաջին քայլը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար պարոն Յան Պլեշինգերը՝ իր ելույթում նշելով, որ տրանս իրավունքների պաշտպանությունը և խտրականության դեմ պայքարը առաջնահերթություն են Եվրոպական միության համար։

                 

Ապա Միլենա Աբրահամյանը ներկայացրեց Կանանց Ռեսուրսային կենտրոնի ֆինանսավորմամբ իրականացված Գենդերի իրավական ճանաչման հետազոտությունը։ Գենդերի իրավական ճանաչման վերաբերյալ հստակ կարգավորումների բացակայությունը հանդիսանում է  տրանս համայնքի համար էական իրավական բացերից մեկը Հայաստանում։ Ներկայացվող հետազոտությունը «Իրավունքի կողմ» ՀԿ-ն իրականացրել է անցած տարվա ընթացքում՝ ուսումնասիրելով ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում գենդերի իրավական ճանաչման դրությունը և տրանս համայնքի կարիքները, այլև Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքիայի և Ուկրանայի օրենսդրության և պրակտիկայի փորձը։ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի համար գենդերի իրավական ճանաչման բարեփոխումները առաջնահերթություն են և այս ուղղությամբ այժմ կազմակերպությունը իրականացնում է նաև տարածաշրջանային ծրագիր, որի վերջնարդյունքը կլինի գենդերի իրավական ճանաչման վերաբերյալ օրենքի նախագծի ստեղծումը։ 

                 

Տրանս Հպարտության Համաժողովի երկրորդ մասը նվիրված էր տրանս համայնքի արժևորմանը և հաջողության պատմությունների ներկայացմանը։ Սևակ Լուսաբեր Կիրակոսյանը ներկայացնեց իր տրավեստի կերպարը՝ Սոֆիկին, ում միջոցով նա ակտիվիզմ է իրականացնում սոցիալական ցանցերում, Տրանս իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամի նախագահ Կուկա Կասյանը ներկայացրեց իր առողջ ապրելակերպի, սննդակարգերի մասին գիտելիքները՝ ներկաներին պատմելով իր սիրելի հոբբիի՝ խոհարարության մասին։ Քիմբերլի Խաչատրյանը, ով հասարակությանը հայտնի է որպես բյութի ինֆլյուանսեր, ներկայացրեց իր հիմնած բյութի բրենդը, որն արդեն երեք տարեկան է։ Վերջում իր մոդելային կարիերայի և ակտիվիզմի մասին խոսեց հայ առաջին տրանսգենդեր մոդել Մոնիկա Սարկիսյանը, ով ներկայացրել է Հայաստանը Միս Տրանս Գլոբալ գեղեցկության մրցույթում 2021 թ․-ին։ 

                 

Հանդիպումը ընթացավ ակտիվ հարց ու պատասխանի և քննարկումների ջերմ մթնոլորտում, որի ընթացքում շեշտվեց նաև Հայաստանում Տրանս ԼԳԲԻՔ անահատների նկատմամբ խտրականության ու բռնության բարձր մակարդակի մասին։ Ցավոք պետք է արձագանքենք, որ 2023 թվականը նաև փորձությունների և ծանր կորուստների տարի էր, և ամենադաժան հարվածը տրանսգենդեր կին Ադրիանայի դաժան սպանությունն էր, ինչը խորապես ցնցեց ողջ ԼԳԲՏԻՔ համայնքին ու համակիրներին, և ինչին հաջորդեց սպանությունը արդարացնող, մարդասպանին հերոսացնող, բռնության սպառնալիքներ պարունակող մեկնաբանությունների տարափը սոցիալական մեդիայում։ 

                 

Այս խոչընդոտների առկայության պայմաններում առավել կարևոր է Տրանս և ԼԳԲԻՔ ակտիվիստների և ոլորտում գործող կազմակերպությունների աշխատանքի շարունակականությունը և պայքարելու վճռականությունը: Մեր առջև դեռ բազմաթիվ նպատակներ կան՝ հասնել գենդերի իրավական ճանաչման, ստեղծել Տրանս ԼԳԲԻՔ անձանց համար ապաստարան, ապահովել տրանս անձանց համար բժշկական որակյալ ծառայությունների հասանելիությունը, ստեղծել արագ արձագանքման ֆոնդ, և իհարկե շարունակել բարձրացնել տեսանելիությունը, ինչի շնորհիվ  հնարավոր կլինի նաև Տրանս Փրայդի իրականացումը։ Տրանս Հպարտության Համաժողովը ծառայեց որպես հարթակ ու սկզբնակետ՝ Տրանս Փրայդի ուղղությամբ առաջին քայլերը իրականացնելու համար։ 

Հանդիպման ավարտին Լիլիթ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր Տրանս և ԼԳԲԻՔ ակտիվիստներին, ովքեր իրենց ուսերին են վերցրել հանուն հավասարության և անվտանգության պայքարի դժվարին աշխատանքը և ճանապարհ են հարթում առաջընթացի համար: Մենք շարունակելու ենք մեր պայքարը և աշխատանքը, որպեսզի միասին կառուցենք այնպիսի պետություն, որտեղ յուրաքանչյուր անհատ կլինի ընդունված և հարգված՝ անկախ սեռական կողմնորոշվածությունից, գենդերային ինքնությունից և գենդերային ինքնաարտահայտումից:

Մահիս 15, 2024 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին