
Փաստաբանի թափուր հաստիքի մրցույթ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է փաստաբանի թափուր հաստիքի մրցույթ`
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, օրական 4 ժամ՝ ճկուն գրաֆիկով
Տևողությունը՝ պայմանագրային (1 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ)
Փորձաշրջան՝ 1 ամիս
Աշխատանքի վայրը՝ Երևան (կենտրոն), Հայաստանի Հանրապետություն
Աշխատանքի նկարագրություն
- Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն ՀԿ շահառուներին։
- Ապահովել ներկայացուցչության ՀՀ դատարաններում և այլ պետական մարմիններում, ոչ կառավարական տեղական և միջազգային կառույցներում:
- Համագործակցել պետական, տեղական ինքնակառավարման և իրավական մարմինների հետ:
- Անհրաժեշտության դեպքում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությունների առաջարկներով:
- Իրականացնել իրավաբանական հետազոտություններ:
- Փաստաթղթավորել շահառուների իրավունքների խախտումները:
- Պատրաստել զեկույցներ և վերլուծություններ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:
- Պատրաստել ՀԿ-ի աշխատանքային պայմանագրերը, անհրաժեշտ իրավական փաստաթղթերը, ներքին կանոնակարգերը և այլն:
- Մշակել և մատուցել ուսուցողական մոդուլներ մարդու իրավունքների, խտրականության և խոշտանգումների կանխարգելման, խոսքի ազատության, ատելության խոսքի և ատելության հանցագործության և գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ։
- Կատարել աշխատանքի հետ կապված այլ գործողություններ:
Պահանջվող որակավորումներ ու հմտություններ
- Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայություն:
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:Աշխատանքային փորձը քաղաքացիական հասարակության կազմակերպություններում կդիտվի որպես առավելություն:
- ՀՀ քրեական և քաղաքացիական օրենսգրքի գերազանց իմացություն:
- Համակարգչային գիտելիքներ։
- Հարցաշարերի, զեկույցների և այլ փաստաթղթերի կազմման հմտություններ:
- Պատասխանատվություն, ճշտապահություն, միջանձնային հաղորդակցման հմտություններ։
- Թիմային աշխատանքի և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ։
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail էլ․ հասցեին մինչև ս.թ. մարտի 25-ը՝ նամակի վերնագրում նշելով «Փաստաբան»:
Մարտի 3, 2022 Հայաստան, Երևան
Հանդիպում-քննարկում սեքս աշխատող համայնքի ներկայացուցիչների հետ
Սույն թվականի մարտի 2-ին, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ապահով տարածքում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին Երևանից և ՀՀ տարբեր մարզերից սեքս աշխատող համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիպումը վարում էր «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները․
- Խտրականությունը սեքս աշխատողների նկատմամբ։
- Աշխատանքի հետ կապված խնդիրները։
- Կրթության ոլորտի բացերը։
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ՍՃՓՎ:
- Covid-19 հետևանքները։
- Օրենքի բացերը։
Լիլիթը շնորհակալություն հայտնեց սեքս աշխատող համայնքի ներկայացուցիչներին ներկա գտնվելու համար, ապա խնդրեց մասնակիցներին պատմել, թե ինչ խնդիրների են բախվում։
Սեքս աշխատող անձինք բարձրաձայնեցին մի շարք խնդիրների մասին, ինչպիսիք են ընտանեկան բռությունը, հասարակության կողմից խտրականությունն ու ծաղրը, որոնց բախվել են տարիներ շարունակ։ Ներկա գտնվողներից մի քանիսը պատմեցին, որ լքված են հարազատների կողմից իրենց աշխատանքի ընտրության պատճառով, նշեցին, որ շատ հաճախ անգամ ստիպված են լինում բռնության զոհ դառնալ իրենց իսկ ընտանիքներում։ Լ. Մարտիրոսյանը սեքս աշխատող անձանց հետ կատարեց կարիքների քարտեզագրում, որպեսզի հետագայում տարբեր ծրագրերի միջոցով աջակցություն տրամադրվի նրանց։
Փաստագրելով մի շարք խախտումներ՝ Լ․ Մարտիրոսյանը խնդրեց, որ մասնակիցները ոչ մի խտրականության դեպք չթողնեն անպատասխան և դրա մասին տեղեկացնեն կազմակերպությանը, ինչպես նաև հավելեց, որ ցանկացած պարագայում ՀԿ-ն նրանց համար կապահովի փաստաբանական ներկայացուցչություն ոստիկանությունում և դատարաններում։
Հանդիպմանը ներկա սեքս աշխատող անձինք խնդրեցին ապահովել վերջիններիս ներգրավվածությունը կազմակերպության կողմից իրականացվող կրթական միջոցառումներին, սեմինարներին և այլ ծրագրերին։
Լիլիթ Մարտիրոսյանը մանրամասն ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՎ-ների փոխանցման ուղիների, դրանց կանխարգելման և բուժման եղանակների մասին։ Մասնակիցներին ներկայացվեց նաև ՀԿ-ի ապագա ծրագրերը, որոնք ուղղված են լինելու սեքս աշխատողների առողջության պահպանմանը և սեռական առողջության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Հանդիպմանը ներկա սեքս աշխատող անձինք խնդրեցին ՀԿ-ին շարունակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետազոտությունները։
Սեքս աշխատող անձինք պատմեցին, որ համաճարակի ընթացքում եղել են ֆինանսական ծանր վիճակում, քանի որ ստիպված են եղել ինքնամեկուսանալ և անկարող են եղել սեքս աշխատանքով զբաղվել, շատերի համար սեքս աշխատանքը եկամտի միակ աղբյուրն է։ Պետք է նշենք, որ սեքս աշխատող անձանց համար մինչև այժմ գործում են վարչական տուգանքներ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ եթե նույն գործողությունները կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:
Հանդիպումն անցավ բուռն քննարկումներով, մասնակիցները ներկայացրին բոլոր այն դեպքերը, որոնց բախվում են, կիսվեցին անհատական պատմություններով, թե ինչպես են օրեցօր ավելանում նրանց նկատմամբ բռնության ու խտրականության դեպքերը։ Քննարկման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին արդյունավետ հանդիպման համար և ավելացրին, որ միասին պայքարելու են նվազեցնելու խարանն ու խտրականությունը սեքս աշխատող անձանց նկատմամբ՝ ստեղծելով ապահով և ներդաշնակ միջավայր համայնքի բոլոր ներկայացուցիչների համար։