Ամրապնդելով պատրաստվածությունը հնարավոր մարտահրավերներին․ «Իրավունքի Կողմ»-ի եռօրյա աշխատաժողովը

Սույն թվականի հունիսի 3-ից 5-ը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրականացրեց եռօրյա ճգնաժամային պլանավորման աշխատաժողով՝ կազմակերպության աշխատակիցների մասնակցությամբ։

Աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել կազմակերպության պատրաստվածությունը 2026 թվականի հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և զարգացնել հնարավոր ճգնաժամային իրավիճակներին արագ ու արդյունավետ արձագանքելու կարողությունները։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները մշակեցին ճգնաժամային հաղորդակցման պլանի հիմնական ուղղությունները, քննարկեցին և ձևավորեցին արագ արձագանքման անվտանգային պրոտոկոլներ, ինչպես նաև մշակեցին այլ հասարակական կազմակերպությունների, ցանցերի և միջազգային գործընկերների հետ համերաշխության ու համագործակցության մեխանիզմներ՝ արտակարգ իրավիճակներում համատեղ և համակարգված գործելու նպատակով։

Աշխատաժողովի շրջանակում կազմակերպության թիմը նաև վերանայեց կազմակերպության ներքին քաղաքականություններն ու ընթացակարգերը՝ գնահատելով դրանց արդյունավետությունը և համապատասխանությունը առկա մարտահրավերներին։ Քննարկումների արդյունքում նախանշվեցին մի շարք բարելավումների ուղղություններ, որոնք կնպաստեն կազմակերպության ինստիտուցիոնալ կայունության և ճգնաժամային իրավիճակներում գործելու կարողությունների ամրապնդմանը։

Եռօրյա աշխատանքը կարևոր հնարավորություն դարձավ թիմի համար՝ համատեղ գնահատելու հնարավոր ռիսկերը, հստակեցնելու արձագանքման մեխանիզմները և ուժեղացնելու կազմակերպության պատրաստվածությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջացող մարտահրավերներին առավել համակարգված և արդյունավետ արձագանքելու նպատակով։

15-06-2026
Կիսվել