EN
>

ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ «ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն, լինելով տարածաշրջանում տրանս անձանց և սեքս աշխատողների համար գործող իրավապաշտպան առաջին համայնքահեն և առաջատար հասարակական կազմակերպություններից, զբաղվում է սեքս աշխատող անձանց իրավունքների պաշտպանությամբ, նրանց կրթությամբ, սոցիալական բարեկեցության ապահովմամբ, մտավոր և ֆիզիկական անվտանգությամբ և պաշտպանությամբ, ինչպես նաև բարձրացնում է հանրային իրազեկվածության մակարդակը տրանս անձանց և սեքս աշխատողների վերաբերյալ՝ նվազեցնելով նրանց նկատմամբ խարանը և խտրականությունը։

Սույն թվականի հոկտեմբերի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում ՀԿ-ն կազմակերպեց դասընթաց՝ «Առաջնորդության հմտություններ և ակտիվ քաղաքացիական ներգրավվածություն» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերից և Երևանից սեքս աշխատող համայնքի ներկայացուցիչներ։

Դասընթացի նպատակն էր խթանել սեքս աշխատող անձանց կարողությունների զարգացումը և հզորացումը, բարելավել նրանց ներգրավվածության մակարդակը սոցիալ-մշակութային և քաղաքացիական կյանքում, ապահովել նրանց անվտանգությունը ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակությունում։ Բացի այդ, հանդիպումը նպատակաուղղված էր նպաստելու սեքս աշխատող անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և կրում էր ուսուցողական բնույթ։

Հանդիպման թեմաներն էին.  

  • Սեքս աշխատող անձանց նկատմամբ խարանը և խտրականությունը
  • Սեքս աշխատանքը և դրա իրավական կարգավորումները ՀՀ-ում
  • Մտավոր և ֆիզիկական անվտանգություն
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ և սեռավարակներ
  • Առաջնորդության հմտություններ
  • Քաղաքացիական ներգրավվածություն
  • Համայնքային մոբիլիզացիա
  • Լրատվամիջոցների հետ աշխատանք
  • Սեքս աշխատող անձանց դրական իմիջի ստեղծում:

Հանդիպման առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։ Նա ողջունեց բոլոր մասնակիցներին, իր երախտագիտության խոսքն ուղղեց նրանց հանդիպմանը մասնակցություն ունենալու համար, վստահեցրեց, որ սա կլինի նրանց լավագույն դասընթացներից մեկը, բոլորը կստանան նոր գիտելիքներ և կանցկացնեն հիանալի ժամանակ։

Այնուհետև մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, որին էլ հաջորդեց եռօրյա դասընթացի ողջ ընթացքի համար կանոնների սահմանումները։

Առաջին օրը նվիրված էր առաջնորդության հմտությունների ձևավորմանը և քաղաքացիական ներգրավվածության խթանմանը։ Մասնակիցները ձեռք բերեցին իրենց համայնքներում առաջնորդ դառնալու համար անհրաժեշտ կարողությունները: Բաժանվելով խմբերի՝ նրանք կատարեցին գործնական աշխատանքներ առաջնորդության և ջատագովության թեմաներով: Փորձագետը խոսեց սեքս աշխատողների՝ քաղաքացիական կյանքում ակտիվ ներգրավվվածություն ունենալու կարևորության և հնարավորությունների մասին, ընդգծեց դրական իմիջի ստեղծման անհրաժեշտությունը և կիսվեց լրատվամիջոցների հետ աշխատանքի իր փորձով: Մասնակիցներն առաջարկեցին իրենց ստացած գիտելիքներն օգտագործել համայնքի այն անդամների շրջանում, որոք հանդիպմանը ներկա չէին։

Դասընթացի երկրորդ օրը տեղի ունեցավ պանելային քննարկում. 8 սեքս աշխատողներ պատմեցին իրենց՝ որպես Տրանսգենդեր և սեքս աշխատող անձանց նկատմամբ տեղի ունեցած բազում բռնությունների, խարանի ու խտրականության մասին, և թե ինչպես են կարողացել պաշտպանվել ու գոյատևել կյանքի դժվար պայմաններում: Դասընթացավարի հետ նրանք քննարկեցին մտավոր և ֆիզիկական անվտանգության թեման, խոսեցին, թե ինչ խոչընդոտների են հանդիպել առողջապահության ոլորտում, ընտանիքում, փողոցում և առհասարակ կյանքի բոլոր ոլորտներում, ինչպես նաև անդրադարձան Հայաստանի Հանրապետությունում սեքս աշխատանքով զբաղվելու բարդություններին, խնդիրներին, վտանգներին։ Սեքս աշխատող անձինք նաև պատասխանեցին դասընթացավարների հարցերին, որոնք ի պատասխան իրենց պատրաստակամությունը հայտնեցին կանգնելու սեքս աշխատող անձանց կողքին՝ նրանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար։

Երրորդ օրվա ընթացքում մասնակիցներն անդրադարձան ՀՀ-ում սեքս աշխատանքի իրավական կարգավորմանը և իրենց անվտանգությանը: Նրանք կիսվեցին անհատական պատմություններով՝ խոսելով իրենց նկատմամբ իրականացված հանցագործությունների մասին, նկարագրելով, թե ինչպես են դիմակայում բռնության դեպքերին և ատելության քարոզին ՀՀ-ում: Բոլոր մասնակիցները ձեռք բերեցին ինքնապաշտպանվելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։

Ամփոփելով դասընթացի երեք օրերը՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, դասընթացը ֆինանսավորող կազմակերպությանը, դասընթացավարներին, ԻԿ ԻՀԿ ողջ անձնակազմին և նշեց, որ նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, քանի որ դրանք չափազանց կարևոր են սեքս աշխատող անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար։ Նա նաև նշեց, որ հանդիպումները լավագույն հարթակներ են մեզ համար, որտեղ մենք համախմբվում ենք, քննարկում մեր կարիքները և խնդիրները՝ դրանց լուծման արդյունավետ ուղիներ փնտրելով. «մենք շարունակելու ենք համախմբել սեքս աշխատող անձանց և նպաստել նրանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանը՝ հանուն նրանց բարեկեցության ու բարօրության, հանուն նրանց իրավունքների պաշտպանության»։

Երրորդ օրվա ավարտին մասնակիցներին հանձնվեցին դասընթացի մասնակցության հավաստագրեր։

Դասընթացն իրականացվել է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից՝ «Կարմիր հովանոց» ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին