EN
>

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն, շարունակելով բարձրացնել սեքս աշխատողների իրազեկվածության մակարդակը իրենց իրավունքների վերաբերյալ, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կրթատեղեկատվական միջոցառումների շարք էր կազմակերպել։

Նոյեմբերին իրականացավ անվտանգության և պաշտպանվածության, ֆիզիկական և հոգեկան առողջության, ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի կանխարգելման և թվային անվտանգության վերաբերյալ թվով չորս միջոցառում։

Միջոցառումների ընթացքում կազմակերպության աութրիչ աշխատակիցները, մշտապես կապի մեջ լինելով սեքս աշխատող համայնքի անդամների հետ, նրանց շրջանում պարբերաբար իրականացրել են ՄԻԱՎ-ի հետազոտություն, տրամադրել են պահպանակներ և լուբրիգելներ, իրազեկել են սեռական առողջության պահպանման վերաբերյալ և ուղղորդել են համապատասխան բժշկական զննումների։

Սեքս աշխատող անձինք, հանդիպելով կազմակերպության իրավաբանի հետ, ձեռք են բերել իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մանրակրկիտ տեղեկատվություն, որը կօգնի նրանց լինել պաշտպանված ոստիկանությունում, փողոցում սեքս աշխատանք կատարելիս և այլուր։

Միջոցառումների ընթացքում մասնակիցները ձեռք են բերել թվային անվտանգության վերաբերյալ գիտելիքներ և սովորել են պաշտպանված լինել սոցիալական տարբեր հարթակներում։ Սեքս աշխատողներից շատերը սեքս աշխատանքով են զբաղվում հենց օնլայն հարթակում, ուստի, համայնքի անդամները կարևորում են նշյալ միջոցառումների շարունակական լինելը՝ իրենց իսկ անվտանգության խթանման համար։

Դեկտեմբերին սեքս աշխատողները մասնակցել են թվով երեք միջոցառումների, որոնք կազմակերպվել էին Իրավունքի կողմ ԻՀԿ-ի համայնքային կենտրոնում։ Միջոցառումներն իրականացվել են թրաֆիքինգի, արտագաղթի, ընտանեկան բռնության կանխարգելման և սոցիալական աջակցության կարևորության թեմաներով:

Հանդիպումներն անհրաժեշտություն էին սեքս աշխատողների համար և լայն քննարկման առարկա դարձան, քանի որ ՀՀ-ում սեքս աշխատողները զուրկ են տարրական կենցաղային պայմաններից, չունեն գոյատևման միջոցներ, շատ հաճախ անգամ ստիպված են լինում բռնության զոհ դառնալ իրենց իսկ ընտանիքներում, քանի որ ֆինանսական միջոցներ չունեն առանձին ապրելու համար. «ամեն ինչ ավելի է սրվել ՔՈՎԻԴ-19-ի ժամանակահատվածում, ես նույնիսկ օրվա ծախսերը չեմ կարողանում հոգալ» – նշեց մասնակիցներից մեկը։

Սեքս աշխատող անձանց համար մինչև այժմ գործում են վարչական տուգանքներ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ եթե նույն գործողությունները կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով: Եվ քանի որ ՀՀ-ում սեքս աշխատանքով զբաղվելն օրինական չէ, շատ սեքս աշխատողներ գնում են արտերկիր աշխատելու և հաճախ չեն վերադառնում։

Պետք է նշենք նաև, որ սեքս աշխատողները պարբերաբար տարբեր երկրներում աշխատելու գրավիչ առաջարկներ են ստանում, իրազեկվածության պակասի պատճառով խաբվում են և միգրացիայի ճանապարհին չարաշահման, շահագործման և թրաֆիքինգի զոհ են դառնում։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները տեղեկացան թրաֆիքինգի երեք հիմնական տարրերի (գործողություն, միջոց, նպատակ), թրաֆիքինգի պատճառների և հետևանքների վերաբերյալ, գործնական խորհուրդների միջոցով իրազեկվեցին թրաֆիքինգի զոհ դառնալուց խուսափելու միջոցների մասին:

Նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, որպեսզի ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր սեքս աշխատողի խնդիր փաստագրվի, բարձրաձայնվի և լուծում ստանա։

Նշենք, որ սույն հանդիպումների շարքն իրականացվում է «Կարմիր հովանոց» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Դեկտեմբերի 24 2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին