EN

ԿԱՆԴԻԴՈԶ

Կանդիդոզը սեռական օրգանների սնկային վարակ է, որն առաջանում է օրգանիզմում կանդիդա տեսակի խմորասնկի գերակայության դեպքում: Այն ախտահարում է մաշկը, լորձաթաղանթը, ներքին օրգանները: Հարկ է նշել, որ առողջ մարդու օրգանիզմում առկա է կանդիդայի որոշակի քանակություն, որոնք, որպես կանոն, խաղաղ համագոյակցում են օրգանիզմի այլ սնկերի և միկրոօրգանիզմների հետ:

Փոխանցման ուղիները

Չպաշտպանված պատահական սեռական հարաբերությունները, մաշկի վնասվածքները, նյութափոխանակության խանգարումները, ոչ ռացիոնալ սնունդը, ինչպես նաև անձնական հիգիենայի կանոններին չհետևելը կարող են կանդիդոզի առաջացման պատճառ դառնալ: Կանդիդոզի փոխանցման հիմնական ճանապարհը վարակակրի հետ չպաշտպանված սեռական հարաբերություններն են: Վարակը ծննդաբերության ընթացքում կարող է մորից անցնել երեխային: Խմորասնկերը տարածված են արտաքին միջավայրում` սննդի վրա (հատկապես` հում մսի և կաթնամթերքների մեջ), տնային իրերի, կենդանիների վրա: Մարդը կարող է կանդիդոզով վարակվել ընտանի կենդանիներից: Վերջին տարիներին նկատվում է կանդիդոզի հաճախացման միտում, որը պայմանավորված է հակաբիոտիկների, հորմոնային դեղերի և հակաբեղմնավորիչների լայն օգտագործմամբ:

Ախտանշաններն ու փուլերը

  • սնկի ամրացում լորձաթաղանթի մակերեսին,
  • տարածում օրգանիզմով,
  • էպիթելային հյուսվածքի ախտահարում,
  • լորձաթաղանթի պատնեշի խախտում,
  • շարակցական հյուսվածքների ախտահարում,
  • հյուսվածքային և բջջային պաշտպանողական մեխանիզմների հաղթահարում,
  • թափանցում անոթների մեջ,
  • զանազան օրգանների ախտահարում:

Կանանց մոտ հիմնականում տարբերում են մակերեսային վուլվայի, հեշտոցի, և արգանդի կանդիդամիկոզ: Սակայն, ամենից հաճախ հանդիպող կլինիկական տարբերակը կանդիդամիկոզային վուլվովագինիտն է, որը դրսևորվում է հետևյալ համախտանիշերով.

  • առատ, լոռանման արտադրություն սեռական ճեղքից,
  • ցավոտ քոր, այրոցի զգացում սեռական օրգանների շրջանում,
  • բորբոքումների հետևանքով ցավ սեռական հարաբերության ընթացքում:

Այս դեպքում արտաքին սեռական օրգաններն այտուցվում, պատվում են սպիտակավուն փառով, որն առավել սուր է արտահայտվում նախադաշտանային փուլում:

Քրոնիկական փուլում վուլվովագինիտն ունի չնշմարվող պատկեր: Որպես կանոն, սուր կանդիդոզը տևում է երկու ամիս: Սնկերը տարածվում են միզասեռական օրգանների և ներքին սեռական օրգանների վրա: Վարակի սուր փուլում այտուցվում է արգանդի վզիկը, արտադրություններն ուժեղանում են: Կարող են ախտահարվել դաստակի և ոտնաթաթերի հատվածները, միջմատային ծալքերը, ինչպես նաև լեզուն, բերանի խոռոչը, բերանի անկյունները, նշիկները, շրթունքների կարմիր երիզը: Սեռական օրգաններին առաջանում են էռոզիաներ, այտուցային կարմրություն: Հիվանդությունը կարող է ուղեկցվել տհաճ քորով: Կանդիդոզով ախտահարված տղամարդիկ բողոքում են հաճախամիզությունից, սեռական օրգանների սուր քորից և այրոցից:

Կանխարգելումը և բուժումը

Քանի որ վարակի պատճառն ախտածին սնկերն են, անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը: Մեծ նշանակություն ունեն արտաքին աշխարհի գործոնները` ջերմությունը, խոնավությունը և այն ամենն, ինչը նպաստում է ախտածին խմորասնկերի բազմացմանը: Բուժման համար անհրաժեշտ է նախ և առաջ վերացնել արտաքին և ներքին նպաստող գործոնները և հատուկ հակասնկային բուժում նշանակել: Խստիվ արգելվում է ինքնաբուժմամբ զբաղվել, քանի որ հակասնկային դեղերի չափաքանակը խիստ անհատական է: Սուր և քրոնիկական ընթացքի դեպքում տեղային բուժում կատարելուց բացի նշանակում են համակարգային ազդեցության դեղեր: Հակասնկային բուժումից հետո անհրաժեշտ է հետևել սննդակարգին` հնարավորինս հաճախ կաթնամթերք օգտագործելով:

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին