EN

ՔԼԱՄԻԴԻՈԶ

Քլամիդիոզը պատկանում է ամենատարածված սեռավարակների թվին: Հարուցիչը քլամիդիա փոքրիկ բակտերիան է: Քլամիդիոզի դեպքում գլխավորապես ախտահարվում է միզասեռական համակարգը, սակայն երբեմն կարող են ախտահարվել նաև այլ օրգաններ` շնչառական ուղիները, աչքերը և այլն:

Հարկ է նշել, որ քլամիդիոզը, որպես առանձին սեռավարակ հազվադեպ է հանդես գալիս. այն սովորաբար ուղեկցվում է այլ սեռավարակների, հատկապես` գոնոռեայի, սիֆիլիսի, տրիխոմոնիազի հետ:

Փոխանցման ուղիները

Քլամիդիոզի փոխանցման հիմնական ուղին սեռական ճանապարհն է, ընդ որում, հարուցիչները վարակակրից զուգընկերոջը կարող են անցնել թե՛ հեշտոցային, թե՛ հետանցքային և թե՛ բերանային չպաշտպանված սեռական հարաբերությունների ժամանակ:

Ծննդաբերության ժամանակ քլամիդիոզը կարող է հիվանդ մորից փոխանցվել երեխային: Այս դեպքում ախտահարվում են նորածնի աչքերը և թոքերը:

Կենցաղային իրերի միջոցով (համատեղ օգտագործման սպասք, սպիտակեղեն և այլն) վարակվելու հավանականությունը փոքր է, քանի որ քլամիդիաներն արտաքին միջավայրում իրենց կենսունակությունը երկար ժամանակ պահպանել չեն կարող (հատկապես զգայուն են բարձր ջերմաստիճանի նկատմամբ):

Ախտանշանները

Սեռավարակը սկզբում առանց ախտանշանների է ընթանում դրանք սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց 1 ամիս հետո: Գրեթե յուրաքանչյուր երկրորդի մոտ ախտանշանները բավական թույլ են արտահայտվում, ինչի պատճառով շատերը չեն էլ ենթադրում, որ վարակված են: Հատկանշական է նաև, որ դրանք առհասարակ կարող են բացակայել:

Տղամարդկանց մոտ հիմնական ախտանշանները հետևյալն են` միզուկից թափանցիկ արտադրություն (սովորաբար առավոտյան ժամերին), միզուղու և մակամորձիների բորբոքում, հաճախակի և ցավոտ միզարտադրություն, քոր միզանցքում: Հնարավոր են նաև ջերմաստիճանի բարձրացումն ու ընդհանուր թուլությունը:

Կանանց մոտ նկատվում է արգանդի վզիկի բորբոքմամբ պայմանավորված լորձա-թարախային արտադրություն, արյունահոսություն, միզելը դառնում է ցավոտ: Որովայնի ներքևի հատվածում ցավեր են սկսվում:

Ալկոհոլի, սուր համեմունքներով սնունդ օգտագործելու, ինպես նաև ակտիվ սեռական հարաբերության, սթրեսի դեպքում թե՛ տղամարդկանց, թե՛ կանաց մոտ ախտանշաններն ավելի սուր են արտահայտվում:

Քլամիդիոզի ախտանշանները 2-3 շաբաթ անց կարող են առանց բուժման անհետանալ, սակայն դրանով հանդերձ` վերածվել քրոնիկականի, որից հետո քլամիդիոզի հետևանքներն ավելի վտանգավոր են դառնում:

Չբուժվելու դեպքում քլամիդիոզը ամլության, չբերության, վիժումների կամ հղիության ընդ-հատման, արտարգանդային հղիության, ինչպես նաև սեռական օրգանների մշտական բորբոքման պատճառ է դառնում:

Բուժումը

Քլամիդիոզ սեռավարակը հնարավոր է բուժել հակաբիոտիկներով, բայց հակաբիոտիկներով ինքնաբուժումն այս պարագայում կարող է է՛լ ավելի վատթարացնել վիճակը` բերելով անցանկալի հետևանքների: Բացի այդ` քլամիդիոզը բուժելու համար պետք է ոչ միայն ոչնչացնել քլամիդիաները, այլև բարձրացնել հիվանդի օրգանիզմի դիմադրողականությունը սեռավարակի նկատմամբ: Միայն բժիշկը կարող է ճիշտ բուժում նշանակել:

Ախտորոշման համար պետք է արյուն կամ քսուք հանձնել: Քսուք հանձնելու դեպքում առնվազն 3 ժամ առաջ միզել և արտաքին սեռական օրգանները լվանալ չի կարելի: Բուժման ընթացքում սեռական հարաբերությունները պետք է դադարեցնել, ինչպես նաև հետևել սննդակարգին, հրաժարվել ֆիզիկական ու հոգեբանական գերլարվածությունից: Ե՛վ վարակակիրը, և՛ նրա զուգընկերը պետք է միաժամանակյա բուժում ստանան:

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին