EN
>

ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ՆԵՐԱՌԵԼՈՎ «ԶՈՒԳԸՆԿԵՐ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ողջունում է այսօր՝ ապրիլի 12-ին, Հայաստանի Ազգային ժողովի կողմից պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի ամբողջությամբ ընդունումը: Օրենքի 23 հոդվածից 11-ը փոփոխության են ենթարկվել, չհաշված խմբագրական փոփոխությունները, այդ թվում հստակեցվել են առկա սահմանումները՝ լրացվելով նոր՝ «զուգընկեր» հասկացությամբ։ Ըստ սահմանաման՝ «զուգընկերը անձ է, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»: Զուգընկեր սահմանումը տարածվում է բոլոր զուգընկերների նկատմամբ, ինչը նշանակում է, որ զուգընկերները կարող են լինել նույն կամ տարբեր սեռերի։ 

                                                           

Բացի այդ, վերանայվել են հետևյալ կետերը՝ 

  • վերանայվել է օրենքի վերնագիրը հետևյալ խմբագրությամբ՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենք.
  • որպես բռնության ենթարկված անձ, դիտարկվում է երեխան, ով ականատես է եղել բռնության կիրառմանը և/կամ կրել է այդ բռնության բացասական հետևանքներն իր վրա (անուղղակի զոհեր).
  • վերանայվել են անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման իրականացման, դրանց ուժի մեջ մտնելու և ծանուցման ժամկետները.
  • ուժը կորցրած է ճանաչվել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը.
  • առաջնային բուժօգնության փոխարեն, օրենքով սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում՝ բռնության դեպքով պայմանավորված անձի առողջական խնդիրների լուծման նպատակով․
  • սահմանվել է բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իրականացրել էր «Ընտանեկան բռնության ԼԳԲՏԻՔ+ զոհերի վիճակը Հայաստանում» հետազոտությունը, որը Եզրակացություններ բաժնում /էջ 56/ ի թիվս օրենքի այլ բացերի, առանձնացրել էր զուգընկերոջ կողմից բռնությունը ընտանեկան բռնություն չդիտարկելը։ Այս համատեքստում ցանկանում ենք ընդգծել 2023թ․ օգոստոսի 20-ին տեղի ունեցած և ողբերգական հետևանքների հանգեցրած դեպքը, երբ տրանս կին Ադրիանան իր բնակարանում դաժանաբար սպանվել էր զուգընկերոջ կողմից։
Ողջունելով այս բարեփոխումը՝ ցանկանում ենք հավելել, որ դեռևս առկա է անհրաժեշտություն կատարելագործելու որոշ իրավական կարգավորումները ընտանեկան բռնության ենթարկված ԼԳԲՏԻՔ+ անձանց իրավունքները պաշտպանելու համար։ «Ընտանեկան բռնության ԼԳԲՏԻՔ+ զոհերի վիճակը Հայաստանում» ամբողջական հետազոտությանը և «Իրավունքի կողմ» ՀԿ-ի կողմից մյուս առաջարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ /Առաջարկությունները՝ էջ 58/։

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։

04. 12. 2024 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին