EN
>

ԱՅՍՕՐ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԱՆՁԱՆՑ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Մարտի 31-ը Տրանսգենդեր անձանց տեսանելիության միջազգային օրն է, օր, որը հարթակ է ստեղծում տրանս համայնքի ու աջակիցների համար՝ կիսվելու հաջողության պատմություններով, իրավունքների ու շահերի պաշտպանության ոլորտներում հաղթանակներով, տրանս անձանց նվաճումներով, ինչպես նաև ևս մեկ անգամ բարձրաձայնելու արդիական մնացող խնդիրների մասին, ինչպիսիք են տրանս անձանց նկատմամբ խարանը, խտրականությունը, բռնությունը ու ատելության խոսքը։
Որպես Հայաստանում և տարածաշրջանում առաջին և առաջատար Տրանս համայնքահեն կազմակերպություն՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության 8 տարիների աշխատանքի արդյունքում այսօր Հայաստանում տրանս անձանց տեսանելիությունը նկատելիորեն բարձրացել է, բազմաթիվ տրանս անձիք սկսել են ավելի ազատորեն այցելել հասարակական վայրեր, ինչպես նաև բարձրաձայնել իրենց նկատմամբ խտրականության ու իրավախախտումների մասին՝ պահանջելով արժանապատիվ կյանքի իրավունք և հավասար հնարավորություններ։ Կազմակերպությունը միայն 2023 թվականի ընթացքում համայնքային ապահով տարածքում հյուրընկալել է հարյուրավոր Տրանս ԼԳԲԻՔ, սեքս աշխատող անհատների և համակիրների յուրաքանչյուր ամիս, կազմակերպել է կրթական, տեղեկատվական և կարողությունների զարգացման դասընթացներ և միջոցառումներ, արտագնա ճամբարներ և ակադեմիաներ, տրամադրել իրավաբանական և հոգեբանական անվճար աջակցություն,  սոցիալական օգնություն և առաջին անհրաժեշտության ապրանքների փաթեթներ դժվարին դրության մեջ գտնվող ԼԳԲՏԻՔ անձանց՝ այդպիսով շահառուների ցուցակում ընդգրկելով Արցախից բռնի տեղահանված և ռուս-ուկրաինական պատերազմից տուժած ԼԳԲՏԻՔ համայնքի անդամներին,  ինչպես նաև իրականացրել և հրապարակել զեկույցներ և հետազոտություններ՝ Տրանս ԼԳԲԻՔ անձանց իրավունքների դրության, ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ ընտանեկան բռնության և Գենդերի իրավական ճանաչման վերաբերյալ։
Այսօր մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ու արժեվորել տրանս ակտիվիստներին,  ովքեր ներդրել են իրենց ջանքերը, որպեսզի կոտրեն հասարակության կարծրատիպերը տրանս անձանց վերաբերյալ և ստեղծեն ավելի ներառական, ապահով և ժողովրդավար երկիր հաջորդ սերունդների համար։ Հենց տրանս ակտիվիստների ու հասարակական կազմակերպությունների ուսերին է դրված տրանս իրավունքների ու շահերի պաշտպանության ծանրությունը, ցավոք Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս չկա սեռական կողմնորոշվածության և գենդերային ինքնության հիմքով խտրականությունը արգելող օրենք, կարգավորված չէ գենդերի իրավական ճանաչման օրենսդրությունը, բացակայում են տրանս-սպեցիֆիկ առողջապահության հնարավորությունները, չի վարվում առանձին վիճակագրություն տրանս անձանց նկատմամբ ատելության խոսքի, ատելության հիմքով հանցագործությունների և խտրականության դեպքերի վերաբերյալ, և տրանս անձանց վերաբերվող հարցերին անդրադարձ կատարվում է միայն ներքաղաքական շահարկումների և ատելության խոսքի տարածման շրջանակներում։ Այս ամենի վկայությունն են հանդիսանում անցած տարվա ընթացքում տրանս անձանց նկատմամբ հասարակական վայրերում հարձակումները, ֆիզիկական բռնության դեպքերը և օգոստոսի 21-ին իր իսկ բնակարանում տրանս կնոջ դաժան սպանությունը, որին հաջորդեց մարդասպանին հերոսացանող և սպանությունը քաջալերող, ատելության կոչեր ու սպառնալիքներ պարունակող հազարավոր մեկնաբանությունների հոսքը սոցիալական ցանցերում: 

Հասարակության կողմից չընդունվածությունը և պետական համակարգի, մասնավորապես ոստիկանության կողմից անգործությունը տրանս անձանց անպաշտպան, անօթևան է դարձնում և որոշ դեպքերում անգամ ստիպում փախչել երկրից և դիմել ինքնասպանության: «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հիշեցնում է, որ տրանս անձանց աջակցելը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության ամրապնդման և իրավական հավասարության հաստատման անբաժանելի մասն է կազմում։
Մենք շնորհակալություն ենք հայտնում միջազգային դոնոր կազմակերպություններին, գործընկերներին, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին, ոլորտում գործող կազմակերպություններին, ակտիվիստներին, ովքեր օգնում են պաշտպանել տրանս իրավունքները ու շահերը Հայաստանում և ստեղծել ավելի ժողովրդավար և ներառական ապագա, որտեղ յուրաքանչյուր անհատ կապրի ազատ խտրականությունից և բռնությունից՝ անկախ սեռական կողմնորոշվածությունից, գենդերային ինքնությունից և գենդերային ինքնաարտահայտումից։  

«Իրավունքի կողմ» իրավապաշտապն ՀԿ-ն հաստատակամորեն հավատում է կրթության և իրազեկման ուժին` վերացնելու կարծրատիպերն ու նախապաշարումները, և այսօր՝ Տրանս անձանց տեսանելիության օրը, մենք միավորում ենք մեր ձայները և ջանքերը ևս մեկ անգամ հիշեցնելու, որ տրանս տեսանելիությունը կյանքեր է փրկում։ Ժամանակն է իրական փոփոխությունների, ուստի «Իրավունքի կողմ» իրավապաշտապան ՀԿ-ն կոչ է անում՝

Պետական մարմիններին՝

– իրականացնել համապատասխան իրավական քայլեր ապահովելու տրասնգենդեր անձանց իրավական գենդերի ճանաչումը և անվանափոխությունը ՝ հիմնվելով ինքնորոշման իրավունքի, հոգևոր և ֆիզիկական անձեռնմխելիության վրա՝ վերացնելով հարկադրական բժշկական միջամտությունների պահանջը։

– թարմացնել իրավահավասարության մասին օրենքի նախագիծը` ներառելով խտրականության արգելքը` պայամանավորված գենդերային ինքնությամբ և գենդերային ինքնարտահայտմամբ։

– օրենքով ապահովել ատելության հիմքով հանցագործություններից և ատելության խոսքից տրանսգենդեր անձանց պաշտպանվածությունը, վարել միջադեպերի փաստագրումը և ինչպես ԵԱՀԿ մասնակից այլ երկրներ ներկայացնել հաշվետվություններ։

– ՀՀ կրթական համակարգում գործող ընթացիկ ուսումնական ծրագրերը տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից դարձնել ներառական և ուսուցանել ներառականություն, սեռականություն և գենդերային հիմնահարցեր:

– իրականցնել համապատասխան միջոցառումներ` տրանսգենդեր անձանց նկատմամբ կատարված բռնության, ատելության և խտրականության բոլոր դեպքերը արդարացիորեն ուսումնասիրելու համար։

– դադարեցնել ատելության, խտրականության եւ ծաղրանքի խրախուսանքը տրանսգենդեր անձանց հանդեպ:

ՀՀ ոստիականությանը՝

– ՀՀ ոստիկանությանը, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին և պատկան մարմիններին ապահովել Տրանս անձանց անվտանգությունը և ՀՀ սահմանադրությամբ նրանց տրված բոլոր իրավունքները։

ԶԼՄ-ներին՝

– խուսափել սխալ և ապակողմնորոշող տերմինաբանության կիրառումից և դադարեցնել խտրականության քարոզը տրանսգենդեր անձանց  հանդեպ:

– տրանսգենդեր անձանց վերաբերող հարցերը լուսաբանել ներառականության և զգայունության սկզբունքներից ելնելով:

– դադարել սնել թյուր նախապաշարմունքները և կարծրատիպերը տրասնգենդեր անձանց մասին՝ ներկայացնելով նրանց որպես հիվանդ մարդկանց, ովքեր ցանկանում են ոչնչացնել հայկական ավանդույթները եւ մշակույթը:

– հարգել տրանսգենդեր անձանց անձնական կյանքը և համագործակցել տրանսգենդեր անձանց հետ՝ նրանց մասին լրատվական նյութեր պատրաստել ցանկանալիս։

Մարտ 30, 2024 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին