EN
>

Անվանափոխության գործընթացն այսուհետ չի պարտադրում տրանսգենդեր լինելու վերաբերյալ հոգեբանական եզրակացության

2018 թ.-ի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, առաջին անգամ ՀՀ Արդարադատության նախարարության Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման Գործակալությունը բավարարել է երկու տրանսգենդեր անձանց անվանափոխության դիմումն՝ առանց տրանսգենդեր լինելու մասին փաստող հոգեբանական եզրակացության, որն այլևս պարտադիր չէ անվանափոխության համար։ Հիշեցնենք, որ նախկինում ՀՀ ԱՆ ՔԿԱԳ-ը տրանսգենդեր անձանց անվանափոխության համար պահանջում էր ոչ միայն տրանսգենդեր համարվելու մասին հոգեբանական եզրակացությունը, այլ նաև այդ տրանսգենդեր անձին ճանաչող 3 մարդու վկայություն։ Սակայն ՀՀ Արդարատության նախարարության հետ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ աշխատակազմի արդյունավետ համագործակցության արդյունքում 3 վկայի պահանջը 2017թ.-ին հանվեց։ 2018թ.-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն իր առջև խնդիր էր դրել նաև առավել հեշտացնել անվանափոխության գործընթացը։ Շահերի պաշտպանության ռազմավարության շրջանակներում 2 ամիս առաջ անվանափոխության հարցով ՔԿԱԳ դիմած տրանսգենդեր 2 անձանց անվանափոխությունները տեղի ունեցան առանց հոգեբանական եզրակացության, որը նախադեպային է Հայաստանի համար։ Մարդու իրավունքների պաշտպանության օրը կատարված այս քայլը կարող ենք համարել շատ խորհրդանշական մեծ հաղթանակ, ինչն անխոս առավել հեշտացնում է տրանսգենդեր անձանց անվանփոխության գործընթացը։
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն շնորհավորում է Հայաստանում տրանսգենդեր համայնքին սույն ձեռքբերման համար և իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությանը համագործակցության համար։

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին