EN
>

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ը ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Դեկտեմբերի 17-ը սեքս աշխատողների, իրավապաշտպանների ու համակիրների կողմից նշվում է որպես Սեքս աշխատողների նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օր:

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը՝ որպես Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատողների համայնքահեն առաջին կազմակերպություն տարածաշրջանում, այսօր կոչ է անում համախմբվել, կազմակերպվել բռնության, խարանի և խտրականության դեմ և բարձրաձայնել բռնության երնթարկված սեքս աշխատողների պատմությունները։ Սեքս աշխատողների նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը ուշադրություն է հրավիրում ամբողջ աշխարհում սեքս աշխատողների նկատմամբ իրականացվող ատելության հանցագործությունների, ինչպես նաև սոցիալական խարանն ու խտրականությունը վերացնելու անհրաժեշտության վրա։

Անկախ կարծրատիպերից ու նախապաշարումներից, սեքս աշխատանքը աշխատանք է, իսկ սեքս աշխատողները յուրաքանչյուր համայնքի մի մասն են: Ըստ վիճակագրության` ցիսգենդեր և տրանսգենդեր կանայք, ովքեր զբաղվում են սեքս աշխատանքով, ամենից հաճախն են ենթարկվում բռնության, ի համեմատություն ցիսգենդեր տղամարդ սեքս աշխատողների, բացի դրանից, բռնության մակարդակը հատկապես բարձր է փողոցում աշխատող սեքս աշխատողների նկատմամբ: 

Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանի Հանրապետությունում նույնպես սեքս աշխատանքը օրինականացված չէ և համարվում է վարչական իրավախախտում։ Սեքս աշխատողների խնդիրները մամուլում հիմնականում չեն լուսաբանվում կամ ներկայացվում են ուժային կառույցների տեսանկյունից, սեքս աշխատողները բախվում են աղքատության, բռնության ու անգամ սպանության վտանգներին։ Սեքս աշխատանքի անօրինականության պատճառով սեքս աշխատողները հաճախ ստիպված են լինում հաճախորդներին հանդիպել մեկուսացված վայրերում, որտեղ ոստիկանւոթյան կողմից բացահայտվելը քիչ է հավանական, սակայն հաճախ հենց այդ մեկուսացումը նրանց ավելի խոցելի է դրաձնում հաճախորդների կողմից հարձակումների, կողոպուտի, բռնաբարությունների նկատմամբ: Տրանսգենդեր կանայք ամենից հաճախ են ենթարկվում բռնության, ինչը կապված է ոչ միայն սեքս աշխատանքով պայմանավորված գործոններով, այլ նաև տրանսֆոբիայով, սոցիալական խարանով, գործազրկության բարձր մակարդակով, կրթության կամ կարիերայի հնարավորությունների պակասով, ինչը նրանց դրդում է զբաղվել սեքս աշխատանքով։ 

 «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի փաստագրում է սեքս աշխատողների նկատմամբ բռնության բազմաթիվ դեպքեր, որոնցից առանձնացնում ենք 2023թ․-ին տեղի ունեցած մի քանի հատկապես մտահոգիչ օրինակներ․

  • Սույն թվականի մարտի 13-ի գիշերը տասից ավելի դիմակավորված անձինք մահակները ձեռքներին փողոցում հարձակվել են տրանս սեքս աշխատող կնոջ վրա և դաժան ծեծի ենթարկել նրան։ Սույն գործով  «Իրավունքի կողմ» ՀԿ-ի փաստաբանը ներգրավված է որպես տուժողի իրավունքների պաշտպան, ներկա պահին ոստիկանությունը նշում է, որ չի հաջողվում բացահայտել հանցագործությունը իրականացնող անձանց ինքնությունը՝ անկախ այն հանգամանքից, որ տրանս կինը նշել էր, որ հասցրել է տեսնել հարձակվողներից մի քանիսի դեմքերը, ինչպես նաև տարածքում եղել են բազմաթիվ տեսախցիկներ, և հնարավոր է նույնականացնել բռնության ենթարկողներին։ 
  • Հունիսի 11-ին հաճախորդը ընկերոջ հետ ծեծի են ենթարկել տրանս սեքս աշխատող կնոջը, ապա դանակի սպառնալիքով գողացել նրա հեռախոսները և գումար։ Նույն տրանս կնոջը բնակարանը սույն թվականի հուլիսի 27-ին ոստիկանությունը խուզարկել էր՝ թմրանյութեր պահելու կասկածանքով, և առգրավել տանը պահվող ողջ գումարը։ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի իրավաբանական թիմը ներգրավված է եղել երկու գործերով էլ, և ներկա պահին տրանս կնոջ առնչությունը թմրանյութերի ապօրինի շրջանառությանը հերքվել է և նրան վերադարձվել է առգրավված գումարը, իսկ ծեծի ենթարկող անձը ձերբակալվել է։ 
  • Օգոստոսի 20-ին իր իսկ բնակարանում դաժանորեն սպանվել և այրվել էր  տրանսգենդեր սեքս-աշխատող Ադրիանան։ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի և Փինք իրավապաշտպան ՀԿ-ի իրավաբանական թիմերը ներգրավված են այս գործով, կասկածյալը ձերբակալվել է, այժմ ընթանում է նախաքննություն։ 

Սրանք արձանագրված դեպքերի միայն մի քանի օրինակներ են, բայց շատ ավելի հաճախ զոհերը լռում են, քանի որ սեքս աշխատողները, հատկապես Տրանս և ԼԳԲԻՔ սեքս աշխատողները, չեն վստահում Ոստիկանությանը, քանի որ այնտեղ նույնպես պարբերաբար ենթարկվում են խտրականության և նրանց գործերը պատշաճ կերպով չեն լուծվում: Ուստի իրավապաշտպան կազմակերպություններից պահանջվում է կրկնապատկել ջանքերը և շարունակել աշխատանքները սեքս աշխատողների իրավահավասարության հաստատման, հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման և բարեկեցության ապահովման նպատակով։ 

Դեկտեմբեր 17, 2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին