EN
>

Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամը հրապարակել է 2023թ․-ի զեկույցը՝ անդրադառնալով Իրավունքի Կողմ ՀԿ-ի գործունեությանը

Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որտեղ ընդգծում է, թե ինչ գործողություններ են կատարվել ժողովրդավարության պաշտպանության համար Եվրոպայի հարևան տարածաշրջաններում և դրանից դուրս: Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամը նշում է, որ 2022 թվականը, անկասկած, ամենադժվար տարին էր 2013 թվականին կազմակերպության հիմնադրումից ի վեր՝ պայմանավորված Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժմամբ։ Զեկույցի «Շրջանավարտների պատմություններ» բաժնում Հայաստանից ներկայացված է Իրավունքի Կողմ ՀԿ-ն՝ որպես տրանսգենդեր համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն:

Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամը մեկնարկային ֆինանսավորում է տրամադրել Իրավունքի Կողմ ՀԿ-ին 2017 թվականից՝ օգնելու կազմակերպությանը սկսել  Հայաստանում տրանսգենդեր համայնքի առջև ծառացած խնդիրների շուրջ իրազեկման աշխատանքներ իրականացնելուն և իրավունքների պաշտպանությանը: Այսօր Իրավունքի Կողմը Հայաստանում նշանակալից դեր ունի ոլորտում: Այն օգնել է դժվարությունների մեջ գտնվող հարյուրավոր տրանսգենդեր անձանց, օժանդակել անվանափոխության հարցում, տրամադրել իրավաբանական ծառայություններ՝ խտրականության, ատելության խոսքի և հանցագործությունների դեմ պայքարելու համար: Կազմակերպության թիմը շահառուներին ուղեկցում է դատարաններ և ոստիկանական բաժանմունքներ և տեղեկություններ է հավաքում մարդու իրավունքների խախտումների մասին: ՀԿ-ն սերտորեն համագործակցում է շահառուների ընտանիքի անդամների հետ՝ աջակցելու տրանսգենդեր անձանց հարաբերություններ կառուցելու և սոցիալական կյանքում ներգրավվելու համար։ Իրավունքի Կողմ ՀԿ-ի կենտրոնը հանդիսանում է ապահով տարածք, որտեղ համայնքի անդամները կարող են հանդիպել, մասնակցել տարատեսակ դասընթացների և ստանալ աջակցություն իրենց շահերի պաշտպանության համար: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Իրավունքի Կողմ ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանին, նշելով, որ նա միջազգային ճանաչում է ձեռք բերել 2019 թվականին՝ որպես առաջին տրանս անձը, ով ելույթ է ունեցել Հայաստանի Ազգային Ժողովի ամբիոնից՝ դատապարտելով տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականությունը ու բռնությունը խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ընթացքում։ 

Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամը նշում է, որ Իրավունքի Կողմ ՀԿ-ի աշխատանքը Հայաստանում առանցքային նշանակություն ունի, քանի որ ԼԳԲՏՔԻ+ համայնքը շարունակում է բախվել ոտնձգությունների, խտրականության և բռնության:

Մարտի 30, 2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին