EN
>

ԻՐԱԿԱՆԱՎՑԵԼ Է «ԿԱՆԱՅՔ* ԲԱԶՄԱԶԱՆ ԵՆ. ԳԵՆԴԵՐ-ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐԸ»

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Հավասարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 2023 թ․-ի դեկտեմբերին  իրականացրել է «Կանայք* բազմազան են. գենդեր-ներառական հզորացման ճամբարը», որի առաջին մասը տեղի էր ունեցել 2023թ․-ի օգոստոս ամսին։ Ճամբարը  հանդիսանում էր «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող Տրանս ճամբարների շարունակությունը՝ նպատակ ունենալով տրամադրել առաջնորդության հմտություններ և հզորացնել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անձանց կարողությունները: Մասնակիցները հնարավորություն ունեցան խորությամբ ուսումնասիրել և ստանալ համապարփակ գիտելիքներ գենդերային հիմնահարցերի, տարածաշրջանում ԼԳԲՏԻՔ ակտիվիզմի, մարդու իրավունքների, ֆեմինիզմի և այլ օրակարգային թեմաների շուրջ։  

«Կանայք* բազմազան են. գենդեր-ներառական հզորացման ճամբար»-ին մասնակցում էին 20 ԼԳԲՏԻՔ, նրանց ընտանիքի անդամները, ակտիվիստներ, ֆեմինիստական շարժման անդամներ, համակիրներ և այլ հետաքրքրված անձինք։ Տեղի ունեցան հանդիպումներ սեքս աշխատողների համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկումներ ակտիվիզմի նորարարական պրակտիկաների և արդյունավետ հաղորդակցման կարողությունների զարգացման վերաբերյալ։ 

Ճամբարի ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ, որոնց միջոցով մասնակիցները վերլուծեցին Հայաստանում տրանս և ԼԳԲԻՔ շարժման իրավիճակը և թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել դրա հզարացման համար։ Քննարկումներ ծավալվեցին Տրանս և ԼԳԲԻՔ անձանց շարունակական խտրականության և բռնության դեպքերի կանխարգելման, տուժածներին աջակցման արդյունավետ և արագ արձագանքման մեխանիզմների մշակման վերաբերյալ։  Բացի այդ, մասնակիցները ներգրավվեցին պանելային քննարկումների հետևյալ թեմաներով՝ 

  • Ֆեմինիզմ և տրանսֆեմինիզմ
  • Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ․ կանխարգելում և բուժում  
  • Խաղաղաշինություն
  • Հորմոնաթերապիա
  • Առաջնորդություն 
  • Շահերի պաշտպանություն,
  • Գենդերայինն ինքնություն և սեռական կողմնորաշվածություն 

«Կանայք* բազմազան են. գենդեր-ներառական հզորացման ճամբար»-ի ավարտին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հանդես եկավ փակման խոսքով, հանձնեց վկայականներ, բոլոր մասնակիցներին շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակցության համար՝ նշելով կրթության և ինքնակրթության մեծ կարևորությունը ազատ, ժողովրդավար պետության և ներառական հասարակության կառուցման գործում։

Հունվար 04, 2024 Հայաստան երևան 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին