EN
>

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ․ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ ԱՐԴԱՐԱՑՆՈՂ ՀԻՄՔՈՎ

2021 թվականին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասրակական կազմակերպություն էր դիմել տրանսգենդեր կին Մ․-ն և հայտնել, որ նույն թվականի մայիսի 27-ին իր նկատմամբ հարուցվել էր քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց, ինչպես նաև անչափահասին օգտագործելով, ինչի համար նախատեսված է պատիժ 3-ից 6 տարի ժամկետով։ 

Նախաքննության սկզբից վարույթին ներգրավվել է «Իրավունքի կողմ» ՀԿ-ի փաստաբանը և իրականացրել է տրանս կնոջ շահերի պաշտպանությունը։ Նախաքննության ընթացքում փաստաբանի կողմից նախաձեռնված գրագետ պաշտպանության շնորհիվ, այդ թվում՝ միջնորդությունների ներկայացմամբ, առերես հարցաքննություններով, պարզ դարձավ, որ ներկայացված մեղադրանքը որևէ կապ չունի իրականության հետ։ Արդյունքում, երկարատև պայքարից հետո 2023 թվականի հոկտեմբերի 30-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից դատախազին միջնորդություն է ներկայացվել տրանսգենդեր կնոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այն հիմքով, որ վերջինս չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։ Միջնորդությունը դատախազի կողմից բավարարվել է և քրեական հետապնդումը դադարեցվել է։

Արդյունքում, տրանսգենդեր կինը ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ։
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է տրամադրել անվճար իրավաբանական աջակցություն Տրանս ԼԳԲԻՔ, սեքս աշխատողների համայնքների ներկայացուցիչներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին և համակիրներին։ Յուրաքանչյուր նման հաղթանակ մեծ կարևորություն ունի համայնքի շուրջ եղած խարանը և նախապաշարումները վերացնելու, ինչպես նաև համայնքի անդամների իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման տեսանկյունից։

Դեկտեմբեր 12, 2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին