EN
>

«Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի իրավաբանական բաժնում առկա գործերի վերաբերյալ/Թարմացում

05․10․2022թ․

2022 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ՝ «Իրավունքի կողմ» ԻՀԿ կողմից ընդհանուր առմամբ վարվում է թվով 21 գործ, որից 2-ը գտնվում են ՄԻԵԴ-ում, 5-ը՝ դատական և 14-ը՝ նախաքննության փուլերում։

ՄԻԵԴ վարույթ.

1․ Լ․ Մ․-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ՄԻԵԿ 3, 6, 8, 13-րդ հոդվածների խախտումների ճանաչում։

2․ Կ․ Ա․-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Կոնվենցիայի 6, 8-րդ հոդվածների խախտումների ճանաչում։

Քաղաքացիական գործեր

1․ Քաղաքացիական գործն ըստ հայցի Ա․Ա․-ն ընդդեմ «Իսկանդեր» ՍՊԸ-ի՝ աշխատանքային հարաբերությունները ծագած ճանաչելու և աշխատավարձի գումարը բռնագանձելու պահանջների մասին։

Սույն գործով առաջին ատյանի դատարանը հայցը մերժել է, որից հետո դիմել ենք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը դատարանը վարույթ է ընդունել 04․08․2022թ․-ին։ Որոշման հրապարակման օրվա վերաբերյալ դեռևս չենք ծանուցվել։

Քրեական գործեր դատական փուլում

1․Գ․Թ․-ն ենթարկվել է ծեծի, նրան պատճառվել է նյութական և բարոյական վնաս, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ և 185-րդ հոդվածների հատկանիշներով, Գ․Թ․-ն ճանաչվել է տուժող, և գործը գտնվում է դատաքննության փուլում։

2․ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով։ Դիմողը՝ ըստ մեղադրանքի, ոսկիներ է իրացրել ոսկու շուկայից, չի կատարել գործարք բանկի հետ, չի վերադարձրել սեփականատիրոջը։ Գործը գտնվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում՝ դատաքննության փուլում։

3․ Գ․ Վ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սեքս աշխատանքով զբաղվող կանաց հետ ձևավորել է մտերիմ միջանձնային հարաբերություններ և փոխվստահություն՝ տարիներ շարունակ տաքսի ծառայություն մատուցելու ընթացքում: Այդ ընթացքում նրանցից տեղեկացել է, որ սեքս աշխատանք կատարող անձանցից Լ․Խ․-ի, Ա․Ա․-ի, Ա․Գ․-ի և Ա.Ս․-ի սոցալական խնդիրների լուծման համար ֆինանսական աղբյուրը եղել է սեքս աշխատանքից ստացված գումարները: Գ․Վ․-ն օգտվելով իրավիճակից և հետագայում իրենից կախվածություն ունենալու պատճառ ստեղծելով՝ իբրև կանխիկ գումար դարձնելու միակ տարբերակ, վերջիններիս առաջարկել է շուկայականից կրկնակի անգամ ավելի արժեքով ոսկի՝ հետագայում դրա գումարը տարաժամկետ մարելու պայմանով: Գ․Վ․-ին ունեցած պարտքի գումարը վճարելու պարտադրանքով, յուրաքնաչյուր օր հարկադրված զբաղվել են սեքս աշխատանքով՝ իրենց վիճակի խոցելիությամբ պայմանավորված, Գ. Վ.-ի կողմից դրվելով շահագործման վիճակի մեջ ու շահագործվելով և վաստակած գումարները փոխանցելով Գ․Վ․-ին: Կազմակերպությունը պաշտպանում է սեքս աշխատանք կատարող Ա․Մ.-ի շահերը, ով հանդիսանում է տուժող։

Քրեական գործեր նախնական քննության փուլում

1․ ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածով հարուցված քրեական գործով՝ սեքս աշխատող Ա․Ա․-ն ճանաչվել է տուժող։ Ա․Ա.-ն դիմել է կազմակերպությանը և հայտնել է, որ ենթարկվել է թրաֆիքինգի։

2․ ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում տեղի են ունեցել հանցագործության նոր դեպքեր, արդյունքում փաստաբանի կողմից ներկայացված բողոքների արդյունքում հարուցվել են ևս երկու քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ և 110-րդ հոդվածներով։ Է․Խ․-ն ճանաչվել է տուժող։

3․ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցված քրեական գործով՝ Դ․-ն ճանաչվել է տուժող։ Վերջինս հայտնել է, որ իր հաճախորդը եկել է իր բնակության վայր, սպառնացել, որ կսպանի իրեն և հնչեցրել է վիրավորանքներ, ծեծի է ենթարկել իրեն։

4․ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով հարուցված քրեական գործով Մ․-ին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ վերջինս իբրև թե  նպաստել է, որ մի քանի այլ անձինք սեքս աշխատանքով զբաղվեն։

  1. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով Ա․Ք․-ն ճանաչվել է տուժող։ Վերջինս հայտնել է, որ իր ծանոթը ոսկյա զարդեր է վերցրել իրենց ընդհանուր ծանոթից իր անունով և պատճառել է մոտ մեկ միլիոն ՀՀ դրամի վնաս։

6․ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածով հարուցված քրեական գործով Է․Ա․-ն ճանաչվել է տուժող։ Վերջինս դիմել է կազմակերպություն և հայտնել է, որ ենթարկվել է թրաֆիքինգի։

7․ Հ․Ա․-ն հայտնել է, որ ծառայության ընթացքում իրեն ծեծել են։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով. Հ․Ա․-ն ճանաչվել է տուժող։

8․ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածով հարուցված քրեական գործով Ա․Ն․-ն ճանաչվել է տուժող։ Ա․Ն․-ին ծեծի է ենթարկել ոմն Հ․Ե․-ն, ով ծեծի ամբողջ ընթացքը նկարահանել է իր հեռախոսով և օնլայն հեռարձակել սոցիալական ցանցերով։

9․ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ և 330-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով Լ․ Մ․-ն ճանաչվել է տուժող։ Վերջինս դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ ոմն Հ․Ե․-ն սպառնալիքներ է հնչեցրել տրանս անձանց նկատմամբ։

10․ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով հարուցված քրեական գործով Լ․Մ․-ն ճանաչվել է տուժող։ Անհայտ անձը մուտք է գործել Կազմակերպության կայք, այնտեղից ներբեռնել է Կազմակերպությանը հեղինակային իրավունքով պատկանող նկարներ և դրանք ապօրինի կերպով հրապարակել է իրեն պատկանող մեկ այլ կայքում։

11․ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով հարուցված քրեական գործով Մ․-ն ճանաչվել է տուժող։ Վերջինս հայտնել է, որ իր հաճախորդը եկել է իր բնակության վայր, սպառնացել է, որ կսպանի իրեն և հնչեցրել է վիրավորանքներ և ատելության կոչեր։

2022թ․ սեպտեմբեր ամսվա ընթացքում «Իրավունքի կողմ» ԻՀԿ կողմից տրամադրվել է խորհրդատվություն թվով 47 շահառուի, նրանցից 6-ը դիմումներ են ներկայացրել իրենց շահերը պաշտպանելու համար, որոնց հետ կնքվել են իրավաբանական ծառայությունների անհատույց տրամադրման մասին պայմանագրեր։

Մնացած գործերով, «Իրավունքի կողմ» ԻՀԿ փաստաբնների կողմից ապահովվել է գործերի ընթացիկ սպասարկումը, մասնավորապես՝ փաստաբանները մասնակցել են դատական նիստերի, թվով 4 գործով մասնակցել են քննչական գործողությունների, ևս 3 գործով ներկայացրել են դիմումներ քրեական վարույթ իրականացնողին՝ որպես ներկայացուցիչ ընդգրկվելու համար, որոնք բավարարվել են։

Թվով 17 անձ դիմել է ՀԿ զինվորական կոմիսարիատի հարցերով խորհրդատվություն ստանալու համար։ Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած թվով 79 անձ դիմել է ՀԿ իրավական խորհրդատվություն ստանալու համար։ Թվով 64 անձ դիմել է հորմոնաթերապայի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար։

«Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի կողմից անցկացվում է նաև հետազոտություն շահառուների շրջանում ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ, որը կամփոփվի դեկտեմբեր ամսին։

Սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված դատական գործ․

2022 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտվել է մեկ դատական գործ, ըստ որի՝ Գ․Թ․-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. սեպտեմբերի 17-ին, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք և գտնվելով ոչ սթափ վիճակում, վարել էր ավտոմեքենա։ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243․1-րդ հոդվածի 2-րդ մասով։ Գ․Թ․-ն դիմել էր «Իրավունքի կողմ» ԻՀԿ իր շահերի պաշտպանությունը ստանձնելու համար։ Արդյունքում, կազմակերպության իրավաբանական բաժնի շնորհիվ, Գ․Թ․-ի նկատմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 10․03․2022թ․-ին կայացված դատավճռով նշանակվել է պատիժ 6 ամիս ժամկետով, որը, սակայն, պայմանականորեն չի կիրառվել։

Դատախազը, չհամաձայնելով դատավճռի հետ, դիմել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, պահանջելով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով դատավճիռը բեկանել։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 23․09․2022թ․ որոշմամբ մերժել է դատախազի բողոքը, արդյունքում Գ․Թ․-ի նկատմամբ նշանակված դատավճիռը մնացել է անփոփոխ, և վերջինս գտնվում է ազատության մեջ։

Նոյեմբեր 22, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին