EN
>

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ ՀԿ-Ի ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՍՏԱՑԵԼ Է ԿԱՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

2022 թ-ի դեկտեմբերի 20-ին Իրավունքի Կողմ Իրավապաշտպան ՀԿ-ին էր դիմել Իրանի քաղաքացի Ֆ․Ս․-ն և հայտնել, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը իր կացության ժամանակավոր կարգավիճակը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացրել։ 

Գործի ուսումնասիրությունից պարզվեց, որ սույն գործով 2022 թ-ի դեկտեմբերի 14-ին նշանակվել էր վարչական լսում, որի ծանուցումը Ֆ․Ս-ին հանձնվել էր փոստային առաքման միջոցով 2022թ-ի դեկտեմբերի 19-ին, այսինքն, նշանակված վարչական լսումից 5 օր անց։ Իսկ 2022թ-ի դեկտեմբերի 15-ին կայացվել է որոշում՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆ․Ս․-ին տրամադրված կացության կարգավիճակը ուժը կորցրած ճանաչելու մասին, որը Ֆ․Ս․-ին է հանձնվել փոստային առաքման միջոցով դեկտեմբերի 26-ին։ Այսինքն, Ֆ․Ս․-ն պատշաճ չի ծանուցվել վարչական վարույթի մասին և հնարավորություն չի ունեցել վարույթի ընթացքում իրացնելու իր իրավունքները, այնինչ «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի պահանջն է, որ վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ, և վարչական մարմինը չի ապահովել Ֆ․Ս․-ի լսված լինելու իրավունքը:

Կազմակերպության փաստաբանների կողմից կազմվեց ՀՀ ներքին գործերի նախարարին ուղղված բողոք։ Միևնույն ժամանակ Ֆ․Ս․-ին ուղորդվեց նոր հիմքերով դիմել իրավասու մարմնին՝ կացության կարգավիճակ սատանալու համար։ Արդյունքում, ՀՀ ոստիկանության և անձնագրերի վարչության 2022 թ-ի դեկտեմբերի 15-ի որոշումը մնաց անհետևանք, իսկ նոր հիմքերով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆ․Ս․-ին 2023 թ-ի մարտի 22-ին տրամադրվեց կացության քարտ՝ մեկ տարի ժամկետով։

Ապրիլի 10.2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին