EN
>

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ՀԿ-Ի ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԼԳԲՏԻՔ ԱՆՁԻ ԾՆՈՂԸ ԿՍՏԱՆԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանն է դիմել ԼԳԲՏԻՔ համայնքի անդամի մայր Ա.Ե.-ն և հայտնել, որ լրացել է իր կենսաթոշակային տարիքը, սակայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մերժել է իր դիմումը կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ: Մասնավորապես, դիմումի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ աշխատանքային ստաժում չի հաշվառվել 1992 թվականի հունվարի 1-ից 1999 թվականի մայիսի 25-ը ընկած ժամանակահատվածը, քանի որ, թեև աշխատանքային գրքույկում կա նշում, որ դիմումատուն այդ ժամանակահատվածում աշխատել է Դիլիջանի տրիկոտաժ ֆաբրիկայի Սևանի մանաճյուղում, այդուհանդերձ էլեկտրոնային տվյալների բազայում տեղեկատվություն չկա կազմակերպության վերաբերյալ, ուստի անհրաժեշտ է դիմել դատարան:

Սույն թվականի մայիսի 23-ին «Իրավունքի կողմ» ՀԿ-ի իրավաբանական թիմի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ՆՄկրտչյանին՝ խնդրանքով, որ մեկ անգամ ևս հարցում կատարվի Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ և պարզել, թե Դիլիջանի տրիկոտաժի ֆաբրիկային վերաբերող արխիվային փաստաթղթերում կա՞ն Ա.Ե.-ին վերաբերելի փաստաթղթեր։ Ի պատասխան այդ դիմումի, կազմակերպություն է ուղարկվել գրություն, որ Միասնական սոցիալական ծառայության կողմից սույն թվականի հունիսի 7-ին հարցում է կատարվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, որտեղից պատասխանը ստանալուց հետո կրկին քննության է առնվելու Ա․ Ե․-ի աշխատանքային ստաժի հաշվարկման, կենսաթոշակի նշանակման (մերժման) հարցը։

2023թ-ի հոկտեմբերի 4-ին Իրավունքի կողմ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստացել է պատասխան, որ դիմումը բավարարվել է, Ա.Ե.-ն ընդգրկվել է հոկտեմբեր ամսվա վճարման ցուցակում:

«Իրավունքի կողմ»  իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակելու է տրամադրել իրավաբանական ծառայություններ ինչպես Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքների ներկայացուցիչներին, այնպես էլ նրանց ընտանիքի անդամներին ու համակիրներին՝ ապահովելով նրանց իրավունքների լիակատար պաշտպանությունը և խտրականության բացառումը։ 

Հոկտեմբեր 27, 2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին