EN
>

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ՀԿ-Ն ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՏՐԱՆՍՖՈԲ ԳՐԱՌՈՒՄԸ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում և մասնագիտական ու հանրային ուշադրությանն է հրավիրում անկախ քաղաքական գործիչ, Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանի՝ տրանսգենդեր անձանց նկատմամբ սխալ տերմինաբանութուն կիրառող, տրանսֆոբ, հոմոֆոբ, խարան և խտրականություն պարունակող գրառման վրա: Մասնավորապես, oգոստոսի 20-ին տրանս կնոջ դաժան սպանությունից հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված իր գրառման մեջ Թեհմինա Վարդանյանը տրանսգենդեր անձանց անվանել է «տարասեռ», սպանության վերաբերյալ արձագանքը՝ «վայնասուն», իրավապաշտպան կազմակերպությանը՝ տարասեռ ու խեղված զգացողություններ ունեցող ՀԿ, հետերոսեքսուալ անձանց՝ նորմալ սեռական կողմնորոշում ունեցող, իսկ գրառման վերջում հայտարարել է, որ «իրականում, գնալով ամենաանպաշտպանը դառնում ենք մենք՝ «նատուրալներս», շուտով ՀԿ կբացեմ՝ ի պաշտպանություն նորմալ սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց»։

Անընդունելի է, որ հանրային գործունեություն ծավալող քաղաքական գործիչը ոչ միայն ունենա նման թյուր պատկերացումներ գենդերային հիմնահարցերի վերաբերյալ, այլ նաև տրանսֆոբ, հոմոֆոբ, խոցելի խմբերի նկատմամբ առերևույթ բռնությունը և խտրականությունը կոծկող իր պատկերացումները արտահայտի հանրային հարթակում և ազդեցություն ունենա հասարակական ընկալման վրա։ Կոչ ենք անում Թեհմինա Վարդանյանին հեռացնել իր գրառումը, հետագայում խուսափել սխալ տերմինաբանության կիրառումից և Տրանս ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ խտրականությունը և բռնությունը քողարկող, խնդիրները արհամարհող մոտեցումից։ 


Նշենք նաև, որ Թեհմինա Վարդանյանը 2018թ.-ին ավարտել է «Լիբերալ   քաղաքականության դպրոց»-ը, որը  նպատակ ունի նպաստել մարդակենտրոն հասարակության ձևավորմանը և որը հենց այս տարի հրատարակել է Ատելության խոսքը մեդիա հարթակներում, սոցիալական ցանցերում, հեռուստաեթերում ձեռնարկը։ Ակնկալում ենք, որ Լիբերալ քաղաքականության դպրոցը և այլ հասրակական կազմակերպություններ ևս կմիանան մեր կոչին և հանդես կգան հայտարարությամբ՝ հորդորելով կանխել ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ ատելության խոսքը, խտրական մոտեցումը և անպատժելիության մթնոլորտի հավերժացումը:  

Օգոստոս 30, 2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին