EN
>

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ ՀԿ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԼԳԲՏԻՔ ԱՆՁԱՆՑ և ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ Հիմնադրամի և Սևծովյան Վստահության կազմակերպության ֆինանասկան աջակցությամբ կազմակերպել էր հանդիպում, որը համախմբել էր ԼԳԲՏԻՔ անձանց, նրանց ծնողներին և ընտանիքի անդամներին՝ նպատակ ունենալով զարգացնել համերաշխության միջավայր, հաղթահարել ընտանիքներում առկա կոնֆլիկտները և կառուցել ավելի ամուր ծնող-երեխա հարաբերություններ: 

Վերջին տարիներին իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում չափահաս ԼԳԲՏԻՔ անձանց գրեթե կեսը օտարված է ընտանիքից, և մեկ երրորդը կարծում է, որ իրենց ծնողները երբեք չեն կարողանա ընդունել իրենց։ Որպես ավանդական արժեհամակարգով ապրող հասարակության անդամներ՝ Հայաստանում նույնպես ԼԳԲՏԻՔ անձինք դժվարությունների են բախվում ծնողներին իրենց սեռական կողմնորոշվածության կամ գենդերային ինքնության մասին հայտնելիս, ծնողները հաճախ մերժում են իրենց երեխաների գենդերային ինքնությունը, գենդերային ինքնաարտահայտումը և սեռական կողմնորոշվածությունը, ինչը ցավոք երբեմն հանգեցնում է հարաբերությունների խզման։ 

Միջոցառման ընթացքում տեղի ունեցան անձնական փորձառությունների ու պատմությունների փոխանակման պանելային քննարկումներ, որոնց ընթացքում ինչպես ԼԳԲՏԻՔ անձինք, այնպես էլ նրանց ծնողները հնարավորություն ունեցան բարձրաձայնել այն դժվարությունների մասին, որոնց բախվել են ընտանքիներում: Ծնողները նշում էին, որ երբեմն իրենք պատրաստ չեն լինում ճիշտ արձագանքել իրենց ԼԳԲՏԻՔ երեխաների յուրահատուկ կարիքներին ու մարտահրավերներին, չնայած որ ցանկանում են օգնել նրանց։ 

ԼԳԲՏԻՔ անձինք հիմնականում նախընտրում են հարաբերություններ պահպանել ծնողների հետ՝ անգամ, եթե ծնողները մերժում են իրենց ինքնությունը, սակայն հարաբերությունները պահպանելու համար նրանց անհրաժեշտ են կոնֆլիկտների կառավարման և ճգնաժամերի արձագանքման հմտություններ։ Այս քննարկումները հարթակ ստեղծեցին ԼԳԲՏԻՔ անձանց և նրանց ծնողների համար՝ կիսվելու իրենց պայքարով, հույսերով և նվաճումներով՝ ստեղծելով ապահով տարածք, որտեղ նրանք կարող էին աջակցություն գտնել ուրիշներից, ովքեր կիսում են իրենց մարտահրավերները:

Այսպիսի հանդիպումներ կազմակերպելով՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն մեծ կարևորություն է տալիս ԼԳԲՏԻՔ անձանց ընտանիքներում ներդաշնակության հաստատմանը, ծնողների և նրանց ԼԳԲՏԻՔ երեխաների միջև ավելի ամուր հարաբերությունների ստեղծմանը՝ ներառականությանը խթանելու և երկխոսություն ստեղծելու միջոցով։ 

Օգոստոս 3, 2023 Հայաստան Երևավ

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին