EN
>

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ ՀԿ-Ն ԱՐՏԱՔԻՆ ԱՆԿԱԽ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է 2020-2022 ԹԹ․ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՈՒԴԻՏ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, ամրապնդելով իր գործունեության թափանցիկություն ու հաշվետվողականությունը, անցել է համապարփակ ֆինանսական աուդիտ, որն ընդգրկում էր 2020-ից 2022 թվականներն ընկած ժամանակահատվածը: Աուդիտը կազմակերպության ֆինանսական հաշվետվողականությունը ստուգելու և դրա ճշգրտության վերաբերյալ կարծիք հայտնելու գործընթաց էր, որն իրականացվել է ոլորտի արտաքին, անկախ փորձագիտական խմբի կողմից։ Այս գործընթացը նպատակ ուներ մանրակրկիտ գնահատել և փաստաթղթավորել ՀԿ-ի վերջին երեք տարիների ֆինանսական գործարքները:

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, վերանայելով իր ֆինանսական քաղաքականությունը և ներդնելով նոր քաղաքականություն, որոշում է կայացրել այսուհետ յուրաքանչյուր տարի իրականացնել ոչ միայն կազմակերպության, այլև ծրագրային ֆինանասական աուդիտ: Պարբերաբար ծրագրային և ֆինանսական աուդիտներ իրականացնելով՝ կազմակերպությունը տրամադրում է ռեսուրսների պատասխանատու կառավարման հստակ և շոշափելի ապացույցներ, ինչի շնորհիվ մեզ ֆինանսավորող գործընլերները կարող են վստահ լինել, որ իրենց ներդրումներն արդյունավետ են օգտագործվում, իսկ շահառուների համար տեսանելի կլինի, թե ՀԿ-ի ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման համար որքան գումար է տրամադրվում թև ծախսվում:

Ամենամյա ֆինանսական և ծրագրային աուդիտների եզրակացությունների վերաբերյալ այսուհետ կարող եք ծանոթանալ մեր կայքում։  

Ֆինանսական աուդիտի ավարտը և ամենամյա աուդիտ անցկացնելու հանձնառությունը վերահաստատում են «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նվիրվածությունը իր գործունեության մեջ թափանցիկությանը և ֆինանսական հաշվետվողականության բարձր մակարդակ ապահովելուն և պահպանելուն:

Օգոստոս 8, 2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին