EN
>

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ՀԿ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ ՀԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Սույն թվականի հոկտեմբերի 25-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության աշխատակազմը կազմակերպության գրասենյակում հյուրընկալեց Հավասար Իրավունքներ և Անկախ Լրատվամիջոցներ (ERIM) կազմակերպության ծրագրերի համակարգող Սանդրա Սյոգրենին և ծրագրերի պատասխանատու Տանիա Սքաալին՝ ներկայացնելով ERIM-ի կողմից ֆինանսավորված ծրագրի արդյունքները և ծանոթացնելով «Իրավունքի կողմ» ՀԿ-ի գործունեությանը։ 

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն հանդիսացել է Հավասար Իրավունքներ և Անկախ Լրատվամիջոցներ կազմակերպություն «Քովիդ-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շահառուն, որը մեկնարկել էր 2021 թվականի հունվարին և տևել 6 ամիս։ Ծրագիրն իրականացվել է Մարդու Իրավունքների Տուն Երևանի հետ համագործակցությամբ և նպատակ ուներ աջակցել քաղաքացիական հասարակությանը, անկախ ակտիվիստական համայնքին և լրատվամիջոցներին, որպեսզի վերջիններս կարողանան շարունակել իրենց աշխատանքները և խոցելի խմբերին տրամադրեն իրավական ու հոգեբանական աջակցություն համավարակի պայմաններում։ 

«Քովիդ-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակում «Իրավունքի կողմ» ՀԿ-ն աշխատակիցներին, խորհրդի անդամներին, տրանս կամավորներին և ակտիվիստներին տրամադրվել է 147 հոգեբանական խորհրդատվություն, բացի այդ կազմակերպության 6 աշխատակիցների և խորհրդի 3 անդամների համար կազմակերպվել է չորսօրյա վերականգնողական հանգիստ Դիլիջան քաղաքում: Հանգստի ընթացքում փորձի փոխանակման և փոխօգնության խմբերի միջոցով ՀԿ-ի անձնակազմը հնարավորություն է ունեցել հաղթահարել մասնագիտական այրումը և նոր ուժերով վերադառնալ աշխատանքի:

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության աշխատակազմը ներկայացրեց նաև ընթացիկ ծրագրերը և այն մարտահրավերները, որոնց բախվում են իրավապաշտպան կազմակերպությունները, Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքների ներկայացուցիչները տարածաշրջանում, իսկ ERIM-ի ներկայացուցիչները պատմեցին իրենց հետագա նախագծերի և դրամաշնորհային ծրագրերի մասին։ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը բարձր է գնահատում Հավասար Իրավունքներ և Անկախ Լրատվամիջոցներ կազմակերպության առաքելությունը և հույս ունի հետագայում ևս շարունակել արդյունավետ համագործակցությունը ուղղված քաղաքացիական հասարակության ամրապնդմանը և ժողովրդավարական սկզբունքների, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությանը:

Նոյեմբեր 11, 2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին