EN
>

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ՀԿ-Ն ՆՇՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Դեկտեմբերի 10-ը Մարդու Իրավունքների Միջազգային օրն է՝ ի նշան 1948 թվականին այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման: Ըստ Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի՝ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով (հոդված 1) և յուրաքանչյուր մարդ պետք է ունենա փաստաթղթում հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից (հոդված 2)։ 

Այս տարի Մարդու Իրավունքների Միջազգային օրվա խորագիրն է «Ազատություն, հավասարություն և արդարություն բոլորի համար», որը իրապես համապատասխանում է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության առաքելությանը, որը, որպես Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատողների համայնքահեն կազմակերպություն, արդեն 8 տարի զբաղվում է մարգինալացված խմբերի իրավունքների ու շահերի պաշտպանությամբ։ Անկախ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային օրենքով սահմանված իրավահավասարությանը՝  Հայաստանում Տրանս և ԼԳԲԻՔ անձինք շարունակում են բախվել խտրականության, ճնշման և բռնության իրենց կյանքի տարբեր ոլորտներում, ինչի վկայությունն էին ֆիզիկական բռնության փաստագրված դեպքերը այս տարվա ընթացքում: Հատուկ իրավական պաշտպանության, խտրականության դեմ օրենքի և փոփոխությունների հասնելու քաղաքական կամքի բացակայությունը սրում է համայնքի անդամների խոցելիությունը՝ հավերժացնելով անպատժելիության մթնոլորտը: 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն շարունակում է կանգնած լինել Հայաստանի Հանրապետությունում խոցելի խմբերի անդամների իրավունքների պաշտպանության առաջնագծում՝ ինչպես իրավաբանական օգնություն տրմադրելով, այնպես էլ պարբերաբար իրականացնելով մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնող արշավներ։ Այս տարի, ի նշան Մարդու Իրավունքների Միջազգային օրվա, մենք պատրաստել ենք հոլովակների շարք, որտեղ Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անհատները խոսում եմ օրվա կարևորության և իրենց անձնական փորձառության վերաբերյալ։ Իսկ այս տարվա ապրիլին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն ստեղծել էր քարտային խաղ՝ «Ճանաչիր քո իրավունքները» անունով, որը հնարավորություն է տալիս ստեղծարար և ինտերակտիվ եղանակով սովորել և հիշել մարդու 30 հիմնարար իրավունքները։

Մարդու Իրավունքների Միջազգային օրը ևս մի հնարավորություն է միավորելու մեր ձայները և կոչ անելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ապահովելու Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անհատների իրավունքների լիակատար պաշտպանությունը, մասնավորապես՝

– իրականացնել համապատասխան իրավական քայլեր ապահովելու տրասնգենդեր անձանց իրավական գենդերի ճանաչումը և անվանափոխությունը ՝ հիմնվելով ինքնորոշման իրավունքի, հոգևոր և ֆիզիկական անձեռնմխելիության վրա՝ վերացնելով հարկադրական բժշկական միջամտությունների պահանջը։

– թարմացնել իրավահավասարության մասին օրենքի նախագիծը` ներառելով խտրականության արգելքը` պայամանավորված գենդերային ինքնությամբ և գենդերային ինքնարտահայտմամբ։

– օրենքով ապահովել ատելության հիմքով հանցագործություններից և ատելության խոսքից տրանսգենդեր անձանց պաշտպանվածությունը, վարել միջադեպերի փաստագրումը և ինչպես ԵԱՀԿ մասնակից այլ երկրներ ներկայացնել հաշվետվություններ։

– ՀՀ կրթական համակարգում գործող ընթացիկ ուսումնական ծրագրերը տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից դարձնել ներառական և ուսուցանել ներառականություն, սեռականություն և գենդերային հիմնահարցեր:

– իրականցնել համապատասխան միջոցառումներ` տրանսգենդեր անձանց նկատմամբ կատարված բռնության, ատելության և խտրականության բոլոր դեպքերը արդարացիորեն ուսումնասիրելու համար։

– դադարեցնել ատելության, խտրականության եւ ծաղրանքի խրախուսանքը տրանսգենդեր անձանց հանդեպ` ԼԳԲՏ խնդիրների քաղաքականացման միջոցով:

Դեկտեմբեր 10, 2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին