EN
>

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ ՀԿ-Ն ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Այսօր՝ մարտի 8-ին, ամբողջ աշխարհը նշում է Կանանց միջազգային օրը, որի այս տարվա կարգախոսն է Invest in women: Accelerate progress՝ կարևորելով կանանց հզորացուման միջոցով բարեփոխումներին զարկ տալու գաղափարը։ Տարիներ շարունակ այս օրը համախմբել է կանանց՝ բարձրաձայնելու անարդարության մասին և պայքարելու հանուն գենդերային հավասարության: Որպես Տրանս  ԼԳԲԻՔ և սեքս աշխատողների համայնքահեն կազմակերպություն՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության առաքելությունն է բարձրաձայնել խնդիրների ու մարտահրավերների մասին, պաշտպանել իրավունքները և աշխատել՝ հանուն այս համայնքների բարեկեցության։ Հայաստանում հասարակության հայրիշխանական լինելը հանգեցնում է նրան, որ շատ հաճախ մեր երկրում գենդերային հիմնահարցերը մարգինալացված և անտեսված են, ինչի արդյունքում ամենից շատ տուժում են այն կանայք, ովքեր ունեն խաչվող ինքնություններ՝ ապրում են սոցիալական ծանր պայմաններում, խտրականության են ենթարկվում գենդերային ինքնության կամ սեռական կողմնորոշվածության կամ զբաղվածության պատճառով։ Տրանսգենդեր կանայք Հայաստանում շարունակում են ենթարկվել բռնության և խտրականության հանրային կյանքի բոլոր ոլորտներում, ինչպիսիք են բժշկական հաստատությունները, պետական ​​մարմինները, ոստիկանության ստորաբաժանումները, ուսումնական հաստատությունները, սպորտի և հանգստի վայրերը, ինչի ցավալի վկայություններն էին տրանս կանանց նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը անցած տարվա ընթացքում։ Հրապարակային բռնության կոչերը, ատելության խոսքը, մահվան սպառնալիքները, համատարած անպատժելիության մթնոլորտը սովորական երևույթներ են, որոնք ամրապնդվում են ոստիկանության կողմից անգործության արդյունքում։ Պետությունը նաև որևէ կերպ չի պաշտպանում ու հոգում սեքս աշխատող կանանց կարիքները, ընդհակառակը, հայտնվելով ոստիկանության բաժանմունքներում, վերջիններս կրկնակի խտրականության են ենթարկվում, քանի որ սեքս աշխատանքը ապաքրեականացված չէ, և հասարակության մեջ կա սեքս աշխատողների նկատմամբ կարծրատիպային վերաբերմունք։ Հայաստանում չի գործում գենդերի իրավական ճանաչման որևէ հստակ ընթացակարգ, ինչը կճանաչեր տրանս կանանց գենդերային ինքնությունը ու կազատեր նրանց շարունակական խարանից։ Տրանսֆոբիան և հոմոֆոբիան սրվում են գենդերային հավասարության և հավասարակշռության հասնելու համար քայլեր ձեռնարկելու քաղաքական կամքի բացակայության պատճառով:

Ինչպես բոլոր կանայք, այնպես էլ Տրանս ԼԲԻՔ անձինք և սեքս աշխատողները՝ որպես ՀՀ լիարժեք քաղաքացիներ, պետք է լինեն ընդունված և հարգված՝ անկախ գենդերից, սեռական կողմնորոշվածությունից, գենդերային ինքնությունից, ինքնաարտահայտումից, զբաղվածությունից և այլ սոցիալական պայմաններից:
Քանի դեռ մեզանից որևէ մեկն ազատ չէ, մեզանից ոչ մեկն ազատ չէ:

Ի սոլիդարություն աշխարհի բոլոր կանանց հետ,
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ

Մարտ 8, 2024 Հայաստան, Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին