EN
>

Ի ՀԻՇԱՏԱԿ ԱԴՐԻԱՆԱՅԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

2023 թվականի օգոստոսի 20-ին Երևան քաղաքի իր բնակարանում սպանվել էր տրանս կին Ադրիանան։ Ադրիանայի հիշատակը հարգելու համար հաջորդ օրը՝ օգոստոսի 21-ին, ժամը 20։00-ից Երևան քաղաքի Կոմիտասի անվան պուրակի տարածքում «Իրավունքի կողմ»  իրավապաշտպան ՀԿ-ի  կողմից կազմակերպվել էր մոմավառություն, որին մասնակցում էին կազմակերպության ղեկավարը, Ադրիանայի մայրը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը, Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական և մամուլի բաժնի ղեկավար Քրիս Փերկինսը, ոլորտում գործող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, շուրջ 40 ԼԳԲՏԻՔ համայնքի ներկայացուցիչներ և համակիրներ։ Մոմավառության ընթացքում, հարձակում է տեղի ունեցել 4 երիտասարդ անձանց կողմից, որոնց ձեռքերին եղել են ավազով լցված շշեր և հավկիթներ, սկսել են դրանցով հարվածել հավաքված անձանց, հայհոյել, սպառնալիքներ հնչեցնել՝ առաջացնելով տագնապ և խուճապ, և այնուհետև դիմել փախուստի։ Հարձակման հետևանքով վնասվածքներ են ստացել ԼԳԲՏԻՔ համայնքի մի քանի անձինք։ 

Դեպքի մասին ահազանգ է կատարվել ոստիկանություն, որտեղ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով՝ Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, որը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։ Այնուամենայնիվ, չնայած հարուցված քրեական գործին, անցած ամիսների ընթացքում որևէ քննություն չի կատարվել քննչական մարմնի կողմից և միայն 2024թ․ ապրիլ ամսին «Իրավունքի կողմ»  իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հրավիրվել է հարցաքննության և ճանաչվել տուժող։

Մենք շարունակելու ենք հետևել ինչպես այս, այնպես էլ այլ՝ Տրանս և ԼԳԲԻՔ անձանց մասնակցությամբ քրեական գործերի ընթացքին՝ հետևողականորեն փաստագրելով ու հավաքագրելով խտրականության դեպքերը, և ՀՀ ոստիկանությանը հորդորում ենք իրականացնել պատշաճ հետաքննություն և մեղավորներին պատժել օրենքի ողջ խստությամբ։

Մայսի 3, 2024, Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին