EN
>

Ի ՀԻՇԱՏԱԿ ԱԴՐԻԱՆԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՆՁԻՆՔ ՀԱՎԿԻԹՆԵՐ, ՇՇԵՐ ՈՒ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՎԱՔՎԱԾՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, ի հիշատակ նախորդ օրը իր իսկ բնակարանում դանակահարված ու ողջակիզված տրանս կնոջ՝ Ադրիանայի, երեկ՝ օգոստոսի 21-ին, ժամը 20։00-ին իրականացրել է մոմավառություն Երևանի Կոմիտասի անվան պուրակում։ Մոմավառությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը, Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական և մամուլի բաժնի ղեկավար Քրիս Փերկինսը, ոլորտում գործող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, Ադրիանայի ընկերները, հարյուրից ավելի ԼԳԲՏԻՔ ակտիվիստներ ու համակիրներ։ Ներկա էին նաև Ադրիանայի ընտանիքի անդամները։ 

Բազմիցս կրկնել ենք, որ Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ ատելության ու բռնության դեպքերը համապատասխան արձագանք չեն գտնում, ինչը արդեն իսկ հանգեցրել է անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը։ Ցավոք, անգամ այս ողբերգական պահին, երբ ԼԳԲՏԻՔ համայնքը և դաժանորեն սպանված տրանս կնոջ հարազատները իրենց ցավն ու վիշտն էին կիսում՝ խորհրդանշական մոմավառություն իրականացնելով, մի խումբ անձինք համարձակվեցին հարձակվել և հավկիթներ, շշեր, քար և ավազ նետել հավաքված անձանց ուղղությամբ՝ առաջացնելով տագնապ և խուճապ առանց այն էլ ծանր հոգեբանական դրության մեջ գտնվող մարդկանց մոտ։ Նշենք նաև, որ միջոցառման մասին նախօրոք «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ծանուցել էր ոստիկանություն, սակայն տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները ոչ մի կերպ չարձագանքեցին միջադեպին և մոտեցան միայն այն բանից հետո, որ ակտիվիստները իրենք մոտեցան և կանչեցին նրանց։ Միջադեպի մասին մոմավառությունից անմիջապես հետո «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ Կոչ ենք անում ոստիկանությանը անհապաղ հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մարդկային վիշտն անարգող և, անթաքույց ատելությամբ, բռնություն իրականացնող այդ անձանց, ինչպես նաև ուշադրություն կենտրոնացնել ու համապատասխան արձագանքի արժանացնել տրանս կնոջ սպանությունից ի վեր համացանցում շրջանառվող նորությունների տակ բռնությունը արդարացնող, ատելության խոսք, ֆիզիկական բռնության ու մահվան սպառնալիք պարունակող հազարավոր մեկնաբանությունները։ 

Օգոստոս 22,2023 Հայաստան Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին