EN
>

ԼԳԲՏԻՔ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐՈՎ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆՑՆԵԼՈՒ ԿՈՉԵՐ TIKTOK-ՈՒՄ

Մեկ շաբաթ առաջ՝ սույն թվականի հունիսի 13-ին, «@maxutka_arm» անունով գրանցված օգտատերը TikTok սոցիալական հարթակում տեղադրել է հրապարակում, որտեղ կոչ է անում բռնության ենթարկել ԼԳԲՏԻՔ անձանց։ Մասնավորապես, սույն օգտատերը գրել է, որ Երևանում ձևավորվում է նոր խմբավորում, որը քաղաքը ազատելու է  նույնասեռականներից, գրեք անձնական նամակ։ Հոլովակը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 37800 դիտում և 200-ից ավել մեկնաբանություն է հավաքել։ Մեկնաբանությունների ճնշող մեծամասնությունը ողջունել է նախաձեռնությունը, բազմաթիվ մարդիկ սպանության և բռնության կոչեր են արել, մի քանի տասնյակ մարդիկ պատրաստակամություն են հայտնել միանալ խմբին։ Որոշ օգտատերեր հանրայնորեն տրամադրել են իրենց հեռախոսահամարները կամ տելեգրամյան հաշվի անունը՝ կազմակերպվող խմբին միանալու համար, իսկ շատերը գրել են, որ նամակով են տեղեկացրել իրենց տվյալների մասին։ Մեկ այլ օգտատեր՝ «@xx_armiran_xx_official» անունով, մեկնաբանություններում առաջարկել է համագործակցել իրենց հետ,  քանի որ իրենք նույնպես պատրաստվում են բացել նման խումբ։  Նույն օրը «@maxutka_arm» օգտատերը տեղադրել է ևս մի տեսանյութ, որտեղ տեղեկացնում է, որ իրենք «14-15 տարեկան են, և միանալ ցանկացողները թող գրեն իրենց տվյալները՝ viber-ով խումբ ձևավորելու ու քննարկելու համար»։ Այս տեսանյութի մեկնաբանություններում նույնպես բազմաթիվ անձինք տրամադրել են իրենց տվյալները և ցանկություն հայտնել միանալ խմբին։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբանական թիմը այս հրապարակումների վերաբերյալ նյութեր է պատրաստում ՀՀ ոստիկանություն դիմելու համար։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն խիստ դատապարտում է սեռական կողմնորոշվածությամբ կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված բռնությունը   և հետամուտ է լինելու այս հրապարակումների հեղինակների բացահայտմանը և պատասխանատվության ենթարկելուն։ Ցանկանում ենք ընդգծել, որ վերջին տարվա ընթացքում նկատվում է Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ բռնության կոչերի և ֆիզիկական բռնության ենթարկելու դեպքերի աճ, ինչի վկայությունն են վերջին տարվա ընթացքում փաստագրված ֆիզիկական բռնության դեպքերը։  

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հետևողականորեն հավաքագրում և փաստագրում է Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ խտրականության և բռնության դեպքերը: Այս տարի ՀՀ քննչական կոմիտեն և TikTok-ը ձեռք են բերել համաձայնություն սոցիալական հարթակում հանացագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ, ուստի հորդորում ենք ՀՀ քննչական կոմիտեին պատշաճ հետաքննություն իրականացնել օրինախախտներին արագ հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու և Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամաբ բռնությունը հավերժացնող անպատժելիության մթնոլորտը վերացնելու համար։

Հուլիսի 20,2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին