EN
>

«ԼԳԲՏԻՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՈՒԺԸ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐՇԱՎՆԵՐ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն՝ Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի (CFLI) ֆինանսական աջակցությամբ, սույն թվականի հոկտեմբեր ամսին կազմակերպել էր ուսուցողական հանրային արշավներ ՀՀ տարբեր մարզերում բնակվող Տրանս ԼԳԲԻՔ համայնքի ներկայացուցիչների համար: Հանրային արշավներն անցկացվեցին «Փոփոխության ձայնը» երիտասարդական ակադեմիայի մասնակիցների կողմից, որոնք իրենց ստացած գիտելիքներով և հմտություններով կիսվեցին իրենց հասակակիցների հետ՝ խթանելով նրանց՝ երիտասարդական աշխատանքների և քաղաքացիական ակտիվիզմի մեջ ներգրավվածության մակարդակի բարձրացումը:

 

Ակտիվիստները մենթորների օգնությամբ նախօրոք քարտեզագրել էին քննարկվելիք թեմաները, մասնակիցներին և անցկացման վայրը, որպեսզի հանդիպումների շարքն անվտանգ և առավել արդյունավետ անցնի բոլորի համար։

Հոկտեմբեր ամսվա առաջին հանդիպումն իրականացավ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ համախմբելով տասնութ ԼԳԲՏԻՔ անձանց: Հանդիպման ընթացքում մասնակիցները տեղեկացան մրցունակ ծրագրերին և կրթաթոշակներին դիմելու և հաջողության հասնելու եղանակների մասին։ Մասնակիցները կարևորեցին հանդիպումը, քանի որ ծանոթ չէին միջազգային կազամկերպությունների կողմից տրամադրվող կրթական հնարավորություններին, որոնց շնորհիվ ՀՀ-ում բնակվող երիտասարդները կարող են սովորել և գործունեություն ծավալել ՀՀ սահմաններից դուրս։ Մասնակիցները խմբային աշխատանքի արդյունքում մշակեցին նոր ծրագիր, որը վերաբերում է ԼԳԲՏԻՔ անձանց կրթությանը և նշեցին, որ զարգացնելով գաղափարը՝ նրանք հետագայում կփորձեն ֆինանսավորում ստանալ։ Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին հանդիպման համար և կարևորեցին դրա շարունակական լինելը, քանի որ ցանկություն ունեն իրենց նպատակներն ի կատար ածել։

Շարունակելով հանդիպումների շարքը՝ հաջորդ հանդիպումն անցկացվեց Կոտայքի մարզում, որին մասնակցում էին 21 ԼԳԲՏԻՔ անձինք. հանդիպման թեման էր «ԼԳԲՏԻՔ անձանց իրավիճակը ՀՀ մարզերում. մեր հետագա քայլերը»։ Հանդիպան ընթացքում բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնց ԼԳԲՏԻՔ անձինք բախվում են գյուղական համայնքներում, նրանք ընդգծեցին, որ փորձում են ամեն կերպ թաքցնել իրենց ինքնությունը, լուռ դիմանում են նվաստացումներին և ճնշումներին, որպեսզի չենթարկվեն ֆիզիկական բռնության, չկորցնեն իրենց հարազատ-բարեկամների սերն ու հարգանքը։ Մասնակիցներից շատերը, կիսվելով իրենց անձնական պատմություններով, ավելացրին, որ ցանկանում են իրենց համայնքում փոփոխություններ կատարել, որ իրենց շրջապատի մարդիկ ընդունեն իրենց ինքնությունը և չխտրականացնեն ԼԳԲՏԻՔ անձանց, սակայն վախենում են, որ իրենց չեն ընդունի կամ ճիշտ չեն ընկալի։ Քննարկմանը հաջորդեց մտքերի փոխանակումն ու հետագա քայլերի մշակումը: Հնադիպման ավարտին մասնակիցներից մեկը նշեց. «այս ձևաչափով քննարկումները մեզ ավելի են մոտիվացնում, ես ինձ ուժեղ եմ զգում, երբ այսքան շատ մարդ եմ տեսնում իմ կողքին, մեզ համար հաճախակի կազմակերպեք նման միջոցառումներ»։ Հանդիպումը ոգևորիչ էր և կրթական։

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Արմավիրի մարզում, որին ներկա էին Արմավիրի մարզի տարբեր գյուղերից քսաներեք ԼԳԲՏԻՔ անձինք։ Հանդիպման թեման էր «հաղորդակցման հմտություններ. խոչընդոտների հաղթահարում»։ Մասնակիցներից շատերին բախտ էր վիճակվել ծանոթանալու Երևան քաղաքում գործող տարբեր ՀԿ-ների աշխատանքներին և ներառվել ակտիվիզմի մեջ, սակայն կային անձինք, որոնք Երևան գնալու և տարատեսակ կրթական միջոցառումներին մասնակցելու հնարավորություն չունեն: Կարևոր է, որ ՀԿ-ներն իրենց գործողությունների մի մասը կենտրոնացնեն մարզաբնակ ԼԳԲՏԻՔ համայնքի ներկայացուցիչներին ներգրավվելու վրա։ Ակադեմիային մասնակցած ակտիվիստներից երկուսը փորձարկեցին ստացած գիտելիքները դերային խաղերի և ուսանելի օրինակների միջոցով, կիսվեցին իրենց գիտելիքներով և հաղորդակցման ունակությամբ: Մարզաբնակ ԼԳԲՏԻՔ անձինք ցանկություն հայտնեցին մասնակցելու հաջորդ ակադեմիային, որ իրենք էլ իրենց հերթին կրթեն իրենց հասակակիցներին։

Գեղարքունիքի մարզում բնակվող երկու ակտիվիստներ պատրաստակամություն էին հայտնել հաջորդ արշավը կազմակերպել Սևան քաղաքում, որի ընթացքում նրանց հաջողվել էր համախմբել ԼԳԲՏԻՔ համայնքի քսանվեց անդամների և համակիրների։ Հանդիպան ընթացքում մասնակիցները խոսեցին անվտանգությունից և ինքնապաշտպանությունից։ Մարզերում բնակվող ԼԳԲՏԻՔ անձանց համար անվտանգությունը հույժ կարևոր հարց է: Անհրաժեշտ է լինել ավելի տեղեկացված, միասին պայքարել մեր իրավունքների խթանման համար, պաշտպանել ինչպես մեզ, այնպես էլ այլոց։ Հանդիպումը կարևոր էր բոլորի համար, քանի որ համայնքի յուրաքանչյուր անդամ և համայնքին պաշտպանող յուրաքանչյուր անհատ բախվում է ֆիզիկակական և հոգեբանական անվտանգության խնդրին:

Ամփոփելով հանդիպումների շարքը՝ վերջին միջոցառումը կազմակերպվել էր Գյումրի քաղաքում, որին մասնակցում էին 17 ԼԳԲՏԻՔ անձինք: Հանդիպումը ԼԳԲՏԻՔ անձանց ընտանիքներում ընտանեկան բռնության կանխարգելման եղանակների վերաբերյալ էր: ԼԳԲՏԻՔ անձինք խոսեցին իրենց անձնական կյանքից՝ ներկայացնելով, թե ինչպես են խտրականության ենթարկվելով շարունակում ապրել իրենց ընտանիքներում։ Ակտիվիստների հետ հանդիպմանը ներկա էին նաև ԼԳԲՏԻՔ անձանց ծնողներից երկուսը, որոնք ընդունել էին իրենց երեխաներին այնպիսին, ինչպիսին նրանք կան: Ծնողները խոսեցին ծնող-երեխա փոխարաբերություններից, կիսվեցին ծնողների հետ հաղորդակցվելու հատուկ հմտություններով, ընդգծեցին, որ միշտ կանգնած են բռնության ենթարկված յուրաքանչյուր անհատի կողքին։ Հանդիպումը հուզիչ էր, սակայն շատ կարևոր բոլորի համար։

Դեկտեմբերի 08,2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին