EN
>

«ԼԳԲՏԻՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՈՒԺԸ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐՇԱՎՆԵՐ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն՝ Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի (CFLI) ֆինանսական աջակցությամբ, կազմակերպում է ուսուցողական հանրային արշավներ ՀՀ տարբեր մարզերում և Երևանում բնակվող Տրանս ԼԳԲԻՔ համայնքի ներկայացուցիչների համար՝ բարձրացնելու նրանց իրազեկվածության մակարդակը ատելության խոսքից, ատելության հիմքով հանցագործություններից և խտրականությունից պաշտպանվելու մեխանիզմների վերաբերյալ: Հանրային արշավները կազմակերպվում են «Փոփոխության ձայնը» երիտասարդական ակադեմիայի մասնակիցների կողմից, ովքեր իրենց ստացած գիտելիքներով և հմտություններով կիսվում են համայնքի ներկայացուցիչների հետ, նպաստում են նրանց՝ երիտասարդական աշխատանքների և քաղաքացիական ակտիվիզմի մեջ ներգրավվելուն:

2021 թվականի սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էին թվով 10-ը ԼԳԲՏԻՔ+ անձինք և համախոհներ: Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի զբոսայգիներից մեկում, որի ընթացքում մասնակիցները քննարկում ունեցան ֆեմինիստական շարժման վերաբերյալ: Նրանք ներկայացրին, թե ինչ է իրենց համար ֆեմինիզմը և ինչու պետք է ֆեմինիզմն աշխարհում առաջատար շարժումներից մեկը լինի, այնուհետև մասնակիցները կատարեցին փոքրիկ գործնական աշխատանք, որի արդյունքում ներկայացրին իրենց հայտնի ֆեմինիստների ակտիվիստական գործունեության մասին, խոսեցին նաև Հայաստանում ֆեմինիստական շարժման մեջ տրանսգենդեր անձանց ներգրավվածության և դրա կարևորության մասին։ Հանդիպման ավարտին մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով և ցանկություն հայտնեցին, որպեսզի նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ կրեն:

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էին Տրանս ԼԳԲԻՔ համայնքի թվով 11 ներկայացուցիչներ, որոնք Երևան էին ժամանել ՀՀ տարբեր մարզերից։ Հանդիպման ընթացքում մասնակիցները՝ բաժանվելով խմբերի, կատարեցին գործնական աշխատանք, որի արդյունքում ներկայացրին այն խնդիրները, որոնց բախվում են իրենց առօրյա կյանքում, մասնավորապես՝ հասարակության կողմից խարանի և խտրականության և ընտանեկան բռնության դեպքերը, առողջապահական, կրթական և իրավական համակարգերի բացերը: Մարզաբնակ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին հանդիպմանը իրենց ներգրավվելու համար, առաջարկեցին, որ նմանատիպ միջոցառումներն անցկացվեն նաև մարզերում՝ ավելի շատ անձանց ներգրավվելու համար։

Շարունակելով հանդիպումների շարքը՝ սեպտեբերի 13-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն անցկացրեց ևս մեկ հանդիպում՝ Երևանից և մարզերից ժամանած ԼԳԲՏԻՔ+ համայնքի այն ներկայացուցիչների համար, որոնք երբևէ չէին մասնակցել նմանատիպ միջոցառումներին: Մասնակիցներն ընդգծեցին, որ ցանկանում են ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն ստանալ, սակայն, գենդերային ինքնության հիմքով խտրականության, ծաղրանքների և բռնության պատճառով հաճախ չեն կարողանում: Ակադեմիային մասնակցած ակտիվիստները կիսվեցին իրենց փորձով և պատմություններով, մասնակիցներին հորդորեցին երբեք չվախենալ և շարունակել պայքարել՝ հանուն իրենց բարեկեցիկ ապագայի: Հանդիպմանը ներկա էր նաև «Իրավունքի կողմ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավարը, ով ներկայացրեց ՀԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները (ինչպիսիք են կրթական դասընթացները, համակարգչային և անգլերենի դասընթացները) և մասնակիցներին խրախուսեց (հնարավորության դեպքում) օգտվել ծրագրերից:

Սեպտեմբերի 17-ին բուլինգի թեմայով կազմակերպված հանդիպում-քննարկմանը ներկա էին Տրանս ԼԳԲԻՔ համայնքի թվով 10-ը ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում մասնակիցները կիսվեցին ուսումնական հաստատություններում իրենց գենդերային ինքնության և սեռական կողմնորոշվածության հիմքով իրենց հետ պատահած խարանի և խտրականության դեպքերով, խոսեցին նաև բռնության և ատելության հիմքով հանցագործությունների մասին: Տարիներ շարունակ ենթարկվելով հոգեբանական ծանր ճնշումների՝ մասնակիցներից երեքը նշեցին, որ այդպիսի դեպքերի պատճառով նրանք դադարեցրել են իրենց ուսումը և չեն ցանկանում շարունակել: «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն, հավաքագրելով բոլոր բարձրաձայնված դեպքերը, մասնակիցներին առաջարկեց օգտվել կազմակերպության կողմից տրամադրվող կրթական ծրագրերից, իրավաբանական և հոգեբանական աջակցությունից: Քննարկման ավարտին մասնակիցների միջև անցկացվեց փոքրիկ խաղ, որի ընթացքում ներկա գտնվողները բարձրաձայնում էին իրենց բնորոշող հատկանիշները և փորձում էին հասկանալ, թե ինչպես կարող են ներգրավված լինել ակտիվիզմի և շահերի պաշտպանության մեջ: Ակադեմիային մասնակցած համայնքի անդամներն էլ խոստացան օգնել և առաջնորդել նրանց՝ իրենց գործունեության ընթացքում:

Իսկ արդեն սեպտեմբերի 28-ին երիտասարդական ակադեմիայի մասնակից Վահե Բաբայանն իրականացրեց հանդիպում-քննարկում՝ ներգրավվելով 10-ը Տրանս և ԼԳԲԻՔ անձանց ՀՀ տարբեր մարզերից և մայրաքաղաք Երևանից: Հանդիպման թեման էր ընտանեկան բռնությունը: Ակադեմիայից ստացած գիտելիքները Վահե Բաբայանը փոխանցեց հանդիպմանը ներկա գտնվող մասնակիցներին` վեր հանելով մի շարք խնդրիներ, որոնց գրեթե ամեն օր բախվում են Տրանս ԼԳԲԻՔ անձինք իրենց ընտանիքներում: Մասնակիցները ստացան այնպիսի գիտելիքներ, որոնք հետագայում կօգտագործեն իրենց ընտանիքներում խարանը և խտրականությունը նվազեցնելու համար: Հանդիպման ավարտին մասնակիցները գրեցին անհատական պատմություններ՝ «Իմ եսը» վերնագրով, որոնք հետագայում կներառվեն անհատական պատմությունների գրքույկում: Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Վահե Բաբայանին նմանատիպ հանդիպում կազմակերպելու և սույն ծրագրում իրենց ներառելու համար:

#CFLIforEquality
#LGBTIQPeerPower
 

Սեպտեբերի 28, 2021 Հայաստան Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին