EN
>

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՃԱՆԱՉՎԵՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Տրանսգենդերներ Ն․Ա․-ն և Մ․Ս․-ն, ինչպես նաև Մ․Ե-ն 2018 թվականի հունիս-օգոստոս ամիսներին հաճախել են Երևան քաղաքի Կորյունի 21 հասցեում գտնվող և ԱՁ Լիանա Սաֆարյանի կողմից շահագործվող <<Մալի>> սպորտային ակումբ։

2018 թվականի օգոստոս ամսին Լիանա Սաֆարյանը հայտնել է, որ նրանք այլևս չեն կարող այցելել իր սպորտային ակումբ մարզվելու, քանի որ նրանք տրանսգենդեր անձինք են, և արգելվում է վերջիններիս մուտքն այդ ակումբ:

2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին <<Իրավունքի կողմ>> իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից Լիանա Սաֆարյանին ուղարկվել են նամակներ, որոնցով խնդրվել է հայտնել սպորտային ակումբ մարզվել արգելելու հիմքերի մասին, սակայն վերջինս տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է հայտնել արգելքի իրավական հիմքերը:

Դրանից հետո «Իրավունքի կողմ» ԻՀԿ փաստաբանը դիմել է դատարան՝ խնդրելով ճանաչել տրանսգենդեր անձանց իրավունքների խախտումը խտրականության հիմքով։

Շուրջ երկուսուկես տարի տևած դատական գործընթացից հետո, 18․03․2021թ․-ին դատարանը կայացրեց արդարացի դատական ակտ՝ ճանաչելով Ն․Ա․-ի, Մ․Ս․-ի և Մ․Ե․-ի իրավունքների խախտումը խտրականության հիմքով։

Վճռում դատարանը մասնավորապես նշել է, որ. «Գործի առանձնահատուկ փաստերով հիմնավորվել է, որ Հայցվորներն արժանացել են խտրական վերաբերմունքի, քանի որ մյուս հաճախորդների հետ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում վերջիններիս նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվել են ակումբ այցելելու և Պատասխանողի հետ կնքված ծառայությունների մատուցման գործարքից ծագող իրավունքներից։ Հետևաբար, Դատարանը եկել է այն հետևության, որ գործով ապացուցվել են նաև բացառապես սեռական կողմնորոշման և (կամ) գենդերային ինքնությամբ պայմանավորված Պատասխանողի կողմից Հայցվորների իրավունքների խախտման, բացառապես խտրականության հիմքով <<Մալի>> սպորտային ակումբի ծառայություններից օգտվելը Հայցվորներին արգելելու փաստերը»:

Ապրիլի 28,2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին