EN
>

ԿԱՅԱՑԱՎ ՏՐԱՆՍ ԵՎ ԼԳԲԻՔ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԸ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ սույն թվականի հուլիսի 3-ին կազմակերպել էր Տրանս և ԼԳԲԻՔ Համերաշխության առցանց ֆորում, որը նպատակ ուներ համախմբել տարածաշրջանի Տրանս և ԼԳԲԻՔ համայնքի ներկայացուցիչներին, Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տրանս ակտիվիստներին՝ խթանելու փորձի և գիտելիքների փոխանակումը և ամրապնդելու համերաշխությունը ԼԳԲՏԻՔ անձանց շրջանում:

Տրանս և ԼԳԲԻՔ Համերաշխության առցանց ֆորումը մոդերացնում էր Միլենա Աբրահամյանը, իսկ բանախոսներն էին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը Հայաստանից, Քորրաս խմբի հիմնադիր անդամ Զաքարիա Նասերը Լիբանանից և տրանս ակտիվիստ Քանիքեյ Քըզըն Ղրղզստանից։ Լիլիթ Մարտիրոսյանը իր խոսքում ներկայացրեց իրավիճակը Հայաստանում՝ անդրադառնալով տարածաշրջանում ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ճգնաժամին և դրա հետևանքներին, իրավապաշտպաների նկատմամբ սաստկացող ճնշումներին և տրանս անձանց նկատմամբ շարունակական բռնության և խտրականության դեպքերին։ Զաքարիա Նասերը ներկայացրեց, թե ինչպես է Լիբանանի ծանր տնտեսական դրությունը (այս տարվա մարտին Լիբանանի տարեկան գնաճը հասել է 264 տոկոսի) բացասական ազդեցություն թողել ԼԳԲՏԻՔ անձանց կյանքի և ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ֆինասավորման աղբյուրներ գտնելու վրա։ Ապա տրանս ակտիվիստ Քանիքեյ Քըզըն մասնակիցներին ծանոթացրեց Կենտրոնական Ասիայի երկրների իրավիճակին՝ հանգամանալից անդրադառնալով յուրաքանչյուր երկրում տրանս անձանց խնդիրներին և իրավական դրությանը։ Նա նշեց, որ չնայած առանձին երկրների միջև տարբերություններին, ամբողջ աշխարհում տրանս անձանց խնդիրները բավականին նման են, և դրանց լուծում տալու համար շատ կարևոր են փորձի փոխանակման նմանատիպ հանդիպումները։ Բանախոսների ելույթներին հաջորդեց ինտերակտիվ հարց ու պատասխանի մաս, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան անմիջականորեն ներգրավվել երկխոսության մեջ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։  

Կազմակերպելով նման միջոցառումներ՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն նպատակ ունի ստեղծել հարթակ նոր կապեր հաստատելու, փորձի փոխանակման և միմյանց ակտիվիզմից ներշնչվելու համար: Մենք հավատում ենք, որ, միավորվելով և միմյանցից սովորելով, կարող ենք ստեղծել ավելի ներառական և աջակցող միջավայր բոլոր ԼԳԲՏԻՔ անձանց համար ամբողջ աշխարհում:

Հուլիսի 27,2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին