EN
>

ԿԱՅԱՑԵԼ Է «ԿԱՆԱՅՔ* ԲԱԶՄԱԶԱՆ ԵՆ. ԳԵՆԴԵՐ-ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐԸ»

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Հավասարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Կանայք* բազմազան են. գենդեր-ներառական հզորացման ճամբարը», որը նպատակ ուներ տրամադրել առաջնորդության հմտություններ և հզորացնել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անձանց: Այս ճամբարը հանդիսանում էր «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող Տրանս ճամբարների շարունակությունը և այս տարի անցկացվեց ակադեմիայի ձևաչափով, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին ավելի խորությամբ ուսումնասիրել և ստանալ համապարփակ գիտելիքներ գենդերային հիմնահարցերի, տարածաշրջանում ԼԳԲՏԻՔ ակտիվիզմի, մարդու իրավունքների, ֆեմինիզմի և այլ օրակարգային թեմաների շուրջ։  «Կանայք* բազմազան են. գենդեր-ներառական հզորացման ճամբար»-ին մասնակցում էին շուրջ 30 տրանս, ոչ բինար և կին նույնականացող անձինք, նրանց ընտանիքի անդամները, ակտիվիստներ, ֆեմինիստական շարժման անդամներ, ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ, համակիրներ և այլ հետաքրքրված անձինք։ 

                       


Ճամբարի առաջին օրը մեկնարկեց մարդու իրավունքների վերաբերյալ պանելային քննարկումով, որի ընթացքում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբան Սոնա Հարությունյանը ներկայացրեց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը և իրավունքների ոտնահարման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ հմտություններ, ինչպես նաև նշեց, թե ինչ կարևոր փոփոխություններ են տեղ գտել նոր քրեական օրենսգրքում։ Ապա խմբային քննարկումների միջոցով մասնակիցները վերլուծեցին Հայաստանում տրանս և ԼԳԲԻՔ շարժման իրավիճակը և թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել դրա հզարացման համար։ Տեղի ունեցան հանդիպումներ սեքս աշխատողների համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկումներ ակտիվիզմի նորարարական պրակտիկաների և արդյունավետ հաղորդակցման կարողությունների զարգացման վերաբերյալ։ Ակադեմիայի երկրորդ օրը տեղի ունեցավ պանելային քննարկում ոլորտի կազմակերպությունների  ներկայացուցիչների հետ՝ Տրանս Անձանց Պաշտպանության Գլոբալ հիմնադրամի, Փինք իրավապաշտպան ՀԿ-ի, Ծնողներ Հանուն Հավասարության ՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը մոդերացնում էր «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին, թե ինչ ծառայություններ են մատուցում շահառուներին, ինչպես կարող են ԼԳԲՏԻՔ համայնքի անդամները և համակիրները համագործակցել իրենց հետ և լսեցին ճամբարի մասնակիցների առաջարկությունները։ Քննարկումներ ծավալվեցին Տրանս և ԼԳԲԻՔ անձանց շարունակական խտրականության և բռնության դեպքերի կանխարգելման, տուժածներին աջակցման արդյունավետ և արագ արձագանքման մեխանիզմների մշակման վերաբերյալ։  Պանելային հանդիպումից հետո ծավալվեցին քննարկումներ ֆեմինիզմը և տրանսֆեմինիզմը Հայաստանում, առաջնորդություն և շահերի պաշտպանություն, գենդերայինն ինքնություն և սեռական կողմնորաշվածություն թեմաներով։ Պանելային հանդիպումներից յուրաքանչյուրի վերջում մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց ուղել իրենց հուզող հարցերը ներգրավված բանախոսներին և ստանալ պատասխաններ։ Բացի այդ, երկօրյա ճամբարը  մասնակիցների համար հնարավորություն ստեղծեց խոսելու ԼԳԲՏԻՔ համայնքում ներանձնային խնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին, ինչի արդյունքում նրանք ամուրապնդեցին իրենց կապերը։

«Կանայք* բազմազան են. գենդեր-ներառական հզորացման ճամբար»-ի ավարտին Լիլիթ Մարտիրոսյանը հանդես եկավ փակման խոսքով, հանձնեց վկայականներ, բոլոր մասնակիցներին շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակցության համար՝ նշելով կրթության և ինքնակրթության մեծ կարևորությունը ազատ, ժողովրդավար երկիր և ներառական հասարակություն կառուցելու գործում, ապա հավելեց, որ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, լինելով առաջին Տրանս կազմակերպությունը ՀՀ-ում և Կովկասում, ջանք ու եռանդ չի խանայելու հետագայում նույնպես իրականացնել կրթական ծրագրեր, որոնք կհանգեցնեն բարեփոխումների ի շահ Տրանս ԼԳԲԻՔ անձանց, որպեսզի համայնքի անդամներն ապրեն անվտանգ և բարեկեցիկ կյանքով։

Սեպտեմբեր 06, 2023  Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին